«Դա սխալ էր նրա կողմից, իր հնարավորությունների գերագնահատում», գրել էր Կազիմիրովը՝ Քոչարյանի կողմից բանակցություններում Արցախը ներկայացնելու մասին
Ամեն անգամ, երբ քննարկումներ են ծավալվում ղարաբաղյան բանակցային գործընթացից Արցախին դուրս մղելու թեմայով, մշտապես գտնվում են շրջանակներ, որոնք անմիջապես հրապարակ են նետում՝ «դա տեղի է ունեցել մինչեւ Ռոբերտ Քոչարյանի իշխանության գալը» միտքը, այսինքն՝ մինչեւ 1998թ. եւ բերում են օրինակ, թե Տեր-Պետրոսյանի իշխանության վերջին տարիներին եղել է հայ-ադրբեջանական հանդիպում՝ առանց Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների: Նույն թեմայով բանավեճեր ծավալվեցին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի երեւանյան վերջին ասուլիսից հետո, երբ նա հիշեցրեց, որ Հայաստանի նախագահներից մեկն է Արցախը դուրս մղել բանակցային սեղանից:
Խոսքը կարգավորման գործընթացի ձեւաչափը ընդունել եւ չընդունելու մասին է, այսինքն՝ ՀՀ նախագահների կողմից կարգավորման գործընթացը ձեւաչափով առաջ մղելու հարցում ունեցած դիրքորոշման մասին: Եթե նույնիսկ համարենք, որ մինչեւ Հայաստանում Քոչարյանի իշխանության գալն արդեն Լեռնային Ղարաբաղը դուրս էր մղվել բանակցություններից, ուրեմն Քոչարյանը, եթե այդքան նեղված էր այդ «հանգամանքից»՝ իր իշխանավարման 10 տարիներին ունեցել է բավարար ժամանակ շտկելու իրավիճակը:
Սակայն իրականությունը բոլորովին այլ է. Քոչարյանը բանակցել է ադրբեջանական կողմի հետ անկաշկանդ, ավելին՝ այդ ձեւաչափը արդյունավետ է համարել, անգամ արդարացրել է իր այդ մոտեցումը: Քոչարյանի այդ քայլն, ի դեպ՝ «սխալ» է որակել նույնիսկ Ռուսաստանի նախագահի ներկայացուցիչ, ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Վ. Կազիմիրովը: «1999-2001, 2003-2004թթ. Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ երկխոսությունը բանակցային միակ ձեւաչափն էր, քանի որ Հայաստանի նախագահ Ռ. Քոչարյանը, կարծես, ներկայացնում էր նաեւ Լեռնային Ղարաբաղը` ինչպես դա անում էր նախկինում: Դա սխալ էր նրա կողմից, իր հնարավորությունների գերագնահատում»,-գրել է Կազիմիրովը իր «Խաղաղություն Ղարաբաղին» գրքում:
Կարդացեք նաև
Այսօր անազատության մեջ գտնվող Ռոբերտ Քոչարյանն, իհարկե, ազատ է ցանկացած թեմայով կարծիք հայտնել: Նրան նույնիսկ կարելի է հասկանալ, նա «քաղաքական հետապնդման» զոհի կերպարի մեջ՝ զբաղվում է քաղաքականությամբ եւ այսօր վարվող քաղաքականությունը բոլոր ոլորտներում պետք է քննադատի: Բայց դրանից ճշմարտությունը չի փոխվում:
Ղարաբաղյան բանակցային գործընթացը երկկողմ հանդիպումների ձեւաչափ տեղափոխելու Քոչարյանի մոտեցման պատճառով հայկական կողմի դիրքերը 1998-ից հետո բանակցային գործընթացում էապես թուլացել են: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը դուրս է մղվել բանակցություններից, ավելին՝ ղարաբաղյան հիմնախնդիրը նենգափոխվել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տարածքային վեճի հենց Քոչարյանի իշխանավարման տարիներին: Եվ սա էլ դեռ ամենը չէ՝ տարածքների փոխանակման շուրջ բանակցություններում Քոչարյանը սակարկության էր դրել Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը:
