Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրային խորհրդի հանձնաժողովը քննարկեց լրագրող Թագուհի Ասլանյանի դիմումն ընդդեմ Ստյոպա Սաֆարյանի

Նոյեմբեր 13,2019 19:30

Այն տեղեկությունը, որը բաց է եւ հանրային է համարվում, պետք է հասանելի լինի, հրավերը հրապարակային է, եթե ակնհայտորեն սահմանափակվում է նրանց մուտքը, ապա դա ակնհայտորեն խախտում է: Այսօր Հանրային խորհրդի գրասենյակում տեղի ունեցած  քաղաքացիական հասարակության զարգացման հարցերի հանձնաժողովի նիստի քննարկմանն ասաց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ներկայացուցիչ Մանե Մադոյանը: Օրակարգում LIVEnews.am կայքի լրագրող Թագուհի Ասլանյանի դիմումի քննարկումն էր:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին «Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» ղեկավար Ստյոպա Սաֆարյանն արգելել էր մի շարք լրատվամիջոցների մասնակցությունն իր կազմակերպած միջոցառմանը, որը կրում էր «Հոկտեմբերի 27-ից 20 տարի անց. հայացք անցյալին, դասեր եւ մտորումներ» խորագիրը։ Միջոցառման նախօրեին ՄԱՀՀԻ ղեկավար Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում ազդագիր էր տեղադրել լրատվամիջոցների համար, որում, մասնավորապես, նշել էր, որ «News.am», «Hayeli.am», «168.am», «Yerevan Today», «7or.am», «Livenews.am» կայքերի, «5-րդ ալիք» ու «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունների համար մուտքը փակ է լինելու:
Թագուհի Ասլանյանը Հանրային խորհուրդ է դիմել հոկտեմբերի 4-ին՝ նշելով, որ խոչընդոտվել է լրատվամիջոցների աշխատանքը, երկու կին լրագրողների հասցեին էլ անձնական վիրավորանքներ է հասցվել:

Թագուհի Ասլանյանի խոսքով, Հայաստանում որքան ժամանակ է լրատվամիջոցների հանդեպ հատուկ վերաբերմունք է սերմանվում եւ դա դարձել է սովորական երեւույթ. «Այն լրատվամիջոցները, որոնք չեն հաճոյանում իշխանություններին, քննադատում են նրանց թերի կողմերը, նախագծերը, լրագրողները ոչ անձամբ, մասնագետների միջոցով եւ փորձում են գոնե բազմակարծություն ապահովել, թիրախավորվում են, տարանջատվում են: Նրանք համարվում են քարոզչամիջոցներ, այլ ոչ թե լրատվամիջոցներ»:

Թագուհի Ասլանյանն ասաց, որ դիմել է Հանրային խորհուրդ, որպեսզի «այս արատավոր երեւույթին ի վերջո գնահատական տրվի, որպեսզի կառավարությունում հասկանան, որ երկրում ստեղծվել է ատելության մթնոլորտ»:

Մանրամասները տեսանյութում:

Նշենք, որ պարոն Սաֆարյանը նույնպես հրավիրված էր քննարկմանը, սակայն նախապես տեղեկացրել է, որ չի ցանկանում մասնակցել այդ միջոցառմանը:

Հանձնաժողովի անդամները հայտնեցին իրենց տեսակետներն այս հարցի շուրջ:

Հանրային խորհրդի անդամ Մարատ Ատովմյանը մտահոգիչ համարեց, որ մեր հասարակության շրջանում բավականին մեծ քանակությամբ ատելության խոսքի, զրպարտության բավականին մեծ դրսեւորումներ կան, որոնք վերաբերում են տարբեր կազմակերպությունների, գործիչների, առանձին անձանց. «Կարծում եմ, որ պետք է քայլեր ձեռնարկել այդ երեւույթի դեմն առնելու համար, որովհետեւ այսպես շարունակելով չենք կարող ձեւավորել ժամանակակից ժողովրդավարական հասարակություն»:
Ինչ վերաբերում է իրավական մեխանիզմներին, ապա պարոն Ատովմյանը, որպես իրավաբան ասաց, որ Քաղաքացիական օրենսգրքով ունենք երկու հասկացություն՝ վիրավորանքն ու զրպարտությունը, սակայն անդամակցելով Եվրոպայի խորհրդին մենք ապաքրեականացրել ենք այս ինստիտուտները. «Մի ժամանակ դրանք դիտվել են քրեական հանցագործություններ, բայց Եվրոպայի խորհրդին անդամակցելուց հետո դրանք քաղաքացիաիրավական կարգավորում ստացան: Մենք դեռեւս չունենք օրենք, որը վերաբերի ատելության խոսքին»:

Ըստ Մարատ Ատովմյանի, գործող կարգավորումներով Քաղաքացիական օրենսգրքով նախատեսված վիրավորանքի եւ զրպարտության ինստիտուտն է:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հանձնաժողովի անդամ Լիլիթ Ասոյանը կոչ արեց զերծ մնալ նման բառապաշարից, չանցնել բարոյաէթիկական սահմանը, անկախ իրավիճակից պահպանել հավասարակշռությունը. «Լինել կոռեկտ արտահայտությունների մեջ, մանավանդ այն դեպքում, երբ իրենք ունեն հազարավոր հետեւորդներ եւ օրինակ են ծառայում հազարավոր քաղաքացիների համար: Եվ այս իրավիճակում ճիշտ կլինի պահպանել զգոնությունը, չբաժանել հասարակությանը որակումներ տալով՝ մանավանդ որ կնոջ հետ գործ ունեն»:

Հանձնաժողովի անդամների կարծիքներն ամփոփելուց հետո հանձնաժողովը կհրապարակի իր կարծիքը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930