Լրահոս
Օրվա լրահոսը

Արայիկ Հարությունյանն ընդգծել է՝ դպրոցը կարող է գործիք ծառայել ատելություն սերմանելու համար՝ որպես օրինակ բերելով Ադրբեջանը, որտեղ դասագրքերում հայերը ներկայացվում են որպես  թշնամիներ

Նոյեմբեր 13,2019 17:53

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը Փարիզում ընթացող ՅՈՒՆԵՍԿO-ի Գլխավոր կոնֆերանսի 40-րդ նստաշրջանի ընթացքում այսօր մասնակցել է «Դպրոցը ծայրահեղականության, խավարամտության և անհանդուրժողականության դեմ. հաջողությունների և անհաջողությունների միջև ինչպիսի ռազմավարություն որդեգրել արդյունավետ կանխարգելման համար» թեմայով քննարկմանը: Միջոցառումը կազմակերպել էին Շոայի հիշողության կազմակերպության նախագահ, Ալադին նախագծի համահիմնադիր և փոխնախագահ Էրիկ Ռոտշիլդը և Ֆրանսիայի Ազգային կրթության և երիտասարդության նախարար Ժան Միշել Բլանկեն։

Քննարկմանը ներկա էին տարբեր երկրների ԿԳ նախարարներ, ինչպես նաև այլ գործիչներ, այդ թվում՝ Ֆրանսիայի նախկին վարչապետ Ժան Պիեռ Ռաֆարենը։

ՀՀ ԿԳՄՍ նախարարը, իր ելույթում կարևորելով կրթության դերը փոխըմբռնման և հարգանքի խթանման, աղքատության հաղթահարման, գիտության զարգացման և առաջընթացի գործում, նշել է, որ այն կարող է օգտագործվել նաև սխալ նպատակների համար, որոնք դեմ են և չեն համապատասխանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի և ՄԱԿ-ի արժեքներին: Ավելին՝ այն կարող է օգտագործվել խտրականությունը, այլատյացությունը, ռասիզմը, հակասեմականությունը, իսլամոֆոբիան և նույնիսկ ցեղասպանության և պատերազմի հանցագործությունները հրահրելու կամ կանխարգելելու համար։ Նա փաստել է, որ այս հիմնախնդիրն առավել քան կարևոր է ծայրահեղականության բոլոր դրսևորումների դեմ պայքարում` միջազգային հանրության ներկայիս ջանքերի համատեքստում։

Նախարար Արայիկ Հարությունյանը նաև արժևորել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենսական դերը կրթության միջոցով խաղաղություն սերմանելու և ծայրահեղականությունը կանխարգելելու գործում և ընդգծել, որ դպրոցը և այլ կրթական հաստատություններ այսօր կարող են գործիք ծառայել ատելություն սերմանելու համար՝ որպես օրինակ բերելով հարևան Ադրբեջանին, որտեղ դասագրքերում հայերը ներկայացվում են որպես իրենց գենետիկ թշնամիներ։

Նախարարն իր խոսքում նաև համոզմունք է հայտնել, որ կրթությունը նաև վահան է մարդու իրավունքների ոտնահարման, մարդկության հանդեպ ոճրագործությունների և ցեղասպանության կանխարգելման համար։ Նա մանրամասն ներկայացրել է Հայաստանի հանձնառությունը՝ կրթության միջոցով նպաստելու միջմշակութային, միջկրոնական  և ազգամիջյան երկխոսությանը։

ԿԳՄՍՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930