Լրահոս
Օրվա լրահոսը

Իմ 22 օրվա ապօրինի ազատազրկումը համարում եմ պատանդ քաղաքական իշխանություններին. Արսեն Բաբայան

Նոյեմբեր 14,2019 16:09

«Այս ամբողջ գործողությունները միտված են մեկ նպատակի՝ հասնել Հրայր Թովմասյանի կամ հրաժարականին, կամ որևէ այլ եղանակով նրան պաշտոնից ազատելուն: Դրա հետ կապված քաղաքական իշխանությունը կանգ չի առնում որևէ միջոցի առաջ»,- լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը: Նշենք, որ ՀՀ  դատախազությունը փոխել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի խափանման միջոցը

Արսեն Բաբայանն ասաց, որ այսուհետ զբաղվելու է իրավապաշտպան գործունեությամբ: Անդրադառնալով իր գործին՝  նա ասաց. «Ով կլինի ազատազրկված, խոշտանգված և այլ կարգավիճակում, այս իշխանությունների համար մարդն արժեք չունի: Ենթադրում էին, որ մի երկու օր նստի, խելքը գլուխը կհավաքի, բայց տեսնում են, որ 22 օր նստեց, խելքը վաղուց գլուխը հավաքած էր, հետևաբար ես իմ 22 օրվա ապօրինի ազատազրկումը համարում եմ, որ ես պատանդ եմ քաղաքական իշխանությունների համար»:

Արսեն Բաբայանն ասաց, որ օրենքով նախատեսված բոլոր հնարավորություններով և միջոցներով պայքարելու է գործի վերջնական հանգուցալուծման համար: Նա պնդեց՝ այս փուլում պիտի լինի քրեական գործի կարճումը, քանի որ ի սկզբանե ապօրինի էր այն հարուցված:

Նա նշեց՝ ի սկզբանե էլ պարզ էր, որ իր դեմ կատարվածը քաղաքական գործընթաց է, ոչ թե իրավական և հավելեց. «Քրեական գործ հարուցելու որոշումը չէր կարող գոյություն ունենալ այն պատճառով, որ համաներման մասին օրենքով նախատեսվում է, որ քրեական գործ չպետք է հարուցվի այն բոլոր արարքների դեպքում, որոնք նախատեսում են մինչև 4 տարի ազատազրկում: Համաներման օրենքն ինձ իմ գործողություններում կամ ընդհանրապես քրեական գործի շրջանակում ամենաքիչն է հետաքրքրում: Ձերբակալության հիմքում դրվել էր թաքնվելու վտանգը: Եթե մի արարք, որը որևէ դեպքում չի նախատեսելու պատիժ, ո՞վ և ինչո՞ւ պիտի փախչեր»:

Արսեն Բաբայանը խոսեց տեսակցությունների արգելքի անհասկանալիության մասին: Այս առիթով փաստաբան Լուսինե Սահակյանն ասաց՝ իր համար տարօրինակ է այն, որ այս առիթով վարույթն իրականացնող մարմնի ղեկավարը հայտարարում է, թե թյուրիմացություն է տեղի ունեցել.  «Այսինքն՝ թյուրիմացաբար մարդու իրավունքներ են խախտել: Այդ դեպքում պետք է լինի համապատասխան պատասխանատվություն այն անձի, որը խախտել է այդ անձի իրավունքները: Իրենք ընդունում են, որ ի սկզբանե այդ արգելքը սահմանելու իրավունք չեն ունեցել, բայց սահմանվել է: Տարիներ հետո կարող են ասել, թե Արսեն Բաբայանը թյուրիմացաբար է նստել: Մինչդեռ յուրաքանչյուր այսպիսի քաղաքական գործերով մի քանի ատյաններում քննարկվում է հարցը. այստեղ թյուրիմացությունը բացառում եմ: Եթե կա թյուրիմացություն, պիտի լինեն անձինք, որոնք կենթարկվեն պատասխանատվության»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930