Լրահոս
Օրվա լրահոսը

Հինգ ամիս է՝ չի վճարում պարտքը. «Հայկական ժամանակ»

Նոյեմբեր 14,2019 13:36

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանալ «Ծառուկյան Քոթթոն ՌՈԴ» ընկերությանը 5 ամիս է՝ հրաժարվում է վճարել «Սաբրի» ՍՊԸ-ին ունեցած շուրջ 3,5 միլիոն դրամի պարտքը։

Այդ մասին տեղեկացրեց «Հայկական ժամանակ»-ին դիմած «ՍԱԲՐԻ» ընկերության սեփականատեր Հունան Ավետիսյանը։ Վերջինս հայտնեց, որ ինքն ունի տրակտոր, որը օրավարձով տրամադրում է հողաշերտերի կտրման, քանդման, հարթեցման եւ այլ աշխատանքների համար։ Ամիսներ առաջ «Ծառուկյան Քոթթոն ՌՈԴ» ընկերության ներկայացուցիչ Գագիկ Խաչիկյանը վարձակալել է Հունան Ավետիսյանին պատկանող տրակտորը՝ Արմավիրի մարզի Արաքս գյուղում գտնվող բամբակի դաշտերում աշխատանքներ կատարելու համար։ Ըստ Ավետիսյանի՝ ընկերությունը պարտավորվել է օրական վճարել 120 հազար դրամ։

«Ծառուկյանի հիմնարկից եկան, ներկայացան, Գագիկ էր անունը, ասաց տեխնիկա է պետք, որը կաշխատի։ Պայմանավորվել ենք, պայմանագրով տվել ենք, որ աշխատի։ Ընթացքում զգացի, որ փողերը չեն տալու, մեր տեխնիկան շուտ հանեցի»,- մեր զրույցում ասաց Ավետիսյանը։

Մեր հարցին, թե ինչպե՞ս է զգացել, որ գումարը չեն վճարելու, տրակտորի սեփականատերը պատասխանեց. «Ամեն օր էսօր- վաղն էին անում…. 7 միլիոնի գործ ենք արել, 4 ամսվա մեջ զոռով-զոռով, ամեն ամիս խնդրելով, աղաչելով՝ 3 միլիոն 560 հազարը տվեցին… 5 ամիս ա անցել, հիմա գնում եմ՝ լրիվ արհամարհական, մեկը մեկի վրա է գցում, ասում են՝ Ծառուկյանը գումարները չի տալիս, որ մենք էլ ձեզ տանք»։

Ավետիսյանը նկատեց, սակայն, որ ինքը բոլոր փաստաթղթերը, հաշիվ-ապրանքագրերն ունի, որոնք կհաստատեն՝ ծառայությունը մատուցվել է եւ ընկերության կողմից ընդունվել։

Հարցին, թե ինչպե՞ս են իրեն բացատրում գումարը ուշացնելը, Ավետիսյանը պատասխանեց. «Ասում ա՝ (Գագիկ Խաչիկյանը.-խմբ.) Ծառուկյանը գումարները չի փոխանցում, դադարեցրել ա, ես էլ ասում եմ՝ իմ լսելով՝ Ծառուկյանը բանվորի փողը չի պահում։ Գնում եմ օֆիս, չեն թողնում վերեւ բարձրանամ։ Մի անգամ մոտեցել եմ Առուստամյանին («Մուլտի գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյան.-խմբ.), ասաց՝ գնացեք, կպատասխանենք։ Համարս վերցրին։ Նորից 10 օր է անցել, ո՛չ զանգի են պատասխանում, ո՛չ էլ ընդունում են, ո՛չ էլ փոխանցում են գումարը»։

Տրակտորի սեփականատերը նկատեց, որ չի հասկանում՝ ինչու են ձգձգում, որովհետեւ եթե գումար չունենալը լիներ խնդիրը, նույն մարդիկ շինարարություն չէին անի։

«Հայկական ժամանակ»-ը խնդրի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեց Սեդրակ Առուստամյանից։ Մեր հարցմանն ի պատասխան՝ Առուստամյանը հայտնեց, թե «Սաբրի» ընկերության տնօրեն Հունան Ավետիսյանը պրիմիտիվ ապատեղեկատվություն է տարածում, թե «Ծառուկյան Քոթթոն ՌՈԴ» ընկերությունը չի կատարում վճարումները»:

Սյուզաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930