Լրահոս
Օրվա լրահոսը

Կրկնություններ շատ կան, սակայն այս մեկն աբսուրդի է նմանվում

Նոյեմբեր 14,2019 12:00

Գաղտնիք չէ, որ բոլոր ժամանակներում էլ իշխանություններն իրենց պաշտոնավարման ժամանակահատվածում միշտ էլ բազմաթիվ եւ բազմապիսի սխալներ են թույլ տալիս, սակայն կան սխալներ, որոնք չափազանց ակնհայտ են, եւ այդ կտրվածքով, իշխանությունները ոչ մի արդարացում չունեն:

Անչափ զարմանալի է, որ ողջ իշխանական համակարգում այդպես էլ չի գտնվում գոնե մեկը, որն ասի՝ ընկերներ, երեխաներն անգամ գիտեն, որ մածունն սպիտակ է, ինչ իմաստ ունի մեր կողմից փորձել մածունն այլ գույնի ներկայացնել եւ դրանով իսկ բացահայտ ստվեր գցել եւ կասկածի ենթարկել մեր կողմից քողարկված բազմաթիվ այլ փխրուն գործողությունները, որոնք իրենց խորքում պարունակում են հազար ու մի ինտրիգներ, որոնց նպատակը զուտ ժողովրդին խաբելն ու մեծ շահեր ստանալն է:

Հասկանալի է, որ իշխանությունը եւս մարդկանցից է կազմված եւ քանի որ մարդը սխալական է, ապա իշխանությունը եւս կարող է սխալական լինել: Սակայն այստեղ խոսքը չի գնում սովորական սխալների մասին, այլ այն սխալների մասին, որոնք բացահայտ են եւ բացի ժողովրդից, պետությանը եւս մեծ վնասներ են պատճառում: Դրանց քանակը քիչ չէ, սակայն այս նյութում կխոսենք դրանցից մեկի մասին:

Գաղտնիք չէ նաեւ, որ ցանկացած երկրի գերնպատակներից մեկն էլ փոքր ծախսերի ապահովմամբ՝ մեծ եկամուտների ստացումն է, որոնց տարբերության շնորհիվ ժողովրդի համար կստեղծվեն ապրելու շատ թե քիչ նորմալ պայմաններ, իշխանություններին թողնելով մեկ գերխնդիր. ամեն ինչ անել ժամանակի ընթացքում այդ տարբերությունը մաքսիմալի հասցնելու եւ այն ի հնարավորին երկարաժամկետ պահելու համար: Խորհրդային Միության փլուզումից եւ նրա կազմում եղած նորանկախ պետությունների կազմավորման առաջին իսկ օրերից պարզ դարձավ, որ այդ երկրների համար չափազանց դժվար էր լինելու ինքնուրույն գոյատեւելը եւ միակ ճանապարհը մնում էր կայացած երկրներին ձեռք մեկնելը եւ նրանց օգնությամբ  ոտքի կանգնելը:

Կրկնում եմ, ինչպես այն ժամանակ, առավել եւս ներկա պահին, երբ երկիրը գտնվում է չափազանց վատ սոցիալ-տնտեսական պայմաններում, չափազանց կարեւոր է, որ երկրում ծախսերը լինեն մաքսիմալ փոքր, չափազանց օպտիմալացված, որպեսզի խնայված միջոցներն ուղղվեն երկիրը՝ բառիս բուն իմաստով, փրկելու համար: Իսկ ծախսեր խնայելը բառերով չի լինում, պետք է կիրառել ոսկերչական ճշգրտությամբ հաշվարկներ եւ մոտեցումներ, որպեսզի հնարավոր լինի ծախսերը հասցնել մինիմումի, միաժամանակ կարողանալով գոնե գոյատեւել: Առանց ցնցումներ առաջացնելու, ծախսերի նվազեցման եւ կրճատման բազմաթիվ գիտական մոտեցումներ կան, որոնք կարելի է զգուշորեն համադրել մեր երկրի տվյալ վիճակի սպեցիֆիկացիայից ելնելով, սակայն մինչ այդ, նախ պետք է իրականացնել բացահայտ երեւացող օպտիմալացումներն ու ծախսերի կրճատումները:

Ինչպես վերը  նշեցի, դրանք շատ-շատ են, կխոսենք դրանցից կարեւորներից մեկի մասին: Ինչ է նշանակում, երբ մի երկրում, որտեղ ծայրահեղ աղքատությունն ու աղքատությունը գերազանցում է մարդկանց 70 եւ ավելի տոկոսը, բնակչությունն էլ հազիվ մոտ երկու միլիոն լինի, պետության հաշվին, այն էլ չափազանց ուռճացված աշխատակազմերով, գործում եւ գործառույթներով միմյանց լիարժեք՝ 100 տոկսով կրկնում են հետեւյալ երկու կառույցները՝ Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) եւ Հայաստանի քննչական կոմիտեն (ՀՔԿ):

