Լրահոս
Օրվա լրահոսը

Գողականներին «աբռաշատ ըլնող» պատգամավորների հարցը լուծվելու է. «Ճիշտ շենքում չեն գտնվում, պետք է գտնվեն փողոցում, որտեղ իրենց տեղն է»

Նոյեմբեր 13,2019 13:30

Ալեն Սիմոնյանի ու Սիսակ Գաբրիելյանի հարցադրումը՝ գողական «պանյատներով» պատգամավորներին՝ «դու պատգամավո՞ր ես, արա՛, թե՞ գողական», մի հատ կողմնորոշվիր:

ԱԺ այս քառօրյա նիստերի օրակարգում է ընդգրկված կառավարության մշակած «Քրեական օրենսգրքում» փոփոխություններ անելու նախագիծը, որով քրեական աշխարհին հարելը քրեականացվում է եւ հանցագործությունը արհեստ դարձրած քրեական ենթամշակույթ կրող անձանց ու խմբավորումների համար քրեական պատիժ է սահմանվում:

ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը հանձնաժողովում նախագծի քննարկման ժամանակ ուշագրավ հարցադրումներ արեց՝ քննադատելով իշխանություններին, թե՝ «էս երկրում ամենակարեւորը էս հարցե՞րն են: Մեր երկրում առաջընթացի խոչընդոտը քրեական հեղինակություննե՞րն են… Ես էն մարդկանցից եմ, որ աշխատանքից ուղիղ տուն չեմ գնում, երբեմն նաեւ տնից միայն ուղիղ աշխատանքի չեմ գալիս, շփվում եմ տարբեր կատեգորիաների հետ: Ես վերջին տարիներին չեմ լսել, որ ՀՀ-ում քրեական հեղինակություն ունեցող մարդիկ այդպիսի անհանգստություն պատճառեն»:

Գեւորգ Պետրոսյանի տրամաբանությամբ՝ «Արդյոք էս երկրում ամենավտանգավորն էն մա՞րդն է, որն իր հեղինակությունն օգտագործելով՝ ասենք թե տարիներով դատական ատյաններում չլուծված գործ կա, մի բառով ասում է՝ ընկեր ջան, էս գումարը, որ վերցրել ես, տար տուր էս մարդուն»:

Այս առնչությամբ «Առավոտի» հետ զրույցում ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը մեր հարցին, թե ինչո՞ւ եք գողականների «օդերը փակում», խանգարո՞ւմ են՝ պատասխանեց. «Հանցագործի տեղը բանտում է: Հանցավոր գաղափարներով եւ հանցագործությունը որպես հարցի լուծման ձեւ տեսնող մարդկանց տեղը բանտում է եւ այն մարդիկ, ովքեր ՀՀ Ազգային ժողովի շենքում այլ կարծիք ունեն, ինձ թվում է, ճիշտ շենքում չեն գտնվում, պետք է գտնվեն փողոցում, որտեղ իրենց տեղն է եւ իրենց գաղափարները, իրենց վառ մտքերը հնչեցնեն եւ քննարկեն ոչ թե ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների հետ եւ հանրության հետ, այլ՝ հենց էդ գողականների: Դա է իրենց տեղը եւ ոչ թե Ազգային ժողովի շենքը»:

Հարցին՝ դուք ի՞նչ վտանգ եք տեսնում գողականներից, օրենքով գողերից՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Ոչ մի վտանգ չեմ տեսնում գողականներից: Հայաստանի Հանրապետությունը գողականների երկիրը չի, ՀՀ-ն իրավահավասար մարդկանց երկիր է եւ այդպես էլ լինելու է այսուհետ մեկընդմիշտ»:

Գեւորգ Պետրոսյանը արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին հեգնում էր՝ «դուք մոտիկից քրեական հեղինակություն տեսած կա՞ք», Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Ես չգիտեմ ինչի պետք է այդպիսի հարցադրում հնչի, արդեն ասացի ում տեղը որտեղ է: Մի օդիոզ ֆիգուր կար ժամանակին, որն ասում էր՝ դու պատգամավո՞ր ես, արա՛, թե՞ գողական: Թող կողմնորոշվեն, էդ հարցը շուտվանից հնչել է: Գեւորգ Պետրոսյանը չի՞ ամաչում նման բան է ասում, ինքը իրավաբանական գիտությունների դոցենտ է, իրավաբանական ֆակուլտետում դասավանդում է, նախարար է մի երկու ժամով եղել նույնիսկ, չի՞ ամաչում այդպիսի բաներ է ասում: Թող մի հատ վերաիմաստավորի ինքը որտեղ է գտնվում, ինքը պատգամավո՞ր է, թե՞ ոչ: Դա ոչ միայն Գեւորգ Պետրոսյանին է վերաբերվում, էլի պատգամավորներ կան, որ մտածում են՝ պետք է այստեղ գողական տրամաբանության մեջ ինչ-որ հարցեր լուծեն: Իրանց տեղը էստեղ չի ու դուք շատ շուտով դա կտեսնեք»:

