Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր ՀԴՄ-ները պետք է ունենան պոստերմինալներ

Նոյեմբեր 14,2019 13:09

Ներկրվող բոլոր ՀԴՄ-ները պետք է ունենան պոստերմինալներ: Այս մասին որոշման նախագիծն ընդունվեց  կառավարության նիստին, եւ հաստատվեց, որ նշված ժամանակահատվածում պոստերմինալների ֆունկցիան կակտիվացվի վեց ամսվա ընթացքում:

Նիստին ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն ասաց, որ անցյալ  տարի ՀԴՄ-ների ներկրման դաշտն ազատականացնելուց հետո, որոշ կազմակերպություններ արդեն քայլեր են անում ՀԴՄ-ների  ներկրման ուղղությամբ: ՊԵԿ նախագահը խոստացավ՝ այս ամսվա վերջում կամ դեկտեմբերի սկզբին որոշ կազմակերպություններ արդեն պատրաստ են ՀԴՄ-ների նոր խմբաքանակներ բերել Հայաստան. «Բայց կա մի տեխնիկական խնդիր, հսկիչ դրամարկղային մեքենաները պետք է ունենան նաեւ պոստերմինալի ֆունկցիա, եւ այդ ֆունկցիան բանկերի հետ աշխատելու համար բավական երկար ժամանակ է պահանջում։ Մենք առաջարկում ենք այս փոփոխությամբ սահմանել հետեւյալը՝ ՊԵԿ-ը հաստատի, եթե տեխնիկական պահանջները բավարար են, բոլոր մնացած պայմանները կան, պոստերմինալի ֆունկցիան պետք է 6 ամսվա ընթացքում եւս ակտիվացվի։ Սրանով մենք հնարավորություն կտանք, որ ազատականացման գործընթացում ներգրավված տնտեսավարողները օր առաջ կարողանան մատակարարել այդ ՀԴՄ-ները»:

Վարչապետը հետաքրքրվեց՝ այս որոշումն որքանո՞վ է նպաստում կանխիկի շրջանառությունը կրճատելու եւ ի վերջո կանխիկի շրջանառությունը վերացնելու  կառավարության նպատակադրությանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Պետք է խոստովանենք, որ ՀԴՄ-ների ոլորտում մենք, ըստ էության, խնդիր ենք ստեղծել, որովհետեւ այն խնդիրը, որը Հայաստանում տարիներ շարունակ քննարկվում էր, որ ՀԴՄ-ների ներմուծումը պետք է մենաշնորհ չլինի, շուկան պետք է ազատականացվի, մենք շուկան ազատականացրեցինք, բայց առաջացավ ՀԴՄ-ների դեֆիցիտ»:

Դավիթ Անանյանն էլ ՀԴՄ-ների դեֆիցիտի մասին տեղեկություններ ներկայացրեց՝  2019 թվականի մայիսին, երբ դե ֆակտո ազատականացման գործընթացը մեկնարկեց, կար շուրջ 4 հազար ՀԴՄ-ի հայտ, բայց կար 13 ,500 մնացորդ ՀԴՄ, եւ ՊԵԿ –ի ՀԴՄ-ների ներդրման  ՊՈԱԿ-ն այժմ միայն իրավունք ունի սպասարկել սահմանամերձ բնակավայրերի տնտեսվարողներին, այն էլ պետք է անվճար տրամադրի ՀԴՄ-ները. «Այսօրվա դրությամբ ՊՈԱԿ-ն ունի շուրջ 100-110 ՀԴՄ, բայց պահանջարկն արդեն 10 հազարից ավելի է»:

Անանյանի խոսքերով՝  այդ քանակի ՀԴՄ-ների պահանաջարկի մի քանի պատճառ կա., նախ՝ իրավական ակտի ուժով այս տարվա հունվարի մեկից վերջին խումբը՝ փոքր ու միջին բիզնեսը եւս պետք է պարտադիր կիրառեր նոր ՀԴՄ-ներ, այսինքն, նրանք պետք է ՀԴՄ ձեռք բերեին։ Մյուս պատճառը՝ նոր տնտեսվարողների գրանցումն է, իսկ 3-րդը՝ ստվերից դուրս բերելու գործողությունների արդյունք  եւ նաեւ գործող ընկերություններն իրենց գործունեության ոլորտներն ընդլայնել են, նոր ՀԴՄ-ների կարիք առաջացավ: Անանյանի ներկայացմամբ՝ պոստերմինալի հարյուր տոկոսով կիրառման նորմ օրենսդրությամբ ամրագրված չէ, հետեւաբար կարող են վեց ամիս ժամանակ տալ, որպեսզի նոր ներկրվող ՀԴՄ-ներն ապահովվեն նաեւ այդ գործառույթով։ Այս պահին բոլորը պարտադիր կիրառելու պահանջ չունեն:

Անանյանն ասաց, որ Կենտրոնական բանկի հետ աշխատում են, պետք է մշտադիտարկում անեն, որպեսզի տեսնեն, թե ամբողջությամբ կիրառումն ինչ է նշանակում, պետք է դիտարկեն Հայաստանում սփռված ամբողջ բիզնեսը։ Վարչապետն արձագանքեց. «Դա նշանակում է, որ Հայաստանի անգամ ամենահեռավոր գյուղում պետք է հնարավոր լինի առեւտուր անել բանկային քարտով, ճի՞շտ է։ Սա մեր ռազմավարությունն է՝ կանխիկի շրջանառությունը կրճատելու եւ ի վերջո ընդհանրապես բացառելու։ Ինձ վերջերս մի պատմություն պատմեցին՝ այսօր աշխարհում կան երկրներ, որտեղ մուրացկաններն անգամ կանխիկ դրամաշրջանառություն չունեն։ Այս ամենն ասում եմ՝ ցույց տալու համար, թե ուր է հասել աշխարհը։ Կանխիկի շրջանառությունը ոչ թե պետք է կրճատել, այլ վերացնել, եւ դա կարեւոր է նաեւ կոռուպցիայի վերացման առումով»։

Անանյանն էլ նշեց՝ ԿԲ-ի հետ աշխատում են,  որպեսզի բանկերն իրենց ծառայությունների վճարները նվազեցնեն, որոշ դեպքերում ընդհանրապես չլինեն սպասարկման վճարներ, բայց այս փուլում քննադատում են, որ դրանով տնտեսվարողները սպասարկման վճարների հետ կապված վնասներ կկրեն։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930