Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունն օդի տուրքը վերացնում է. նոր ավիաընկերություններ են գալիս

Նոյեմբեր 14,2019 13:53

Այսօր կառավարության նիստում ընդունվեց որոշման նախագիծ, ըստ որի, օդի տուրքը չի կիրառվի այն ավիաընկերությունների դեպքում, որոնք նոր ուղղություններով փոխադրումներ կիրականացնեն։

Նիստին տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն ասաց, որ այս պահին 11-12 մլրդ դրամ է բյուջե մուտքագրվում օդի տուրքի գանձումից, բայց այդ արտոնությունը տրամադրելով՝ ազդեցությունը  դրական կլինի:

Պապիկյանն ասաց, որ ըստ հաշվարկների, մուլտիպլիկատիվ էֆեկտի շնորհիվ բյուջեն կհամալրվի լրացուցիչ եկամուտներով.«Որպես հետեւություն, ներկա դրությամբ բոլոր ուղղություններով իրականացվող ավիափոխադրումների օդի տուրքի գործող կարգը կարգավորվում է։ Բայց միաժամանակ կարեւոր է նշել, որ սա վերաբերում է բոլոր ավիաընկերություններին, եւ որեւէ ավիաընկերության առանձին արտոնություն չի տրվում։ Բնականաբար, սա լայն հնարավորություն է ստեղծում, որ Հայաստանում ստեղծվի մրցակցային դաշտ, նոր ուղղություններ բացվեն: Օրինակ՝ Ryanair-ն ու նման ավիաընկերությունները, որոնք ցանկություն են հայտնում գալ հայաստանյան շուկա»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ դեռեւս վեց ամիս առաջ կառավարությունում այս թեմայով խորհրդակցություններ են եղել եւ կայացվել է քաղաքական որոշում՝ բոլոր այն դեպքերում, երբ որեւէ ավիաընկերություն կբացի վերջին 12 ամսում չսպասարկված ուղղություն, կառավարությունը օդի տուրքը այդ ուղղություններով կհանի.«Այդ քաղաքական որոշման արդյունքում արդեն կա մեկ ավիաընկերություն, որը պատրաստ է «Զվարթնոցի» ու Գյումրիի ուղղություններով չվերթներ իրականացնել։ Եղան քննարկումներ, որ միայն  Ryanair-ին  տրվում է արտոնություն։ Այս որոշմամբ որեւէ մեկին արտոնություն չի տրվելու, մենք ավիաընկերություններին հրավիրում ենք գալ ու այս արտոնությունից օգտվել՝ կլինի տեղական, թե օտարերկրյա։ Այս պահին միայն այդ մեկ ավիաընկերությունն է հայտ ներկայացրել այդ արտոնությունից օգտվելու։ Մենք համոզված ենք, որ սա էական ազդեցություն է ունենալու մեր երկրում ավիատոմսերի գնագոյացման ու տնտեսական զարգացման վրա»:

Քաղավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթեւիկ Ռևազյանն էլ հավելեց՝ այս պահին կան նաեւ այլ ավիաընկերություններ, մասնավորապես «Ազիմուտ» ռուսական ավիաընկերությունն էլ է հայտ ներկայացրել  ՀՀ-ից դեպի Կալուգա չվերթներ իրականացնելու համար. «Էյր Բալթիկն էլ» նոր ուղություն է բացելու: Ներքին կարգով ասացին, որ  «Ուիզեր»-ն է թռնելու: Արդեն դեկտեմբերի կեսից կսկսեն աշխատանքները։ Ընդհանրապես ութ հաստատված նոր ուղղություններ կան, բայց կլինեն ավելի քան տասը»,- ասաց Ռեւազյանը։

Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն էլ վստահեցրեց՝ տեղական շուկայից էլ կա հետաքրքրություն, մոտ տասը նոր ուղղությունների մասին է խոսքը։

Փաշինյանն արձագանքեց. «Այդ ամեն ինչը, որ ասում եք, եթե դառնա իրականություն, ավիաշուկայում կլինի հեղափոխություն»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930