Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մեզ սպասվում են ժամանակներ, երբ բացվելու է քաղաքական առումով ֆրիլանսեր իշխանության իշխանապահպանման գործիքակազմի ողջ գունապնակը. Վլադիմիր Մարտիրոսյան

Նոյեմբեր 14,2019 16:06

30 տարվա կրթական համակարգին որպես «թամադա պատրաստողներ» որակելուց առաջ միգուցե հարկ էր մի քիչ մտածել այն մասին, որ վիրավորել նույն պատրաստողներին սխալ է, որովհետև նրանք «ինժեներական» ճշգրտությամբ են տեսնում ձեր ձախողումների և սնանկության մակարդակը:

Ասելիքս շատ է, բայց նորից գամ սկզբից, որովհետև ամեն ինչի հիմքում ընկած է սկիզբը: Ի վերջո պետք է հասկանանք մեկ բան, որ այսօր մենք ունենք մի իշխանություն, որը ընտրվել է ոչ թե նրա համար և այն հիմքով, որ իրականացնի մի այնպիսի քաղաքականություն, որն իր ընտրողների հետ համաձայնեցրել է և դրա արդյունքում նաև հավանություն է ստացել այն իրականացնելու համար:

Դրան գումարած որևէ այլ հոդաբաշխ, էլ չեմ ասում որևէ կոնցեպտուալ սեփական քաղաքական տեսլականը և դրա հիմքում ընկած տեխնոկրատական ու գաղափարաբանական առաքելությունը հիմնավորող միտք և լուծում չի առաջադրվել ընտրողների կամ որևէ ընտրողի դատին:

Հետևաբար, ընտրողը չի գնահատել և արդյունքում նաև արժևորել այսօրվա իշխանության կառավարչական, արարչական, մասնագիտական և քաղաքական ստեղծարար հետագիծը և պոտենցիալը: Արդյունքում ամեն օր քաղաքական լրահոսում հայտնվող ոլորտային քաղաքականության նոնսենսային, ոչ կոմպետենտ որոշումներին և լուծումներին շատերը արձագանքում են զարմանքով և հիասթափությամբ, սակայն չեն խորանում նաև դրա պատճառների մեջ: Պատճառները շատ են, իսկ թերևս ամենակարևոր պատճառը այն է, որ «մենք» ընտրել ենք իշխանություն, որի ֆունկցիոնալության հնարավորություններից և օգտակար գործողության գործակցից՝ ՕԳԳ-ից, բացարձակապես անտեղյակ էինք. երբ նրանց վստահում էինք երկրի կառավարում և որոշումների ընդունման սուպերպատասխանատու գործը: Իսկ հիմա տեսնում ենք, որ ամեն օր նրանք սրբագրում և վազում են իրենց կողմից ընդունված որոշումների բացասական արդյունքի հետևից, այլ ոչ թե առջևից:

Սա քաղաքական մի գործընթաց է որի տեսական և պրակտիկ խոտանային հիմքերի մասին ես խոսում եմ մեկ ու կես տարուց ավել:

Իշխանությունների բազմաթիվ սխալների, հապճեպության, չմտածված և ողջ պետության, հասարակության համար պատասխանատու լինելու և հանուն սեփական քաղաքական դիվիդենտի վերջինին չմասնատելու ընկալումը չի փոխվել: Այն ոչ միայն այլևս չի աշխատում, այլև արդեն դադարել է դիվիդենտ բերել: Դեռ ավելի հակադարձ ռեակցիա է առաջացնում,որը արտացոլվում է նույն ընտրողների տրամադրության և իշխանությունների դրական ընկալման առումով:

Մեզ սպասում են ժամանակներ, երբ քաղաքական մրցակցության ժամանակ, որը սարերի հետևում չէ, այլևս բացվելու է քաղաքական առումով ֆրիլանսեր բնույթ ունեցող իշխանության իշխանապահպանման գործիքակազմի ողջ գունապնակը կամ ներկապնակը: Իսկ այն «հեղափոխաբեկումը», որն ըստ իս՝ այլևս փաստ է և սկսել է նյադայնացնել, իսկ ավելի հեռատեսներին տագնապեցնել իշխանական էշելոններում՝ շատ ակներև է: Հասկանալի պատճառներով, նրանք դա քողարկում են թուր ճոճելով, կույր անբարտավանությամբ և հանցավոր անհեռատեսությամբ:

Մինչդեռ, հասարակության գերակշիռ մասը ակնկալում էր ոչ միայն ամենաբարձր անձնազոհություն, այլև, օրինակ, որ իշխանական էշելոններում կանեն ամենահրատապ քայլերը: Սակայն դրա փոխարեն նրանք վատնում են ամեն ինչ, ինչն էլ ինտելեկտուալների մոտ հաճախ մտահոգությունների տեղիք է տալիս: Իսկ քանի որ այդ ամենն արտահայտվում է տարբեր մտքերի տեսքով, ապա նրանց ատում են այնպես, ինչպես ատում էին սև-սպիտակի բաժանման ժամանակ: Ինտելեկտուալներն առնվազն ակնկալում են համարժեք քայլեր, իսկ հիմա մտածում են ոչ միայն խորհուրդներ տալու, այլև՝ գուցե ընդհանրապես չտալու մասին: Զարմանում են, թե ինչու՞ չեն լսում շատերի մտահոգ ձայնը, որը կօգնի և կհեշտացնի անցումը սոցիալական շերտավորման սանդուղքի հաջորդ քայլին:

Վլադիմիր ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
«Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930