Ոստիկանությունը ձախողել է Բաքվի կենտրոնում ընդդիմության անցկացրած չարտոնված ցույցը։
«Մուսավաթ» կուսակցության կողմից նոյեմբերի 12-ին՝ Ադրբեջանի Սահմանադրության օրը, կազմակերպած ցույցը նվիրված էր հավաքների ազատությանը։
Ձերբակալվել է «Մուսավաթի» մի քանի տասնյակ անդամ՝ ներառյալ կուսակցության առաջնորդ Արիֆ Հաջիլին։
Նախադրյալներն ու ցույցի նպատակը
Ադրբեջանական իշխանությունների և ընդդիմության հարաբերությունները սրվել են այն բանից հետո, երբ վերանորոգման է կանգնել «Մեհսուլ» մարզադաշտը, որտեղ իշխանություններն ընդդիմությանը թույլ էին տալիս ակցիաներ անցկացնել։
Կարդացեք նաև
Ընդդիմադիրներին այժմ թույլատրում են հանրահավաքներ անել միայն Լոքբաթան քաղաքամերձ ավանում, որը Բաքվից 20 կմ հեռավորության վրա է գտնվում։ Դրանից դժգոհ ընդդիմությունը փորձում է չարտոնված ակցիաներ անցկացնել Բաքվի կենտրոնում։ Իշխանությունները դա կասեցնում են։
Այսօրվա ցույցով «Մուսավաթ» կուսակցությունն ուզում էր թույլտվություն ստանալ կենտրոնում ակցիաներ անցկացնելու համար։ Այսինքն այն պաշտպանում էր սահմանադրությամբ ամրագրված հավաքների ազատության իր իրավունքը։
Իշխանությունները կտրականապես արգելել էին ցույցը։