Լրահոս
Օրվա լրահոսը

Լավրովի հիշեցումը Քոչարյանի արցախյան խայտառակության մասին

Նոյեմբեր 13,2019 13:00

Սկիզբը՝ այստեղ:

ՌԴ արտգործնախարարի երեւանյան ամենակարեւոր ուղերձները

Ղարաբաղյան կարգավորման գործընթացին պատմությանը հայտնի «Ընդհանուր պետությունը» բանաձեւը միայն արդեն բավարար է, որպեսզի այսօր Քոչարյանի պաշտպանները պատկերացնեին, թե ինչպիսին են եղել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պատկերացումներն ու մոտեցումները Արցախի ապագայի մասով: Առհասարակ, թե ինչ վնաս է հասցրել Քոչարյանի կարգավորման գործընթացին ինքն ամբողջությամբ ստանձնելով նաեւ բանակցային գործընթացում Արցախի ներկայացուցչի մասնակցությունը՝ դուրս մղելով Արցախին բանակցային գործընթացից, գրվել է 1998-ից ի վեր:

Բայց որ Արցախին հասցրած մեծագույն վնասի մասին կհիշեցներ նրա իշխանավարումից հետո շուրջ 20 տարի անց Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Երեւանում, որը ղարաբաղյան կարգավորման գործընթացին ամենայն մանրամասնությամբ տեղեկացված պաշտոնյան է, բավական անսպասելի փաստ էր: Այստեղ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ Քոչարյանը սիրում է հիշեցնել իր եւ Պուտինի մտերմության մասին, իսկ մի առիթով անգամ խոստովանեց իր եւ Պուտինի միջեւ առկա «քիմիայի» մասին:

Թեեւ Լավրովն անվանական չպարզաբանեց, թե ում մասին է խոսքը, սակայն պարզ է, որ դրա անհրաժեշտությունը նույնիսկ չկար: Նախ` Լավրովը հիշեցրել էր, որ երբ հրադադարի ռեժիմի մասին համաձայնագիրը կնքվեց կողմերի միջեւ, այդ ժամանակ ու դրանից հետո ընթացող բանակցություններին Արցախը մաս էր կազմում: «Ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ բանակցությունների մասնակիցների կազմը պետք է համաձայնեցնեն ու սահմանեն իրենք՝ բանակցությունների կողմերը: Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման շուրջ տարվող քննարկումների, հետագայում՝ բանակցությունների վաղ շրջանում, երբ դադարեցվեցին ռազմական գործողությունները, Լեռնային Ղարաբաղը համապատասխան պայմանավորվածությունների ու բանակցությունների մասնակից էր, որոնք հաջորդեցին կրակի դադարեցմանը: Ինչ-որ մի փուլում Հայաստանի ղեկավարությունը, նախկին նախագահներից մեկը որոշում կայացրեց, որ Ղարաբաղի շահերը կներկայացնի Երեւանը»,- նշեց Լավրովը Երեւանում՝ Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հրավիրված համատեղ մամլո ասուլիսում:

Պաշտոնական Մոսկվան Լավրովի մակարդակով արձանագրեց այն, ինչի մասին Հայաստանում ասվել, գրվել է 20 տարի անընդմեջ: Ըստ ամենայնի, նույնիսկ ռուսական իշխանություններին է սկսել ղարաբաղյան կարգավորման պատմության մեջ շահարկումների դոզան դուր չգալ:

Վերջին շրջանում Ադրբեջանի կողմից Հայաստանին ուղղված կոշտ քննադատության ֆոնին, չի բացառվում, որ Լավրովը որոշել է հավասարակշռություն պահել: Նա անդրադարձել է հայկական կողմի համար մի շարք կարեւոր սկզբունքների:

«Ցանկացած պարագայում մենք, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, առաջ մղելով այս գործընթացը՝ կարող ենք միայն հետամուտ լինել, որ այն ընդհանուր համաձայնության հունով գնա: Բոլորի համար հասկանալի է, որ առանց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի, բնակչության համաձայնության, որեւէ պայմանավորվածություն հնարավոր չի լինի ձեւակերպել: Հայաստանը պարզապես այն չի ստորագրի: Մենք ելնում ենք սրանից: Խոսելով Լեռնային Ղարաբաղի մասին՝ ցանկանում եմ նշել այն, ինչ այսօր մեր հանդիպմանն ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա հիշեցրեց իր հրապարակային հայտարարությունը, թե եզրափակիչ պայմանավորվածությունները պետք է հաշվի առնեն ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Ղարաբաղի, ե՛ւ Ադրբեջանի շահերը: Դժվար է վիճել այս մոտեցման հետ»,- հայտարարել է Սերգեյ Լավրովը:

