«Մենք փորձել ենք հասկանալ, թե ինչպես են մարդիկ սպառում մեդիան, մեզ համար կարևոր էր հասկանալ, թե որ հանգամանքներն են ազդում մարդկանց կարծիքի վրա, կարևոր էր հասկանալ, թե մեդիա սպառողների որ հատվածն է առավել ապատեղեկացված, առավել բարձր մեդիա գրագիտություն ունի»,- Հոդված 3 ակումբում հրավիրված քննարկմանը տեղեկացրեց «Իրազեկ քաղաքացիների միավորման» ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը՝ խոսելով «Հայաստանյան մեդիայի սպառման և ապատեղեկացվածության մակարդակի ուսումնասիրություն» հետազոտության արդյունքների մասին:
«Հետազոտությունների առաջատար խմբի» ղեկավար Ռուբեն Սարգսյանը նշեց, որ հարցվածների մեծամասնությունը հետաքրքրված է ներքին քաղաքական անցուդարձով: Հետազոտության արդյունքների մասին Ռուբեն Սարգսյանը մանրամասնեց. «Երիտասարդների շրջանում ավելի շատ հետաքրքրություն կա երաժշտական, զվարճանք պարունակող տեղեկությունների նկատմամբ, իսկ որքան մեծանում են, ավելի շատ սկսում են հետաքրքրվել արտաքին, ներքին քաղաքականությամբ: Ըստ հարցման արդյունքների՝ տեղակատվության ստացման հիմնական աղբյուրները համացանցն ու հեռուստատեսությունն է»:
Տեղեկատվության սպառման դեպքում հարցվածների մեծամասնությունը նախընտրում է հայերենը, այնուհետև նախապատվությունը տրվում է ռուսերենին և անգլերենին:
Ըստ հետազոտության արդյունքների՝ մարդկանց մեծամասնությունը պասիվ սպառմամբ է զբաղվում: Իսկ թե տեղեկատվության ստացման ո՞ր աղբյուրներին են վստահում, մեծամասնությունը նշել է ընտանիքի անդամներին: Այս առիթով Դանիել Իոաննիսյանն ասաց. «Ֆեյսբուքում կարող է կարդացել են, բայց դա չի նշանակում, որ վստահում են: Որոշակի առումով տարբեր պաշտոնյաների լայվերի նկատմամբ վստահությունն ավելի բարձր է, քան առհասարակ սոցցանցերի վստահությունը: Հարցվածների 77 տոկոսը դիտում է հեռուստացույց: Առաջատար հեռուստաընկերություններն են Շանթն ու Արմենիան՝ նույն հորիզոնականում, հետո Հանրայինը: Ի տարբերություն հեռուստատեսության՝ մարդիկ թերթ կարդում են հիմնականում աշխատանքային օրերին: Նախընտրում են ՀԺ, Առավոտ, Իրավունք, Եթեր, Ժողովուրդ, 168 ժամ և այլն»:
Կարդացեք նաև
Սոցցանցերից Ֆեյսբուքն առաջատար է, որին հաջորդում է Ինստագրամը:
Ներկայացվեց նաև մեդիագրագիտության համաթիվը: Մեդիագրագիտության մակարդակով առաջին հորիզոնականում Երևանն է, երկրորդում՝ Լոռու, երրորդում Կոտայքի մարզերն են: Մեդիագրագիտության ամենացածր մակարդակը գրանցվել է Սյունիքում և Արարատում:
Ըստ հետազոտության՝ առավել մեդիագրագետ են ՀՅԴ կողմակիցները, հետո Լուսավոր Հայաստանի, Իմ քայլի, ՀՀԿ-ի:
Հարցին՝ եթե ունենաք հնարավորություն, արդյոք կմեկնե՞ք Հայաստանից մշտական բնակության, հարցվածների 69.4 տոկոսը պատասխանել է՝ ոչ, 20 տոկոսը՝ այո: Համեմատելով նախկին հետազոտություններում ամրագրված ցուցանիշների հետ՝ Դանիել Իոաննիսյանն ամփոփեց. «Մարդկանց մոտ 37-40 տոկոսը, որ միտված է եղել արտագաղթելու, մեկուկես-երկու տարում փոխել է իր կարծիքը և հակված չեն արտագաղթել»:
Հարցին՝ պետական մարմինների նկատմամբ ի՞նչ վստահություն ունեն, Դանիել Իոաննիսյանը ներկայացրեց. «Ամենացածր վստահությունն ունի դատական համակարգը: Ինչ-որ առումով սպասելի էր, բայց ամեն դեպքում արձանագրում ենք հետազոտությամբ: Դատական համակարգից հետո գալիս է կուսակցությունների ինստիտուտը: Կուսակցությունների ինստիտուտը ՀՀ-ում վստահություն չունի: Զինված ուժերի նկատմամբ վստահությունը շարունակում է բարձր մնալ: ԱԺ նկատմամբ վստահությունն այդքան էլ բարձր չէ, ԱԺ-ին մարդիկ վստահում են այնքան, ինչքան իրավապաշտպան քաղհասարակությանը: Սա ցույց է տալիս, որ մենք ունենք դիսոնանս Սահմանադրությամբ ամրագրված պետական կառավարման համակարգի և հանրային իրողությունների: Հանրությունն ընդունում է, որ ինքը մանդատը տալիս է անձանց, և երկիրը կառավարում են մարդիկ, ոչ թե ԱԺ-ն ու կուսակցությունները»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