«Կրիմինալ էսօր չկա Հայաստանում, օրենքով գողերի պես խելոք մարդիկ աշխարհի տակը չկան, ամենախելոքը օրենքով գողերն են, հմի գողերն էլ են վերեւը, տո մարդասպանն էլ են իրանք, ամեն ինչ իրանք են, պռոստը գցել են էդ մարդկանց վրա»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, խոսելով օրենքով գողերի ու գողականների մասին՝ այսպիսի տեղակետ հայտնեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը:
Հիշեցնենք, որ ԱԺ այս քառօրյա նիստերի օրակարգում է ընդգրկված կառավարության մշակած «Քրեական օրենսգրքում» փոփոխություններ անելու նախագիծը, որով քրեական աշխարհին հարելը քրեականացվում է, եւ հանցագործությունը արհեստ դարձրած քրեական ենթամշակույթ կրող անձանց ու խմբավորումների համար քրեական պատիժ է սահմանվում:
Վարդան Ղուկասյանը վստահեցրեց, որ վերջին 10-15 տարում օրենքով գողերի չի տեսել, չի առնչվել, բայց… «որը ճիշտն է, ճիշտ ասելով՝ ոչ թե մարդկանց գլխին սարքել, ով որ խեղճին, քյասիբին տեր է, էդպիսի մարդկանց դուք չե՞ք հարգում, բոլորս էլ հարգում ենք, ոչ թե էս օրենքով վերցնեն ու նմանատիպ մարդկանց ուղարկեն գաղութ»:
Ըստ Վարդան Ղուկասյանի, բանտերը կլցվեն այդպես, կեղծ վկայություններ կտան ու ում ուզեն՝ կտանեն բանտ՝ որպես գողական. «Ապացուցեք նրա մեղքը, որ դատեք»: Հարցին՝ մենք այդ մշակույթը Հայաստանում վերջ տալու խնդիր չունե՞նք՝ Վարդան Ղուկասյանը պատասխանեց. «Էդ մշակույթը ստեղծել է պետությունը ԽՍՀՄ-ի ժամանակ, ստեղծել է Ֆրենկելը, Ստալինը, հետո չկարողացան կառավարել: Էն մաքուրներին մահացրել են, գաղութներից դուրս չեն եկել, իսկ էն մնացածը ման են գալիս: Վերացել, պրծել է էդ մշակույթը, չկա»: Պատգամավորը անհանգստացած էր, թե ոչ մի բան չանողին տանելու են դատեն: Հարցին՝ ոչ մի բան չանողն օրենքով գո՞ղ է՝ նա պատասխանեց. «Դուք գիտեք էդ բոլորը օրենքով գո՞ղ են, մեջները մի 5-10 հատ կլինի…Օրենքով գողերը էնքան խելոք տղերք են, շնորհքով տղերք են: Ոչ բոլորը, որոնք մաքուր են, որոնք ստուկաչ չեն, էդ կյանքի մեջը ստուկաչներ էլ կան»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