Կույրին անգամ բացահայտորեն տեսանելի է, որ այդ կառույցներն ստեղծվել են որոշակի կոնկրետ անձերի համար, այդ կառույցների ղեկավարներ նշանակելու համար, չնայած տվյալ պահի իշխանությունները քննչական կոմիտեի ստեղծումը հիմնավորում էին հետեւյալ անհեթեթ հիմնավորմամբ. քանի որ ՀՔԾ-ն զբաղվելու է միայն պաշտոնատար անձանց քննությամբ, հետեւաբար որպեսզի ժողովրդի մնացած հատվածը դուրս չմնա քննությունից, պարտադրված են ի դեմս քննչական կոմիտեի, ստեղծել այդ կառույցը, որպեսզի ժողովրդին եւս քննող լինի, այլապես ժողովուրդը կմնա անտեր: Նման հիմնավորումը կարող է շարժել անգամ երեխայի ծիծաղը, քանզի ինչու չէր կարող նույն ՀՔԾ-ն քննել նաեւ հասարակ ժողովրդին (ինչ է, քննվողի հարցում էլ են տարբերակում դնում պաշտոնյաների եւ հասարակ ժողովրդի միջեւ: Կարող է չեն հասկացել, որ մարդուն են քննում եւ անկախ պաշտոնական դիրքից, մարդը մնում է մարդ, առավել եւս, որ աջ ու ձախ մշտապես հորջորջում են, որ օրենքի առջեւ բոլորը հավասար են):

Լավ, նախկին իշխանություններն իրենց հավատարիմ զինակից Աղվան Հովսեփյանին գլխավոր դատախազի պաշտոնից հանելուց հետո, չուզեց  նեղացնել եւ լուսանցքից դուրս թողնել, արհեստականորեն ստեղծեցին քննչական կոմիտե ու ղեկավար նշանակեցին նրան, բա այսօրվա իշխանություններն այս հարցով ինչ են մտածում, որ չեն միացնում այդ երկու կառույցները: Ինչ է, մեծ խելք է պետք դրա համար, որ երկրի այսպիսի ծանր ֆինանսական պայմաններում, այդ քայլը մեկ րոպե շուտ չեն անում: Ինչ է, չլինի, իրենք էլ են անձերի կտրվածքով առաջնորդվում, այդքան սարսափելի մեծ ծախսեր շռայլելով: Այդ ինչպես է, որ փորձում են անգամ Վճռաբեկ դատարանն ու Սահմանադրական դատարանը միացնել ու դա այն դեպքում, երբ դրանց գործառույթները բավականին տարբերվում են իրարից, իսկ ՀՔԾ-ն ու ՀՔԿ-ն, որ բացարձակ նույն գործառույթներն ունեն, դրանց համար քայլ չեն անում: Եթե իրենց իշխանության մեջ չկա մեկը, որ այդ պարզ բանը հասկանա, ապա թող դիմեն «իշխանությանը»՝ ժողովրդին եւ նրանք կհուշեն:

Ինչպես բոլոր իշխանությունները, այս իշխանությունը եւս գերադասում է գնալ նույն ճանապարհով. մուրալ այլ երկրներից, որպեսզի խղճան ու մի քանի կոպեկ պարտքով վարկ տան, քանզի դա առանց չարչարանքի ճանապարհ է, էլ չեն ասում, որ միեւնույն է, այդ պարտքերը ժողովրդի վզից են դուրս գալու: Եթե դու չես կարողանում քո ֆինանսները նորմալ կառավարել, ինչպես ես ուրիշից պարտքով լրացուցիչ գումար աղերսում, երբ որ վատ կառավարման արդյունքում դրանք եւս անիմաստ փոշիացվելու են եւ ժողովրդի ուսերի վրայի բեռն է իզուր տեղն ավելանալու: Եվս մեկ անգամ բարձրաձայնեմ, որ նմանատիպ կառույցներ շատ կան, որոնց օպտիմալացումից երկիրը մեծ խնայողություններ կունենա, որը կարելի է ուղղել բանակին, նոր աշխատատեղեր ստեղծելուն, աշխատավարձերի բարձրացմանը եւ այլն, եւ այլն…

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ
Հայաստանի Ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ            

«Առավոտ» օրաթերթ
13.11.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930