Լրահոս
Օրվա լրահոսը

Առանց ամբոխավարության քաղաքականություն չկա

Նոյեմբեր 14,2019 10:00

Վերջին մեկուկես տարվա ընթացքում ամենահաճախակի կրկնվող բառերի շարքում իրենց «պատվավոր» տեղն են զբաղեցնում «պոպուլիզմը» («ամբոխավարությունը») եւ «մանիպուլյացիան» (հավանաբար, այս բառը չունի բոլորի համար ընդունելի հայերեն համարժեք, գուցե «նենգափոխո՞ւմ»): Երկուսն էլ օգտագործվում են խիստ բացասական համատեքստում: Մասնավորապես, երբ քաղաքական գործիչներն ասում են «մանիպուլյացիա», նրանք նկատի ունեն, որ իրենք մշտապես ասում են «մաքուր-զուլալ» ճշմարտությունը, որքան էլ այն դառը եւ տհաճ լինի, իսկ ահա իրենց  ընդդիմախոսները կա՛մ բացահայտորեն ստում են, կա՛մ էլ կիսաճշմարտություններ են ասում եւ դրանք մատուցում են այնպես, որ հնարավոր լինի ապակողմնորոշել, խաբել  հասարակությանը: Իրականում երբեք եւ ոչ մի տեղ չեն եղել քաղաքական գործիչներ, որոնք այս կամ այն շահից ելնելով չդիմեն մանիպուլյացիաների: Ճիշտ է, այդ շահերը կարող են լինել զուտ անձնական, ինչպես նաեւ՝ խմբակային, կուսակցական, բացառիկ դեպքերում՝ նաեւ պետական: Մանիպուլյացիաների են դիմում բոլորը՝ Ուինսթոն Չերչիլից սկսած Գեւորգ Պետրոսյանով ավարտած:

Նույնը՝ ամբոխավարությունը: Վերջերս ՀՀԿ-ն «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի աջակցությամբ աշխատաժողով է անցկացրել՝ «Պոպուլիզմը եւ ավանդական քաղաքականությունը» վերնագրով: Այդ միջոցառման մասին բավականին աղոտ տեղեկատվությունից տպավորություն է ստեղծվում, որ գոյություն ունի «հին ու բարի», բոլոր առումներով անաղարտ «ավանդական քաղաքականություն», եւ կա վերջերս ծնված կեղտոտ պոպուլիզմը, որով տարբեր երկրներում, նաեւ՝ Հայաստանում, ճարպիկ քաղաքական գործիչները խաբում են ժողովուրդներին: Իրականում ավելի ավանդական երեւույթ, քան պոպուլիզմն է, քաղաքականության մեջ գոյություն չունի: Հին Աթենքում եւ Հռոմում, դրանից առաջ եւ հետո, իշխանության եւ ընդդիմության ներկայացուցիչները մշտապես զբաղվել են պոպուլիզմով: (Կարդացեք թեկուզ Պլուտարքոսի հեղինակած կենսագրությունները):

Անկախ Հայաստանում նույնպես ե՛ւ ընդդիմությունը, ե՛ւ իշխանությունը մշտապես զբաղվում էին եւ զբավում են պոպուլիզմով եւ մանիպուլյացիաներով: Օրինակ, երբ մեր երկրի որեւէ վարչապետ ասում էր, որ ինքն աշխատեցնելու է «Նաիրիտը» կամ «Վանաձոր քիմպրոմը», դա մաքուր պոպուլիզմ էր: Երբ նախորդ իշխանությունը խոստանում էր կառուցել Հայաստան-Իրան երկաթուղին, նա զբաղվում էր ամբոխավարությամբ: Պոպուլիզմ էր նախորդ ընդդիմության կողմից արագաչափերի, նկարահանող սարքերի եւ կարմիր գծերի մասին խոսելը: Հիմա ներկայիս ընդդիմությունը զբաղվում է պոպուլիզմով՝ երբ շահարկում է միասեռականների, սեռափոխվածների եւ Ստամբուլյան կոնվենցիայի չեղած խնդիրները: «Թալանչիներին պատժելու» թեման ներկա իշխանությունների ամբոխավարական մանիպուլյացիաների դաշտն է:

Բայց այդ ամենն արձանագրելով, ես զերծ եմ մնում գնահատականներից՝ լավ է, վատ է, ճիշտ է սխալ է: Դա պարզապես քաղաքականություն է:

Արամ Աբրահամյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Seyran says:

    Հենց վատն էլ նա է,որ դա ընդամենը քաղաքականություն է…

  2. henri says:

    Քաղաքականութիւնը սկզբունքով պէտք է օրէնքի ճամբով լաւ նպատակ մը ծնի- քաղաքականութիւն չէ ամբոխավարութեամբ և խեղաթիւրումներով նպատակ մը հետապնդելը որ կը նշանակէ ապօրինի ճամբաներով տեղ մը հասնիլ… ուր՞ մնաց մարդկային բարոյականութիւնը որ պէտք է հիմնական սկզբունքը ըլլայ բոլոր քաղաքական գործիչներուն․
    Մագիավէլլիին ՚՚ Փրինչիփէ՚՚ /Իշխանը/ կը յայտարարէ որ ամէն բարոյական սկզբունք կարելի է ոտնակոխ ընել նպատակին հասնելու համար -այն ինչ կը գործադրեն այլեւս աշխարհի գրեթէ բոլոր իշխանաւորները ․

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930