Լրահոս
Օրվա լրահոսը

«Նկարահանող խումբը սպունգի նման կլանում ու ճանաչում է Ռոբերտ Ամիրխանյանին»

Նոյեմբեր 14,2019 12:30

Ասում է կոմպոզիտորի մասին ֆիլմի ռեժիսոր Հայկ Մկրտչյանը

«Առավոտը» տեղեկացրել է, որ «Օրդեր ֆիլմ փրոդաքշընը» ֆիլմ է նկարում կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի մասին, ֆիլմի աշխատանքներում ներգրավված է նաեւ ճանաչված կոմպոզիտորի դուստրը` Աննա Խաչատրյան-Ամիրխանյանը:

Նա ֆիլմի համապրոդյուսերն է, ֆիլմի ռեժիսորը Հայկ Մկրտչյանն է, իսկ գլխավոր պրոդյուսերը՝ Հայկ Օրդյանը:«Առավոտը» զրուցեց ֆիլմի ռեժիսոր Հայկ Մկրտչյանի հետ:

«Սա Ռոբերտ Ամիրխանյանի մասին վավերագրական դիմանկար է` կառուցված բացառապես կենդանի նկարահանումներով ու էպիզոդներով, այսինքն՝ չկան կողմնակի հարցազրույցներ: Բացի Ռոբերտ Ամիրխանյանից, ֆիլմում առկա են ուրիշ հերոսներ նույնպես, թե ընտանիքի անդամներից, թե գործընկերներից, սակայն բոլոր հերոսները, որոնք կան ֆիլմում, նույնպես նույն կենդանի շփման միջոցով են հայտնվում: Մի խոսքով, որպես այդպիսին, չկա ակադեմիական հարցազրույց Ռոբերտ Ամիրխանյանի հետ: Փորձելու ենք ֆիլմը կառուցել կենդանի էպիզոդների միջոցով` Ամիրխանյանն ընտանիքում, Ամիրխանյանը ընկերների միջավայրում, Ամիրխանյանն աշխատելիս, Ամիրխանյանը բեմի վրա, Ամիրխանյանը մտորելիս եւ այլն… Բոլոր դրվագները հնարավորինս բնական ու կենդանի ձեւով ենք ներկայացնելու»,- ասաց ֆիլմի ռեժիսորը:

Նա նշեց, որ կոմպոզիտորի մասին ֆիլմ նկարահանելու առաջարկը հաճույքով է ընդունել: «Իմ սերնդակիցները մանկուց լսել են նրա երգերը, այսօր էլ լսում են: Մոսկվայում ապրելու տարիներին ես մի բան նկատեցի, որ Ռոբերտ Ամիրխանյանի ստեղծագործություններին, հատկապես մուլտֆիլմերի համար գրված երգերին քաջ ծանոթ է նաեւ ռուս հասարակությունը, բոլորը տեղյակ են, լսել են, երգում են, բայց քչերը գիտեն, թե ով է այդ երգերի հեղինակը: Իմ կարծիքով՝ ֆիլմը նաեւ այս խնդիրը լուծելու նպատակ ունի, որ հայտնի եւ անհայտ Ռոբերտ Ամիրխանյանի կերպարն ամբողջական դառնա… Մեր թիրախը լինելու են ոչ միայն հայ կատարողները, այլեւ արտասահմանցի հայտնի երգիչներ ու կատարողներ»,-հավելեց Հայկ Մկրտչյանը:

Նրա ձեւակերպմամբ, Ռոբերտ Ամիրխանյանն այն կերպարներից է, որի մասին երկար կարելի է խոսել. «Ֆիլմի միջոցով փորձելու ենք ամենապարզ Ռոբերտ Ամիրխանյանից մինչեւ ամենաբարդ Ռոբերտ Ամիրխանյանը բացահայտել, քանի որ նա բազմաշերտ անհատականություն է: Բացի նրանից, որ Ռոբերտ Ամիրխանյանի հետ մեքենայով ճամփորդելն անգամ հաճելի է ու հետաքրքիր, նաեւ յուրաքանչյուր հանդիպում բերում է նոր թեմա: Ֆիլմի նկարահանումները դեռ ընթացքի մեջ են, վերջնական պատկեր չեմ ուզում տալ, բայց մի բան հստակ է` նկարահանող խումբը սպունգի նման կլանում ու ճանաչում է Ռոբերտ Ամիրխանյանին ամեն հանդիպման ժամանակ»:

Ռեժիսորը կոմպոզիտորին բնորոշում է նաեւ որպես չափազանց հետաքրքիր կերպար եւ նկարահանող կազմի անդամ է: Ասում է. «Չի եղել մի դեպք, որ մաեստրոն ասի հոգնել է, ուզում է գնալ հանգստանալ, մի դեպք, որտեղ ինչ-ինչ հավակնություններ է բանեցնում, ինքը միշտ տարել է մեր «նազուտուզը»… Շատ շնորհակալ ենք մաեստրոյին, որ ամեն կերպ օգնում է, որպեսզի առավել արդյունավետ նյութ կարողանանք ձեռք բերել»:

Հայկ Մկրտչյանը փաստում է, որ օրինակ՝ Ստեփանակերտում կայացած ողջ համերգի ընթացքում, որ տեւել է շուրջ 3,5 ժամ, Ռոբերտ Ամիրխանյանը պահպանել է ոգեւորությունն ու էներգիան, ինչը արտիստական բարձրագույն պրոֆեսիոնալիզմի դրսեւորում է եւ պատահական չէ, որ ասել է, թե բեմի վրա ինքը ոչ թե 80, այլ 37 տարեկան է:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը տրամադրել է «Օրդեր ֆիլմ փրոդաքշընը»:

«Առավոտ» օրաթերթ
13.11.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930