Լրահոս
Օրվա լրահոսը

Ցուցմունքում նշել է, որ մեքենան ինքը չի վարել 4 մարդու մահվան պատճառ դարձած ավտովթարի պահին. սուտ մատնության համար մեղադրանք է առաջադրվել

Նոյեմբեր 14,2019 17:03

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ ՃՏՀ քննության բաժնում քննություն է տարվում՝ Իսակովի պողոտայում տեղի ունեցած մահվան ելքով պատահարի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախաքննության ընթացքում իրկանացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ:

Դեպքը տեղի է ունեցել 2018թ. դեկտեմբերի 26-ին. ժամը 23:30-ի սահմաններում Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտայում «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան, բախվելով ճանապարհի բաժանարար բետոնե պատնեշին, դուրս էր եկել հանդիպակաց ուղեմաս և ընդհարվել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով վերջինիս վարորդը՝ էդվարդ Քոչարյանը, ուղևոր Նվեր Մելքոնյանը տեղում մահացել էին, իսկ նույն ավտոմեքենայի մյուս ուղևորը և «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայում գտնված երկու անձինք, ստացած մարմնական վնասվածքներով, տեղափոխվել էին «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղ մահացել էին նաև տուժածներից ևս երկուսը:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ՃՏՀ քննության բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով:

Միաժամանակ, ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնում 2019թ. հունվարի 8-ին քաղաքացուց հաղորդում էր ստացվել՝ իրեն պատկանող «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան առևանգելու վերաբերյալ: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ վթարի ենթարկված վերոհիշյալ «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան պատկանում է ավտոմեքենայի առևանգման վերաբերյալ հաղորդում տված քաղաքացուն: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածի 2-րդ մասով և այն ուղարկվել ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին՝ նախաքննություն կատարելու համար:

Որոշում է կայացվել նշված քրեական գործերը միացնելու և Երևան քաղաքի քննչական վարչության ՃՏՀ քննության բաժնում համատեղ քննություն կատարելու վերաբերյալ՝ բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն ապահովելու անհրաժեշտությունից ելնելով:

Քրեական գործի նախաքննության ընթացքում կատարվել են մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողություններ, ինչպես նաև՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ. ճանապարհատրանսպորտային դեպքի վայրի, «Լեքսուս» և «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենաների զննություններ, հարցաքննություններ, առգրավվել են դեպքի վայրում առկա տեսանկարահանող սարքերի տեսագրությունները և ենթարկվել զննության:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել են դատաբժշկական, դատաավտոտեխնիկական, դատահետքաբանական, դատանյութագիտական, դատամանրաթելային և դատակենսաբանական համալիր փորձաքննություններ, որոնց եզրակացություններն ստացվել են:

Արդյունքում՝ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ հարցաքննությունների ընթացքում «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայում գտնված տուժածներից մեկը՝ ծնված 1989 թվականին, ով քրեական գործի շրջանակներում ի սկզբանե ունեցել է վկայի դատավարական կարգավիճակ, գիտակցելով, որ իր կողմից տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, քրեական պատասխանատվությունից խուսափելու նպատակով, իր ցուցմունքներում տրամադրել է իրականությանը չհամապատասխանող, կեղծ տեղեկատվություն՝ նշելով, որ ավտովթարի պահին «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան ինքը չի վարել, այլ՝ իր հետ նույն ավտոմեքենայում գտնված և գործով տուժող մյուս անձը, ով մահացել էր հիվանդանոցում:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 1989թ. ծնված տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930