Լրահոս
Օրվա լրահոսը

Բանասիրական ֆակուլտետի դեկան. «Գործադուլով միանում ենք ուսանողների ընդվզմանը»

Նոյեմբեր 13,2019 13:50

ԵՊՀ բանասիրության  եւ պատմության ֆակուլտետների դասախոսները մեկօրյա  նախազգուշական գործադուլ են սկսել` ընդդեմ Հայոց լեզու, գրականություն եւ Հայոց պատմություն առարկաները հայեցողական դարձնելու հայտնի նախագծի: Aravot.am-ի հետ զրույցում ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանը հաստատեց մեր ունեցած այս տեղեկությունը:

«Այո, ընդհանուր կոլեկտիվի ժողով է եղել, եւ հայտարարվել է մեկօրյա նախազգուշական գործադուլ, նաեւ ուսանողներին կոչ ենք արել վերադառնալ դասերի: Ոուսանողներին համերաշխություն ենք հայտնել, բայց ոչ քաղաքական առումով, այլ լեզվի, գրականության եւ պատմությանը վերաբերող նրանց ընդվզման: Մնացած հարցերի հետ մենք ոչ մի կապ չունենք, ոչ Արայիկ Հարությունյանի հրաժարականի հետ, ոչ էլ այլ խնդիրների հետ»,-ասաց ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի դեկանը:

Խնդրեցինք նաեւ անդրադառնալ շրջանառվող այն տեսակետին, որ հայոց լեզուն, հայոց պատմությունը դպրոցում անցնելը բավարար է, եւ իմաստ չունի նույնը կրկնել բուհում: «Նման տեսակետ հայտնողները չգիտեն դպրոցը: Դպրոցում բոլորովին ուրիշ, հասարակական միջնակարգ կրթություն են տալիս, մինչդեռ բուհում իրավաբանի համար իրավաբանական ծրագրեր ունենք, որտեղ բոլորովին ուրիշ բովանդակություն է, համալսարանում քերականություն չեն սովորեցնում, այնտեղ բոլորովին ուրիշ խնդիրներ են կիրառվում: Կամ, օրինակ, ֆիզիկոսների համար ուրիշ ծրագիր է իրականացվում, մաթեմատիկոսների համար` այլ բան, քիմիկոսների համար` նույնպես: Այնպես որ, մեկը մյուսի հետ կապ չունի: Եթե դպրոցում գիտելիքներ են, քերականություն ու չգիտեմ ինչեր են սովորեցնում, այն էլ տարիքային փոքր հասակում, պատկերացնո՞ւմ եք, թե ինչ ըմբռնումներ կարող են լինել: Եվ եթե 5000 դիմորդներից 1000-ից ավելին կտրվում է քննություններին հայոց լեզվից ու պատմությունից, դա նշանակում է, որ դպրոցն այսօր բավարար կրթություն  չի տալիս ոչ հայոց լեզվից ու գրականությունից, ոչ պատմությունից: Հարցադրումների, բովանդակության, դաստիարակության, ոգեղենության առումով ո՞նց կարելի է նույնացնել դպրոցում ու բուհերում դասավանդվողը: Բուհերում, կրկնում եմ, բոլորովին այլ բովանդակություն ունի հայոց լեզու, գրականություն եւ պատմություն առարկաների ուսուցումը»,-շեշտեց պարոն Ավագյանը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը`  ԵՊՀ-ի կայքից

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930