Ներկայացնենք մեկ խոստովանություն: 1998թ. ապրիլի վերջին Մոսկվայում ԱՊՀ գագաթաժողովն էր, որի շրջանակներում կայացել էր Քոչարյան-Ալիեւ երկկողմ հանդիպումը: Հենց այս հանդիպման համատեքստում արդեն դրվել էր բանակցային գործընթացը նենգափոխելու հիմքերը: Վերադառնալով Երեւան, Քոչարյանը, ըստ էության, խոստովանել էր, որ երկկողմ բանակցությունների ֆորմատին անցնելու առաջարկն իրենն է. «Ես հիմնականում փորձում էի իմ կարծիքը հայտնել Ադրբեջանի նախագահին ոչ միայն մոտեցումների, փաթեթի կամ քայլ առ քայլի վերաբերյալ, այլ բանակցությունների տրամադրվածության կողմերի մասնակցության վերաբերյալ: Դա հետաքրքիր էր նաեւ իր համար: Գիտեք՝ իսկապես վերջին մի քանի տարվա ընթացքում կողմերը փորձում էին միջնորդների ներկայությամբ ցույց տալ, որ իրենք ավելի ճիշտ են: Փորձում էին փաստարկներ գտնել մյուս կողմի դեմ՝ թե ում դիրքորոշումն է զիջողական, կամ ումը՝ ծայրահեղական: Դրանք բանակցություններ էին, կարծես թե, միջնորդների, այլ ոչ թե հարցի կարգավորման համար: Ես նշեցի, որ եթե մենք այս տրամաբանությամբ շարունակենք, ապա դժվար թե հարցը լուծում ստանա»:
Բերենք այլ օրինակներ: 2001թ. Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը Փարիզ է հրավիրում Ալիեւին ու Քոչարյանին: «Մենք չենք հանդիպում սոսկ հանդիպելու համար: Մենք իսկապես ցանկանում ենք գտնել լուծումը: Հանդիպումից հանդիպում միմյանց ավելի լավ ենք հասկանում»,-նշել էր Ադրբեջանի այն ժամանակվա նախագահը` հույս հայտնելով, որ կարգավորմանը հասնելու համար ստիպված չեն լինի հանդիպումների թիվը հարյուրի հասցնել: Ալիեւը նաեւ չէր բացառել, որ առաջիկայում իրենց կարող են միանալ Ղարաբաղի ներկայացուցիչները. «Առայժմ միայն նախագահ Քոչարյանի հետ ենք քննարկում հարցերը: Կարծում եմ` երբ կհանգենք հստակության, կարող են լինել երրորդ, չորրորդ, հինգերորդ կողմեր»:
Իսկ ահա Ռոբերտ Քոչարյանը նշել էր. «…Առաջին հանդիպումների ընթացքում մենք ուսումնասիրում էինք միմյանց, հետագա հանդիպումների ընթացքում` ջանում հասկանալ, իսկ այժմ` փորձում ենք լուծել խնդիրը: Տեղյակ լինելով երրորդ կողմի դիրքորոշմանը եւ մոտեցումներին` ես փորձում եմ դրանք արտահայտել»:
2001թ. մարտ ամսին Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները հանդիպել էին Փարիզում, Հայաստանի արտգործնախարարը հաստատել էր` կողմերը քննարկում էին Մեղրիով Ադրբեջանին միջանցք տրամադրելու հնարավորությունը: «Այս միջնորդական առաքելության գլխավոր գաղափարական հենքը կառուցված էր հարցին ամբողջական լուծում տալու մոտեցման վրա՝ սկզբունք ընդունելով Լեռնային Ղարաբաղը Լաչինի հետ միասին Հայաստանի ինքնիշխանությանը հանձնելու դիմաց Ադրբեջանին Հայաստանի տարածքով դեպի Նախիջեւան կայուն եւ անխափան միջանցքի տրամադրումը»,֊ 2013-ին հրապարակած հուշերում գրել էր 1998-2008թթ. ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը:
