Aravot.am-ի հետ զրույցում Շիրակի պետական համալսարանի պատմության և փիլիսոփայության ամբիոնի դասախոս, քաղաքագետ Գագիկ Համբարյանն, անդրադառնալով «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծին, որի չեղարկման դեմ դասադուլ ու ստորագրահավաք էր սկսվել այս բուհում, ասաց․ «Պարոն Արայիկ Հարությունյանի ծրագիրը, որն ինքը հրամցնում է հասարակությանը, չի համապատասխանում մեր ազգային շահերին։ Երկրորդը՝ եկեք տեսնենք, թե մեր հարևան պետություններն ի՞նչ վերաբերմունք ունեն իրենց բուհերում մայրենի լեզվի և պատմության մատուցմանը։ Եթե Արայիկ Հարությունյանը հայաստանյան բուհերի ծրագրերից հանում է կամ հովանավորում է, որ հանեն հայոց պատմությունը, հայոց լեզուն և գրականությունը, լավ կլինի բացատրի՝ ինչի՞ հիման վրա է այդ ամենն արվում, որովհետև իր երկու-երեք նախադասությամբ բացատրությունն ուղղակի անընդունելի է։
Նա դրա հետևանքների մասին մտածե՞լ է։ Ի՞նչ է նշանակում այդ առարկաները թող դպրոցում լավ սովորեն։ Իր ղեկավարած գերատեսչությունն ընդհանրապես ուսումնասիրություններ կատարե՞լ է նույն ուսանողության շրջանում, թե արդյո՞ք հայագիտական առարկաների դպրոցական ծրագրերը նման են բուհերում մատուցված ծրագրերին։ Եվ հետո ամեն անգամ իր անտրամաբանական քայլերն առաջ տանելով՝ պարոն Արայիկ Հարությունյանն անընդհատ մեջբերում է կոռուպցիայի դեմ պայքարը։ Գիտեք արդեն շատ վիրավորական է․ հայոց լեզվի, գրականության, հայոց պատմության դասախոսները, որոնք դասավանդում են ոչ մասնագիտական բաժիններում, բոլորը կոռումպացվա՞ծ են»։
Քաղաքագետը մեջբերում է հարևան երկրների ծրագրերը։ Հարևանները, մեր զրուցակցի բնութագրմամբ, պատմություն չեն ունեցել և որպես ազգ մինչև հիմա չեն ձևավորվել, սակայն իրենց հորինած պատմությունը մատուցում են կրթական բոլոր մակարդակներում, այդ թվում՝ բուհերում։
«Արայիկ Հարությունյանը գիտի՞, որ Բաքվի համալսարանում կամ ադրբեջանական բուհերի ոչ մասնագիտական բաժիններում ադրբեջաներեն լեզուն և գրականությունը, Ադրբեջանի պատմությունը քանի՞ կիսամյակ են սովորում։
Կարդացեք նաև
Ես կոնկրետ գիտեմ, որ Էրզրումի համալսարանում, ոչ մասնագիտական բաժիններում Թուրքիայի պատմությունը սովորում են 6-7 կիսամյակ։ Մարդիկ պատմություն չունեն, հայտնվել են այս տարածաշրջանում 10-11-րդ դարերում Քրիստոսի ծննդից հետո, իրենց ուսանողությանը հրամցնում են պատմություն, որը օդից է վերցրած, ֆանտաստիկայի ժանրից է, բայց իրենք իրենց դպրոցներում, բուհերում իրենց քաղաքացուն իրենց հնարածին պատմությունն են մատուցում, քաղաքացի են դաստիարակում։ Պատմությունը, լեզուն և գրականությունը քաղաքացի դաստիարակելու միջոց է։ Ինչպե՞ս կարելի է այդ առարկաները թողնել՝ ըստ հայեցողության։
Ես օրինակ եղել եմ Արաբական Միացյալ Էմիրություններում և այնտեղ ծանոթացել եմ Դուբայում գործող եվրոպական, ամերիկյան բուհերի մասնաճյուղերում սովորող հայաստանցի որոշ ուսանողների հետ։ Կապ չունի ինչ մասնագիտություն են ստանում, այնտեղ բոլորը պարտադիր սովորում են արաբական երկրների պատմություն առարկան՝ երկու կիսամյակով։
