Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Իր քաղաքական թիմի մասին է խոսքը, ինքը որտեղից որ ծնվել է, նրանք են թալանել». Վարդան Ղուկասյանը պատասխանում է վարչապետին, թե ասֆալտին պառկելուց չի վախենում

Նոյեմբեր 14,2019 13:29

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ խոսել էր քրեական ենթամշակույթը կրող անձանց ու խմբավորումների մասին օրենքի նախագծի շուրջ քննադատություններից ու հայտարարել էր. «Եթե կան մարդիկ, այդ թվում՝ քաղաքական գործիչներ եւ պատգամավորներ, որոնք մտածում են, թե այս հարցում զիջումներ են լինելու, եւ այս օրինագծի հետ կապված կարող են միջնորդավորված ձեւով պատգամավորի սպառնալ, ասենք՝ օրինագծի հարակից զեկուցողներին, ուղիղ ասում եմ՝ կպառկեցնենք ասֆալտին: Հանկարծ մտքներովդ չանցնի»:

Այս առնչությամբ այսօր լրագրողների հետ զրույցում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը, արձագանքելով Փաշինյանին, ասաց. «Դահլիճում չեմ եղել, լսել եմ: Ցավում եմ, որ, ասենք, ինչ ես խոսել եմ, այդպիսի զայրույթ է առաջացրել մեր հարգարժան վարչապետին, բայց ես ազգի շահերից եմ խոսել եւ ինչ-որ սխալ բան չեմ ասել, դա՝ մեկ: Հետո յուրաքանչուր պատգամավոր իր կարծիքն ունի հայտնելու, ես զգում եմ, ոնց որ կարծիքների արտահայտվելուն  բռնանում են, նամանավանդ ՀՀ առաջին համարի կողմից: Երկրորդ հերթին գիտեք ինչ, Գյումրու կեսը թալանելու պահով որ այդպիսի բան է ասում հարգարժան մեր վարչապետը, ես կարող եմ ասել՝ իմ  աշխատած տարիներին ՀՀ ոչ մի կառույց մեզ պես մաքուր ու թափանցիկ չի աշխատել: Ոչ միայն ՀՀ-ում, ԽՍՀՄ բոլոր երկրներում ինչքան քաղաքապետարաններ ու մարզպետարաններ են եղել, մեզ պես մաքուր ու թափանցիկ չեն աշխատել: Գիտե՞ք դրա ապացույցը որն է, որ ոչ թե հիմա է առանց կաշառքի ու կեղծիքի ընտրվել պարոն վարչապետը, այլ՝ մենք ենք, ե՛ս եմ ընտրվել էն ժամանակ առանց կեղծիքի ու առանց կաշառքի: Իր քաղաքական հենարան հանդիսացող եւ քաղաքական մեծ եղբայր հանդիսացող ՀՀՇ-ն, երբ մենք 96-ին հաղթեցինք, ամբողջ պետական ապարատով արկղները վերցրեցին ու դրեցին աջ կողմը ու անցավ մեկ այլ թեկնածու, ինչ որ արել է էն ժամանակ իմ նկատմամբ իր կուսակցությունը էն ժամանակվա: Թալանը կատարվել է ՀՀՇ-ի ժամանակ, ՀՀՇ-ի ժամանակվա բոլոր բարձրաստիճան պաշտոնյաների, ղեկավարների: Էն ժամանակ էնքան գումար եկավ ՀՀ, որ ոչ միայն Գյումրին կկառուցվեր, երեք անգամ Հայաստանի Հանրապետությունը կկառուցվեր: Ամբողջ գործարանները՝ 37 գործարան թալանվեց, մեքենա սարքավորումները բոլորը վաճառվեց Թուրքիա եւ Պարսկաստան: Ամբողջ քաղաքը թալանվեց, ու 31 տարի մենք մնացինք այ էդ տնակների մեջ: Մեղքը իր քաղաքական թիմի մասին է խոսքը, ինքը որտեղից որ ծնվել է, նրանք են թալանել»:

Ինչ վերաբերում է ասֆալտին պառկեցնել, պատերին ծեփելուն՝ Վարդան Ղուկասյանն ասաց. «Չե՞ն զգում, որ ես էդպիսի մարդ չեմ, որ նմանատիպ բաներից վախենամ: Ես ընդհանրապես մի բանից եմ վախենում՝ ահեղ դատաստանից»:

Հատուկ վարչապետի համար Վարդան Ղուկասյանը մեջբերեց Դավիթ մարգարեին. «Դավիթ մարգարեն գիտե՞ք ինչ էր ասում, ասում էր՝ ձեր հույսը մի դրեք ձեր պաշտոնի վրա, ձեր փողերի վրա, ձեր կուսակցությունների վրա: Ես թագավորը կսարքեմ փոշի, հովիվը կսարքեմ թագավոր: Ես բարձրացնեմ, ես ցածրացնեմ, ես կենդանացնեմ, ես սատակեցնեմ»:

Դավիթ մարգարեից խոսքերը յուրովի ներկայացնելուց հետո Վարդան Ղուկասյանն անցավ Թումանյանին՝ նույնպես փոփոխության ենթարկելով. «Խայամն ասում է՝ անցո՛րդ, ոտքդ զգույշ դիր հողին, ո՞վ գիտի ո՞ր սիրունի բիբն ես կոխում դու հիմի…»:

Վարդան Ղուկասյանը վստահեցրեց, որ 60 տարեկան է, մարմինը բեկորների մեջ են, ու ինքը մենակ Աստծուց է վախենում. «հետո որ սոխ չես կերե՝ սիրտդ չի մրմռի: Եթե կեղտոտություն արած լինեինք, խելոք գլուխներս կկախեինք»:

Ինչ վերաբերում է «Իմ քայլի» պատգամավոր Նազելի Բաղդասարյանին, Վարդան Ղուկասյանը վստահեցրեց, թե նրան չի ճանաչում. «Հիմա էս աղջիկն ուզում է իմ անունը շահարկի, որ նորից առա՞ջ ընկնի: Ես չեմ ճանաչում, բարեւ էլ չեմ տալիս, ոչ էլ ուզում եմ դրա  երեսը… ինձ թույլ էլ չեմ տա կնոջը բան ասել, էդ իմ ապրելակերպը չի, կներեք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930