Այսպիսով, արձանագրենք Լավրովի երեւանյան ուղերձները: Նա հիշեցրեց, որ Արցախը մաս է կազմել բանակցություններին, եւ բանակցային սեղանին հիմա Արցախի իշխանությունների բացակայության համար պետք է դժգոհել ոչ թե ԵԱՀԿ Մինսկի խմբից, կամ Ադրբեջանից, այլ ՀՀ նախկին նախագահից: Եվ առհասարակ, նկատենք, եթե հայկական կողմը ձգտում է վերադարձնել Արցախը բանակցությունների սեղանին՝ դրա համար պետք է ունենա մշակված ծրագիր, թե ինչպես վերադարձնի Արցախը բանակցությունների սեղանի շուրջ, որով քայլ առ քայլ պետք է առաջնորդվի: Բացի այդ, Լավրովը ընդգծել է առանց ԼՂ ժողովրդի համաձայնության որեւէ պայմանավորվածություն հնարավոր չի լինի ձեւակերպել, հավելելով. «Բոլորի համար պարզ է, որ առանց ԼՂ ժողովրդի համաձայնության որեւէ համաձայնագիր չի կարող կյանքի կոչվել: Հայաստանը պարզապես այն չի ստորագրի»:

Սակայն Լավրովի ելույթի ամենակարեւոր ուղերձը կողմերին հետեւյալն էր՝ բանակցությունները պետք է շարունակվեն մինչ այժմ բանակցված սկզբունքների հիման վրա, այլ ոչ թե այն ելույթների ոգով, որոնք հնչում են, երբեմն, երկու երկրների իշխանությունների կողմից:

Կարելի է նույնիսկ արձանագրել, որ ռուսական կողմը առաջիկա բանակցություններից առաջ հայկական կողմի դիրքորոշումը որոշակիորեն ամրացնելու համար հստակ ուղերձներ է հղել: Ինչո՞ւ, տրամաբանական հարց է ծագում…

Նախ, հնարավոր է, որ ռուսական կողմին հասել է Հայաստանում առկա դժգոհությունը կոնկրետ Լավրովի հայտարարություններից, երբ նա երկու անգամ հրապարակային քննադատեց Փաշինյանի ստեփանակերտյան ելույթը:

Բացի այդ, Ադրբեջանի վերջին շրջանի ոգեւորությունը կապվում էր Ռուսաստանից «դաբրո» ստանալու հետ, երբ Ալիեւը երկու անգամ Պուտինի ներկայությամբ քննադատեց Հայաստանի իշխանություններին: Չի կարելի բացառել, որ այս փուլում Կրեմլում որոշել են ադրբեջանական կողմին բացահայտ պաշտպանելու մեղադրանքների տակ չմտնել՝ առաջացնելով հայկական կողմի դժգոհությունը ու թեժացնելով հասարակական դժգոհությունը՝ Ռուսաստանի իշխանությունների ուղղությամբ, որը վերջին շրջանում փոքր-ինչ մեղմացել էր:

Ռուսաստանի իշխանությունների կողմից հայկական կողմի համար նպաստավոր դիրքորոշումների արտահայտման համար հնարավոր է լինեն նաեւ այլ պատճառներ, ավելի խորքային՝ հարավկովկասյան տարածաշրջանում Ռուսաստանի մոտեցումների առումով, եւ Թուրքիայի ու Ադրբեջանի վերջին շրջանի ոգեւորությունը զսպելու տեսանկյունից:

Նաեւ հայ-թուրքական հարաբերությունների մասին

Ի դեպ, Թուրքիայի մասին: Երկար դադարից հետո Ռուսաստանի արտգործնախարարը թարմացրել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման թեման: Ռուսաստանը պատրաստ է նպաստել Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորմանը, Երեւանում ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ ասուլիսում նշել է Ռուսաստանի արտգործնախարարը:

«Մենք ամեն կերպ նպաստում ենք նրան, որպեսզի ՀՀ եւ Թուրքիայի միջեւ հարաբերություններն առաջ գնան: Մենք պատրաստ ենք օգտագործել մեր հնարավորությունները, որպեսզի նպաստենք ՀՀ եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորմանը, բայց դրա համար անհրաժեշտ է երկու երկրների կողմից հետաքրքրվածություն», – ասաց Լավրովը: Նա հավելել է, որ Ռուսաստանը չի տեսնում հիմք ենթադրելու, որ այս երկրներից որեւէ մեկը կարող է պատերազմ սկսել: «Ցանկացած դեպքում, մեր քաղաքականությունն ուղղված է այստեղ խաղաղություն հաստատելուն, փոխշահավետ համագործակցություն ապահովելուն»,-շեշտել է Սերգեյ Լավրովը՝ Հայաստանի արտգործնախարարությունում հրավիրված մամլո ասուլիսում:

Սա նույնպես վկայում է այն մասին, որ Ռուսաստանը Թուրքիայի կտրուկ ակտիվության հետ կապված որոշակի անհանգստություններ ունի, այդ իսկ պատճառով նույնիսկ Հայաստան-Թուրքիա մահացած արձանագրությունների պայմաններում՝ խոսում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման թեմայով:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Հ.Գ. Արցախը ղարաբաղյան բանակցությունների սեղանից դուրս մղելու թեմայով Ռոբերտ Քոչարյանի խոստովանությունների մասին՝ վաղվա համարում:

«Առավոտ» օրաթերթ, 13.11.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930