Լրահոս
Օրվա լրահոսը

«Շուրա, որքա՞ն է քեզ հարկավոր երջանիկ լինելու համար». «168 ժամ»

Նոյեմբեր 14,2019 12:50

Նախարարների աշխատավարձերը կտրուկ բարձրացնելու՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ջանքերի մասին գրել էինք դեռևս սեպտեմբերի սկզբին։ Մեր այդ հրապարակման մեջ տեղեկացրել էինք, որ հեղափոխական կառավարությունը վերին օղակներում աշխատավարձեր է բարձրացրել՝ ներդրված մի նոր մոդելով։ Ըստ այդմ, նախարարները 2019թ. մայիսից սկսած՝ ամսական ստանում են 1.5 միլիոն դրամ, փոխնախարարները՝ 1.1 միլիոն դրամ, և 800 հազար դրամ նրանք, ովքեր զբաղեցնում են գերատեսչական գլխավոր քարտուղարի, այն է՝ աշխատակազմի ղեկավարի պաշտոնը։

Նշել էինք նաև, որ վարչապետ Փաշինյանը սեփական թիմին խրախուսելու համար ամենամսյա ճոխ պարգևատրումները սկսել է անել 2019թ. մայիսից, և դա արվում է ծածուկ կերպով՝ հատուկ մշակված ինչ-որ անհասկանալի մեխանիզմի միջոցով։

Չի բացառվում, որ իր գործունեությունը թափանցիկ և հաշվետու հռչակած կառավարությունը ներդրված մեխանիզմը մոգոնել էր հանրային պարսավանքներից, հասարակության քննադատություններից խուսափելու համար, ինչը, սակայն, չհաջողեց։ Մեր հրապարակումից մեկ ու կես ամիս անց՝ «Հետք» պարբերականը համառ հարցումների օգնությամբ գաղտնազերծեց նորօրյա չինովնիկներին խրախուսելու ողջ սխեման՝ վարչապետի գաղտնի հանձնարարականի մասին։ Պետբյուջեից բաշխվող միլիոնավոր դրամների աշխատավարձերի մասին կառավարությունը խուսափել էր մանրամասներ տրամադրել՝ հիմնավորմամբ, թե իբր որոշումը գաղտնի է։

Միայն առանձին նախարարություններից ստացած աշխատավարձային ֆոնդի մասին տեղեկության շնորհիվ է լրագրողը կարողացել հետևություն անել, որ օրենքով սահմանված 793 հազար 680 դրամի փոխարեն նախարարները ստացել են 1,5 մլն դրամ աշխատավարձ։

Պետական պաշտոն զբաղեցնող անձանց աշխատավարձի չափը սահմանված է օրենքով, որը վերջին անգամ փոփոխվել է 2013-ին, երբ ԱԺ ՀԱԿ ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի ամբիոնից քննադատում էր նախկին իշխանությունների՝ ԱԺ բերած օրենքի նախագիծը։

«Բարձրանում են Սերժ Սարգսյանի, Հովիկ Աբրահամյանի, Տիգրան Սարգսյանի աշխատավարձերը՝ այն մարդկանց, որոնց պաշտոնում գտնվելու ժամանակ աղքատությունը հասել է 35 տոկոսի, արտագաղթն ահագնացել է։ Երևի կարելի է ենթադրել, որ այս պաշտոնյաները խեղճ են եղել փողից, դրա համար էլ նման կերպ են աշխատել։ …Պաշտոնական վիճակագրությամբ՝ Հայաստանում այսօր մեկ միլիոնից ավելի մարդ աղքատ է, այդ մարդիկ ամեն օր լուրի են սպասում, թե ինչ կանի, այսպես կոչված, քաղաքական էլիտան՝ իրենց հուսահատության ճիրաններից ազատելու համար։ Ու ահա այսօր իրենք կստանան «բարի լուր», որ քաղաքական էլիտան բարձրացրել է ինքն իր աշխատավարձը։ Ի՞նչ է սա, եթե ոչ՝ ցինիզմ, աղքատության, արտագաղթի ու հուսահատության ֆոնին։ Սա ցինիզմ է, և սա հատուկ եմ ասում բոլոր նրանց համար, ովքեր իմ դիրքորոշումը կորակեն՝ որպես պոպուլիստական»,- 2013թ. ԱԺ ամբիոնից ասում էր նա։

Նույն կերպ այն ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի համար հասկանալի չէր՝ ինչո՞ւ պիտի բարձրանան վարչապետ Տիգրան Սարգսյանի, մշակույթի նախարարի, քաղաքաշինության նախարարների աշխատավարձերը: Արդյո՞ք այն պատճառով, որ նրանք համրի նման հետևել են, թե ինչպես է օլիգարխ Սամվել Ալեքսանյանը (Լֆիկ Սամվել) քարուքանդ անում մշակութային արժեքը՝ Փակ շուկայի շենքը։

Սյուզի ԲԱԴՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930