Վերոնշյալ բոլոր օրինակները վկայում են այն մասին, որ Քոչարյանը բանակցել է ադրբեջանական կողմի հետ առանձին՝ Արցախին վերաբերող սկզբունքային հարցերի շուրջ՝ առանց Լեռնային Ղարաբաղի իշխանությունների:
2004թ. նոյեմբերին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացի մասին, նշել է, թե այնքան էլ լավատես չէ հարցի կարգավորման ներկայիս իրավիճակի առումով: «Մեծ լավատեսություն հիմա չունեմ», ասել էր նա՝ հավելելով բանակցային գործընթացին ներկայումս խանգարող երկու լուրջ հանգամանք: Նա առանձնացրել էր նախ բանակցային գործընթացից Լեռնային Ղարաբաղի դուրս մնալը. «Ադրբեջանը պնդում է, որ բանակցությունները վարվեն Հայաստանի հետ եւ, ըստ էության, բանակցություններում Հայաստանը ներկայացնում է նաեւ Ղարաբաղը» նշել էր Քոչարյանը, եւ բավական ուշացումով արդարացել. «Ես կարծում եմ, որ սա այնքան էլ ճիշտ ֆորմատ չէ եւ չի արտացոլում հակամարտության էությունը»:
Այսօր Քոչարյանը խոսում է Արցախի ինքնորոշման մասին: Սակայն ԼՂՀ ինքնորոշման հարցը Քոչարյանը թաղել է դեռ 1998թ. ապրիլին Մոսկվայում: Ի դեպ, այս առիթով կարծիք է հայտնել նաեւ ՀՀ այն ժամանակվա արտգործնախարար Վարդան Օսկանյանը՝ նշելով. «Հայկական կողմը այս փուլում չի պնդում ԼՂՀ անկախությունը կամ այն Հայաստանին միացնելը, քանի որ կարեւոր է համարում հակամարտության խաղաղ կարգավորումը»:
Քոչարյան-Ալիեւ բազմաթիվ հանդիպումներ փաստել են, որ գաղտնիության պայմաններում նրանք վճռում էին Արցախի ճակատագիրը՝ առանց Արցախի իշխանությունների մասնակցության: Հետեւաբար, այսօր Քոչարյանի արցախյան անհանգստությունները ոչինչ են, եթե դիտարկում ենք նրա իշխանավարման տասնամյակի պատմությունը: Իսկ դա հետեւյալն է. 1998թ. փետրվարին Հայաստանում կեղծիքներով իրականացրած իշխանափոխության արդյունքում, որն այն ժամանակվա ընդդիմությունը հեղաշրջում էր անվանում, ստանձնելով հակամարտության կարգավորման պատասխանատվությունը` Քոչարյանն արդեն նույն թվականի գարնանը հանդես էր եկել առանց նախապայմանների փաթեթային կարգավորման պահանջով, որը հետագայում հանգեցրեց ինքնորոշման իրավունքի սկզբունքից հրաժարման:
Հիշեցնենք նաեւ, որ 1998թ. նոյեմբերին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կողմերին էին ներկայացրել կարգավորման ծրագիրը, որի «Համաձայնագիր ԼՂ կարգավիճակի մասին» կետում նախատեսում էր. «Ղարաբաղը Ադրբեջանի հետ միասին կազմավորում է ընդհանուր պետություն` նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում», «ԼՂ քաղաքացիները, որպես անձը հաստատող վկայական, կունենան Ադրբեջանի անձնագիր»: Նկատենք, որ Հայաստանը եւ ԼՂՀ-ն հրապարակային ձեւով եւ անվերապահ ընդունել էին այդ բանաձեւը:
Եվ վերջում մեկ հիշեցում. 1999թ. նոյեմբերին Ռոբերտ Քոչարյանն առանց վերապահումների ստորագրել է ԵԱՀԿ Ստամբուլի գագաթաժողովի փաստաթղթերը, որոնցով հակամարտությունների լուծման հարցում գերապատվությունը տրվում էր տարածքային ամբողջականության սկզբունքին:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ, 14.11.2019