Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ միջանցք եմ դուրս գալիս, մյուս մամաներն ասում են՝ ինքը թող միջանցք դուրս չգա». ՄԻԱՎ-ով վարակված երեխայի մայր

Նոյեմբեր 13,2019 21:21

ՄԻԱՎ-ով վարակված փոքրիկի մայրը հոգեբանական ծանր վիճակում է: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Իրական աշխարհ» իրական մարդիկ» հասարակական կազմակերպության սոցիալական աշխատող Աննա Ավետիսյանը: Նա օրերս այցելել է փոքրիկին ու մորը, նրանք դեռ «Արաբկիր» բժշկական կենտրոնում են:

Աննա Ավետիսյանն ասաց, որ նախապես թույլտվություն էր ստացել այցելելու փոքրիկին: Նրա հիվանդասենյակը գտել են դռան վրա փակցված գրառմամբ՝ «հիվանդը մեկուսացված է: Խնդրում ենք առանց դիմակի եւ համապատասխան հանդերձանքի չմտնել հիվանդասենյակ»: Ավետիսյանն ասաց, որ այսպիսի գրառմամբ հիվանդանոցը խտրական վերաբերմունք է ցուցաբերում: ՀԿ-ի սոցիալական աշխատողը դիմել է բժիշկներին եւ առողջապահության նախարարությանը՝ խնդրելով հեռացնել դռան վրայի գրառումը: Հեռացրել են, բայց հետո այլ գրառում են փակցրել՝ «Խնդրում ենք հիվանդասենյակի դուռը չբացել, հիվանդին չանհանգստացնել»:

Ավետիսյանը գտնում է՝ թեեւ գրառումը փոխել են, բայց նոր գրառմամբ էլ հիվանդանոցը շեշտում է, թե հիվանդը վտանգավոր է, դրանով ավելի են սեւեռում մարդկանց ուշադրությունը.«Երեխան պառկած է այն բաժանմունքում, որտեղ բոլորը թեթեւ հիվանդներ չեն: Ասել եմ բժիշկներին՝ ուրեմն ձեր բաժանմունքի բոլոր հիվանդասենյակների դռների վրա նույն գրառումը փակցրեք: Փոքրիկի մոտ բարձրանալուց առաջ ինձ խալաթ, դիմակ եւ ձեռնոց տվեցին: Խալաթն ու դիմակը հասկանալի է, վերցրեցի, բայց ձեռնո՞ց: Սա տարօրինակ էր, որովհետեւ գոնե բժիշկները պետք է տեղեկացված լինեն, որ սովորական շփումով ՄԻԱՎ վարակը չի փոխանցվում, եւ առաջին հերթին բժիշկները, բուժաշխատողները չպետք է խտրական մոտեցում ցուցաբերեն: 2-րդ գրառումից հետո ասացին, որ այդպիսով փորձում են պահպանել փոքրիկի անվտանգությունը, քանի որ նրա իմունիտետը ցածր է, փորձում են կողմնակի այցելություններից զերծ պահել նրան»:

Ավետիսյանը պատմեց, որ երեխայի մայրն առանց այն էլ հոգեբանական ծանր ապրումների մեջ է, բաժանմունքի այլ հիվանդասենյակների ծնողներն էլ ճնշում են գործադրում. «Մաման ասում էր՝ երբ միջանցք եմ դուրս գալիս, քույրերն ու բժիշկներն ասում են՝ մյուս մամաներն ասում են՝ ինքը թող միջանցք դուրս չգա: Բժիշկները բացատրել են, որ մամայի մոտ վարակ չկա, երեխան էլ վտանգ չի ներկայացնում, բայց միեւնույն է…»:

Աննա Ավետիսյանը նաեւ փոխանցեց փոքրիկի մոր մտահոգությունները.«Բժիշկներն ասել են՝ գուցե նույնիսկ ՄԻԱՎ չէ, այլ բան է: Նման ենթադրություններ են անում, ու մորն ավելի վատ վիճակի մեջ գցում: Մայրը նաեւ պատմել է, որ երբ երեխան շատ ծանր վիճակում էր, բժիշկներն ասել էին՝ 2 օրվա կյանք ունի, մայրն ասաց՝ ես ուզում էի ինձ պատուհանից գցել»:

Սոցիալական աշխատողի այցերից ու փոքրիկի մոր հետ զրույցներից հետո երեխայի ծնողների ու տատիկի հոգեբանական վիճակը փոքր-ինչ մեղմվել է, նրանք տեղեկացվել են վարակի փոխանցման հավանական ուղիների մասին, բայց հիմա խճճված են. «Քանի նրանց հոգեբանական աջակցություն է հարկավոր, փորձեցի օգնել, պետք էր աջակցություն, որպեսզի հնարավորինս հոգեպես սթափվեին: Մայրը դեռեւս ենթադրում է՝ փոքրիկը երեւի պլազմայի միջոցով է վարակվել: Ծնողները որոշել են փաստաբանի դիմել, դատարան են դիմելու, որպեսզի ամեն ինչ բացահայտվի: Մենք եւս առաջարկեցինք իրավաբանական աջակցություն, խորհուրդ տրամադրել»:

Երեխայի ծնողների փաստաբանի են դիմելու, քանի որ իրավապահ մարմինների հետ հույս չեն կապում, քննիչը, կարծես թե, գլուխ չի հանում: Ավետիսյանը պատմեց, որ գործով զբաղվող քննիչն անհեթեթ հարցեր է տվել ծնողներին. «Քննիչը, կարծես, ոչինչ չգիտի վարակի փոխանցման աղբյուրների մասին: Պատկերացնո՞ւմ եք, նա ծնողներին հարցրել է՝ կարո՞ղ ա փոքր ժամանակ եկել են տեսակցության, համբուրել են, փռշտացել են, կպել են, կամ փոքր ժամանակ տարել եք հարեւանի տուն եւ այլն: Եթե քննիչը չգիտի, որ համբուրելով ՄԻԱՎ վարակ չի փոխանցվում, սովորական շփումով չի փոխանցվում, անգամ նույն սպասքից օգտվելով չի փոխանցվում, նա ինչպե՞ս է բացահայտելու վարակի փոխանցման աղբյուրը»:

Հիշեցնենք, 2 տարեկան փոքրիկի մոտ վերջերս «Արաբկիր» բժշկական կենտրոնում ՄԻԱՎ է բացահայտվել, մինչ այդ ամիսներ շարունակ երեխային տարբեր գանգատներով տարբեր հիվանդանոցներ են տարել: Փոքրիկի մայրը պատմել է, որ մայիս ամսին բարձր ջերմությունով տարել էին Աշտարակի հիվանդանոց, որտեղից ուղղորդել են այլ հիվանդանոց: Թույլ իմունիտետով նրան տեղափոխել էին «Արաբկիր» ԲԿ, որտեղ 2 ամիս պառկելուց եւ տարբեր հետազոտություններից հետո ՄԻԱՎ դրական պատասխան են ստացել:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930