«Կիսաբաց լուսամուտներ» շոու-հաղորդման ժամանակ Անահիտ Բախշյանի արտահայտած մտքի համար ներողության պահանջը մերժվել է հայցային վաղեմության հիմքով
ՀՀ ԿԳՆ «Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ը 2018 թվականի նոյեմբերի 8-ին հայց է ներկայացրել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ Գայանե Ավետիսյանի, Սիրվարդ Ռուստամյանի, Թամարա Գեւորգյանի, Անահիտ Բախշյանի, Անահիտ Հովհաննիսյանի` պատվին, արժանապատվությանը եւ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պահանջի մասին:
Դատավոր Զ. Նախշքարյանի աշխատակազմին է հանձնվել նոյեմբերի 9-ից:
Վեց նախնական դատական նիստից հետո դատարանը որոշեց՝ «գործից մաս առանձնացնելու մասին»: Ըստ այդ որոշման պատճառաբանական մասի, հայցվորը ներկայացրել էր միջնորդություն, որով Անահիտ Հովհաննիսյանի դեմ ուղղված պահանջից հրաժարվում է եւ խնդրել էր այդ մասով վարույթը կարճել:
Կարդացեք նաև
Իսկ պատասխանողների ներկայացուցիչը ներկայացրել էր միջնորդություն` հայցի եւ երրորդ անձի կողմից ներկայացված պահանջների մի մասով հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ:
Դատարանի հոկտեմբերի 11-ի որոշմամբ Անահիտ Ալեքսանի Հովհաննիսյանի մասով գործի վարույթը կարճվել է, իսկ դատարանի նույն օրվա վճռով պատասխանողի միջնորդությունները` հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ, բավարարվել է մասնակի:
Դատարանը վճռել է «Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ի հայցն ընդդեմ Անահիտ Բախշյանի` «Կիսաբաց լուսամուտներ» շոու-հաղորդման ժամանակ 23.04.2018թ. արտահայտած` «Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողական խանգարումներ ունեցող թիվ 14 դպրոցում կրթություն, որպես այդպիսին, չկա, եւ այնտեղ խնդիրներին նայում են մատների արանքով» մտքի համար ներողություն խնդրելուն պարտավորեցնելու պահանջը ենթակա է մերժման` վեցամսյա հայցային վաղեմության ժամկետի բացթողնման հիմքով:
Հատուկ դպրոցի հայցն ընդդեմ Անահիտ Բախշյանի` 28.05.2018թ. aravot.am կայքում տպագրված հոդվածում աշխատանքից ապօրինի ազատված եւ խախտված իրավունքները դատական կարգով վերականգնած դպրոցի ՄԿԱ գծով նախկին փոխտնօրեն Թամարա Գեւորգյանի մասին կատարված հրապարակումների համար ներողություն խնդրելուն պարտավորեցնելուն պահանջը նույնպես մերժել` օրենքով սահմանված մեկամսյա վաղեմության ժամկետի բացթողնման հիմքով:
Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձ Ալեքսան Ահարոնյանի հայցն ընդդեմ Գայանե Ավետիսյանի, Սիլվարդ Ռուստամյանի եւ Թամարա Գեւորգյանի` ՀՀ կրթության եւ գիտության նախարարին հասցեագրված 14.09.2018թ. դիմումում արտահայտած դատողությունները, որպես զրպարտություն որակելու եւ 1-ական ՀՀ դրամ գումար փոխհատուցելուն յուրաքանչյուրին պարտավորեցնելու պահանջների մասին դատարանը մերժել է դարձյալ օրենքով սահմանված վեցամսյա վաղեմության ժամկետի բացթողնման հիմքով:
Հատուկ դպրոցի հայցն ընդդեմ Գայանե Ավետիսյանի, Սիլվարդ Ռուստամյանի եւ Թամարա Գեւորգյանի` ՀՀ կրթության եւ գիտության նախարարին հասցեագրված 14.09.2018թ. դիմումում արտահայտած դատողությունները, որպես զրպարտություն որակելու եւ ՊՈԱԿ-ին 1.500.000 ՀՀ դրամ գումար փոխհատուցելուն պարտավորեցնելու պահանջների մասին մերժել` օրենքով սահմանված վեցամսյա վաղեմության ժամկետի բացթողնման հիմքով:
Երրորդ անձ Ալեքսան Ահարոնյանի հայցն ընդդեմ Անահիտ Բախշյանի` ՀՀ ԿԳՆ կրթության տեսչության մարմնի ղեկավար Ա. Շառաֆյանին հասցեագրված 16.09.2018թ. դիմումում արտահայտած դատողությունները` որպես վիրավորանքի համար ներողություն խնդրելուն պարտավորեցնելու եւ նշված վիրավորանքի համար Անահիտ Բախշյանից 250 000 ՀՀ դրամ գումար բռնագանձելու, Հակոբ Հովհաննիսյանի դեմ` ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի անդամ Անահիտ Բախշյանին հասցեագրված 2018 թվականի սեպտեմբերի 14-ի դիմումում առկա վիրավորանք պարունակող արտահայտությունների համար ներողություն խնդրելուն պարտավորեցնելու պահանջները մերժվել են` օրենքով սահմանված վեցամսյա վաղեմության ժամկետի բացթողնման հիմքով:
Գործից մաս առանձնացնելու մասին որոշումը դատարանը հրապարակել է վճռի հետ միասին եւ առանձնացված մասով նշանակել է նախնական դատական նիստի օրն ու ժամը՝ դեկտեմբերի 10-ին, ժամը 14:00-ին:
Դատարանի վճիռ-որոշումից տասն օր հետո դատարան է ուղարկվել «լրացուցիչ վճիռ կայացնելու» միջնորդություն՝ պատասխանողների ներկայացուցիչ, փաստաբան Գրիգոր Առաքելյանի կողմից:
Ըստ պատասխանողի ներկայացուցչի, վճռի եզրափակիչ մասում անդրադարձ չի կատարվել պատասխանողների դատական փոխհատուցման հարցին, ինչը պետք է արվեր: «Իմ կողմից դատարանին է ներկայացվել վստահորդներիս կողմից կնքված փաստաբանական ծառայությունների մատուցման պայմանագիրը, որի համաձայն Անահիտ Հովհաննիսյանը պարտավորվել է մատուցած ծառայությունների դիմաց համապարտության կարգով վճարել 400 000 ՀՀ դրամ: Հարկ եմ համարում նշել, որ նշված գումարը սահմանվել է յուրաքանչյուր պատվիրատուին մատուցվող ծառայության դիմաց՝ հարյուր հազար դրամ գումար սկզբունքով, քանի որ վերոնշյալ պայմանագրով պատվիրատուները չորսն են»,-նշել էր պատասխանողների ներկայացուցիչ-փաստաբանը:
Վերջինս պահանջում էր 300 000 դրամ գումարը բռնագանձել հատուկ դպրոցից, իսկ մնացյալ 100 000 դրամին անդրադառնալ Անահիտ Հովհաննիսյանի գործով եզրափակիչ դատական ակտով:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
13.11.2019