Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Քոչարյանը Ռուսաստանի համար արդեն հետաքրքրություն չի ներկայացնում. «Հայկական ժամանակ»

Նոյեմբեր 13,2019 13:11

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, թե «առանց ԼՂ ժողովրդի համաձայնության, որեւէ պայմանավորվածություն ձեռք չի բերվի», ռեւերանս է՝ ուղղված Հայաստանին։ Այս կարծիքին է քաղաքագետ Լեւոն Շիրինյանը։

Ըստ նրա՝ սրանով Լավրովը փորձեց վերականգնել Ադրբեջանի եւ Հայաստանի հետ ունեցած հարաբերությունների հավասարակշռությունը եւ Հայաստանի հետ նոր քաղաքականության ձեւավորման հիմք դրեց։ «Խոսքը հավասար գործընկերային հարաբերության մասին է, որը մինչ այժմ չի եղել, եղել է իրավիճակ, երբ ինչպես ուզել են, այնպես է եղել։ Հիմա Հայաստանի ընդվզումը, քննադատությունը տեղ է հասել։ Մենք քննադատում էինք, որ ոչ թե Ռուսաստանի հետ չհարաբերվենք, այլ որ նա մեզ հետ հարաբերվի հավասարը հավասարի հետ։ Պուտինի այցից հետո Լավրովի այցը հենց դրան է միտված։ Այս ուղղությամբ նոր քաղաքականություն է մշակվում։ Սա մեր պայքարի արդյունքն է եւ ոչ թե նվեր Ռուսաստանից»,- մեր զրույցում կարծիք հայտնեց նա։

Լավրովի այցի մյուս կարեւոր մեսիջը թերեւս այն էր, որ ինքը համաձայն է Փաշինյանի առաջարկած բանաձեւին՝ «Արցախի հարցի որեւէ լուծում պետք է ընդունելի լինի ե՛ւ Ղարաբաղի, ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Ադրբեջանի ժողովուրդների համար»։ «Այստեղ դժվար է վիճել»,- հայտարարեց Լավրովը։

Լեւոն Շիրինյանի համոզմամբ՝ Փաշինյանի առաջարկած այդ բանաձեւը ԼՂ հարցում անշարժ պատկերացումները շարժում է դեպի դրական ելքի միտում. «Ալիեւը գիտի, որ այլ կերպ հնարավոր չի Արցախի հարցը լուծել, եթե այդ լուծումը մեր եւ Արցախի շահի հետ չի համընկնում։ Մենք ասում ենք ինքնորոշում, իրենք ասում են տարածք, տարածքն ու ինքնորոշումը իրար հետ չնույնացող բանաձեւ են, եւ դա Ռուսաստանին ձեռնտու է, կռիվը կշարունակեն հավերժ, ինքն էլ կլինի բարեկամ կամ միջամտող»։

Մյուս եւ հավանաբար ամենաշատ քննարկված մեսիջը, որ Լավրովը հղեց՝ հետեւյալն էր. «Ղարաբաղյան հարցի կարգավորման շուրջ քննարկումների, բանակցությունների սկզբում, երբ դադարեցվեցին ռազմական գործողությունները, ԼՂ-ն պայմանավորվածությունների ու բանակցությունների մասնակից էր, որոնք հաջորդեցին կրակի դադարեցմանը։ Ինչ-որ մի փուլում Հայաստանի ղեկավարությունը, նախկին նախագահներից մեկը որոշում կայացրեց, որ Ղարաբաղի շահերը ներկայացնի Երեւանը»։

Ո՞ւմ նկատի ուներ Լավրովը. այս հարցում նա կարծես թե երկմտելու տեղ չթողեց, սակայն կասկածներ, այնուամենայնիվ, հայտնվեցին։

«Ինձ թվում է՝ Քոչարյանին նկատի ուներ։ Բոլորն են ասում, որ Քոչարյանի ժամանակ է Արցախը բանակցային գործընթացից դուրս եկել, եւ այդ լուրերը Լավրովը փաստորեն հաստատում է։ Ռուսները սովորություն ունեն՝ լուրերը տարածում-տարածում են, հետո կամ հերքում են, կամ հաստատում, նայած ինչպես է ձեռնտու։ Էս պարագայում նա ՔՊ-ի բանաձեւով Քոչարյանին ասում է՝ նստիր տեղդ»,- իր կարծիքը հայտնեց քաղաքագետը։ Նրա համոզմամբ Քոչարյանը Ռուսաստանի համար արդեն հետաքրքրություն չի ներկայացնում եւ նրանք որոշել են «հանձնել» նրան։

Սյուզաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930