Բերենք Վրաստանի օրինակը, Վրաստանի բոլոր բուհերում պարտադիր սովորում են Վրաստանի պատմությունը, Վրաստանի բոլոր բուհերում պարտադիր ուսուցանվում է վրացերեն լեզուն։ Պետք չէ նաև մոռանալ, որ տեղի այն հայ բնակիչներին, որոնք վրացերենին չէին տիրապետում, չէին ընդունում բուհեր, մոռանո՞ւմ են։
Հիմա ինձ հետաքրքրում է մի հարց՝ պարոն Հարությունյանն ո՞ւմ ծրագիրն է առաջ տանում, սա ի՞նչ ազգադավ, հակազգային ծրագիր է։ Մենք ունենք հարևաններ, որոնք մեր պատմությունը գողանում են մեզանից, սեփականաշնորհում են մեր պատմության բազմաթիվ դրվագներ, օրինակ՝ Կիրակոս Գանձակեցուն Ադրբեջանում հռչակում են որպես ադրբեջանցի պատմագիր, և ամեն ինչ արվում է բուհերի մակարդակով, ոչ մասնագիտական ֆակուլտետներում։ Բա մենք մեր ուսանողին չասենք՝ չէ, երեխեք ջան, ինչ-որ դուք տեսնում եք համացանցում, որովհետև ադրբեջանցիները շատ ակտիվ են աշխատում այդ ոլորտում, իրականությանը չի համապատասխանում։ Դպրոցական մակարդակը լրիվ ուրիշ է, բուհական մակարդակը լրիվ ուրիշ, նախ պարոն Հարությունյանին ո՞վ է ասել, որ մենք բուհերում նստած կրկնում ենք այն ամենն, ինչ-որ դպրոցում սովորում են։ Մենք ակտիվ քննարկումներով ենք զբաղված ոչ մասնագիտական բաժիններում՝ հայոց պատմություն առարկան դասավանդելիս։
Կամ պարոն Արայիկ Հարությունյանը, որ մտցնում է այդ կարգը՝ ընտրելու, լսե՞լ է իր ռեկտորների խոսակցական հայերենը, մի ռեկտորը որ ուղիղ եթերում «կարամ»-ով, «էս, էն»-ով է խոսում, ավելի լավ կլինի իր նշանակած ռեկտորներին տանի հայոց լեզու սովորեցնի և հետո նոր մտածի՝ ինչպես կարելի է մեր երիտասարդությունից խլել իրենց պատմությունը, գրականությունը և լեզուն»,-ասաց Գագիկ Համբարյանը։
Նույն բուհի հայ գրականության դասախոս Գագիկ Խաչիկյանն էլ, որն ընթերցասրահում պատահաբար հանդիպել էր օրերս ՇՊՀ այցելած նախարար Արայիկ Հարությունյանին, Aravot.am-ի հետ զրույցում մանրամասնեց, թե ինչ է խոսել նրա հետ։
Նա ասաց, որ նախարարին հանդիպելիս, նրան հիշեցրել է, որ Շիրակի պետական համալսարանում, և ոչ միայն, սովորում են նաև ջավախահայեր, որոնք իրենց ծննդավայրում հայոց լեզու, գրականություն, հայոց պատմություն չեն անցնում։
«Ասեմ, որ Ջավախքում հայոց պատմություն չանցնելու մասին նախարարն ինքը շեշտեց, նման իրողության դեպքում մեզ մոտ եկած ջավախահայ ուսանողին ինչո՞ւ հայոց լեզու և գրականություն, հայոց պատմություն չդասավանդենք։ Պարոն նախարարն ասում է, որ ինքն արտասահմանյան փոքր երկրներում է եղել և համոզվել է, որ այդ երկրներում ևս ոչ մասնագիտական բաժիններում իրենց ազգային լեզուն չեն անցնում։ Այդ երկրներն իրենց ազգային ավանդույթներն ունեն, մենք էլ մեր ազգային ավանդույթներն ու ազգային, կենսական ու քաղաքական խնդիրներն ունենք լուծելու ներկա պայմաններում, ինչո՞ւ չզբաղվենք այդ ազգապահպանման գործով մեր փոքր, գեղեցիկ հայրենիքում»,- ասում է Գագիկ Խաչիկյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