«Իմ քայլի» պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը գտնում է, որ քրեական ենթամշակույթ կրողները այնպես չի, որ իրեն խանգարում են. «Փաստացի ստեղծվում է մի կուռ կառույց, որի բուն նպատակը հասարակական կարգից դուրս, իրավական ընթացակարգից դուրս հարցեր լուծելն է: Եթե տվյալ պատգամավորները համարում են, որ իրավական գործընթացներից դուրս կարելի է ինչ-որ հարցեր լուծել, դա իրենց տեսակետն է, գուցե իրենք իրենց առօրյայում հենց այդպես էլ լուծում են, գուցե այդ պատգամավորները երբեմն իրենց բառապաշարով ասեմ՝ «աբռաշատ են ըլնում» էդ գողականներին: Ես երբեք չեմ եղել եւ չեմ էլ լինի, որովհետեւ  առնվազն այսօր ես համարում եմ, որ իմ իրավունքները պաշտպանված կլինեն ոչ էդ մարդկանց կողմից: Բանը դրան երբեք չի հասնի: Ինչպես իրենք են ասում, գուցե իրենք շփվում են տարբեր մարդկանց հետ, գովասանքով կարող են ինչ-որ տեղ արտահայտվել: Ես էդ մարդկանց որեւէ բան չեմ ասում: Խնդիրն այն է, որ այդպիսի խմբավորումները, որոնք ստեղծվում են որոշակի հանցագործություներ կատարելու, որոշակի անձանց առավելություն տալու կամ որոշակի անձանց հարցեր լուծելու համար, որոնք ըստ էության կարող են լուծվել իրավական ճանապարհով, ապա այդ մարդկանց գոյությունը, կարծում եմ, ավելորդ է: Պետության մեջ մինի պետություն են ստեղծում իրենց կանոններով, բարքերով ու հատկապես անչափահասների դեպքում է սա շատ վտանգավոր: Երեխաները մեծանում են մի շրջապատում, որտեղ տեսնելով էդ գողական ասվածը, արդեն ինքը օրինակելի  տեսակ է դառնում, ցավոք, շատ անչափահասների համար, ու մենք հենց այս երեւույթի դեմ ենք պայքարում: Հասարակությունը պետք է ձգտի ոչ թե օրենքով գող դառնալ, այլ՝ օրենքը հարգող, պահպանող քաղաքացի»:

Հարցին՝ դուք երբեւէ չե՞ք առնչվել քրեական հեղինակությունների հետ, ինչպես ասացիք, «աբռաշատ» չե՞ք եղել՝ Սիսակ Գաբրիելյանը պատասխանեց. «Սուտ կլինի, որ ասեմ չեն առնչվել, «աբռաշատ» ասվածը չի եղել: Հանձնաժողովի նիստին օրինակ բերվեց, որ կարող է մեկից մի  բան են վերցնում, իրեն գնաս դիմես, չէ, երբեւէ չի եղել, որ ինձանից ինչ-որ մեկը ինչ-որ բան խլի, որ ես էլ դրա կարիքն ունենամ ու գնամ մեկին դիմեմ: Իրենց պաշտպանության կարիքը հուսով եմ կյանքում չեմ զգա»:

Ըստ Սիսակ Գաբրիելյանի, գողական «պանյատներով» պատգամավորները գուցե հենց այդպիսի միջավայրում են մեծացել. «Այնպես չի, որ ես գիտնականների թաղամասում եմ մեծացել, բայց սա նաեւ լավ առիթ է՝ հասկանալու ու գիտակցելու՝ ընտրություններն ազատ են ու չի կեղծվում, թող քաղաքացիները հասկանան՝ արդյոք իրենք ուզո՞ւմ են էդպիսի պատգամավորներ, ինչպես Վլադիմիր Գասպարյանն էր ասում՝ դու պատգամավո՞ր ես, թե՞ գողական: Քաղաքացիները պետք է հասկանան, որ պատգամավորն իրենց ներկայացուցիչն է, եթե էդ տեսակի պատգամավոր են ուզում ունենալ, որեւէ բան անել չեմ կարող, բայց դա ինդիկատոր է, որ մենք անելիք ունենք առնվազն մարդկանց մտածելակերպի փոփոխության հարցում»:

Հռիփսիմե  ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
13.11.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930