ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր պատգամավոր Արման Բաբաջանյանը (լուսանկարում) վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց` օրերս ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին՝ ակնարկել էր, որ ժամանակին ՌԴ-ն իր գործընկեր ՀՀ-ին զգուշացրել էր, որ հայ-թուրքական հարաբերությունների վերականգնման հարցում Արցախի խնդրի առնչությամբ նախապայմաններ կարող են դրվել: Բաբաջանյանը հարցրեց՝ կա՞ օրակարգում մտադրություն, որ հայ-թուրքական հարաբերությունների վերականգնումը հնարավոր է Ռուսաստանի միջնորդությամբ: Նիկոլ Փաշինյանը հարցին այլաբանական օրինակով պատասխանեց. «Եթե փետրվարին մեկն առաջարկի գնալ Սեւանում լողանալու, ապա առաջարկը տրամաբանական չի լինի: Եթե դա ասվի հուլիսին, տրամաբանություն կլինի: Տարածաշրջանային իրավիճակը եւ մթնոլորտը ցույց են տալիս, որ այս դեպքում փետրվարն է, ուստի պետք չէ իրերը հավաքել եւ գնալ լողանալու, որովհետեւ թոքաբորբ կունենանք եւ դրանից բխող… ինչը մի անգամ արդեն տեղի է ունեցել: Համաձայն եմ Լավրովի հետ: Համատեքստը պետք է ճիշտ լինի: Միշտ չէ, որ պետք է Սեւանում լողանալ»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