Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջարկը ստացել եմ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարի գրասենյակից. Էդգար Շաթիրյան. «Ժողովուրդ»

Նոյեմբեր 13,2019 12:45

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, երեկ մեկնարկելիք ԱԺ նստաշրջանի օրակարգում է նաեւ ՀՀ կոռուպցիոն կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության հարցը։ Մեր տեղեկություններով՝ իշխանությունները պլանավորում են առաջիկա օրերին կազմակերպել հանձնաժողովի անդամների ընտրությունը։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր նաեւ, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության թեկնածուն Էդգար Շաթիրյանն է, ով իրավաբան է, սակայն խմբակցության պատգամավորների մեծամասնությունը Շաթիրյանին չի ճանաչում։

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Էդգար Շաթիրյանի հետ՝ պարզելու համար, թե ումից է առաջարկ ստացել իշխանական խմբակցության թեկնածուն դառնալու համար։

– Պարոն Շաթիրյան, Դուք ԱԺ «Իմ քայլը» խմբակցության թեկնածուն եք համարվում կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում։ Առաջարկությունը ումի՞ց եք ստացել, ո՞վ է Ձեզ առաջարկել ներկայացնել հանձնաժողովը։

– Բնականաբար, քանզի իմ թեկնածությունն առաջադրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը, որը կառավարող ուժն է Ազգային ժողովում, առաջարկը ստացել եմ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարի գրասենյակից։ Ավելի պարզ, թեկնածությանս քննարկմանը նախորդող օրը երեկոյան ինձ զանգահարել են խմբակցության ղեկավարի գրասենյակից եւ առաջարկել են հաջորդ օրը առավոտյան ՔՊ գրասենյակում հանդիպել խմբակցության ներկայացուցիչների հետ։

– Խմբակցության պատգամավորները մեզ հետ մասնավոր զրույցներում հայտարարում են, որ Ձեզ չեն ճանաչում, ավելին՝ այդ հանդիպմանը ներկա չեն գտնվել։ Ի՞նչ եք քննարկել այդ հանդիպմանը, ո՞վ է խմբակցությունից Ձեզ հետ հանդիպել։

– Տեսեք, խմբակցությունը մեծ է, ու այդ հանդիպմանը, որի մասին խոսեցի, ներկա էին խմբակցության ոչ բոլոր անդամները, այնուամենայնիվ բավական մեծաթիվ էին նրանք։ Ես նախ ներկայացրել եմ իմ կենսագրական տվյալները, անցածս ուղին ընդհանուր գծերով, որից հետո ինձ ուղղեցին մասնագիտական հարցեր՝ թե՛ Էթիկայի հանձնաժողովի, թե՛ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի վերաբերյալ։

– Բայց եթե խմբակցության պատգամավորները Ձեզ չեն ճանաչում, Ձեր գործունեության մասին տեղեկացել են այդ հանդիպման ժամանակ, ի՞նչ եք կարծում, առաջիկայում խորհրդարանը Ձեզ կընտրի՞ որպես հանձնաժողովի անդամ, թե՞ ոչ։

– Բնականաբար, որոշումը խմբակցությանն է, ինչ-որ ենթադրություններով չեմ ցանկանում զբաղվել, քանզի գիտեք, որ դա անշնորհակալ գործ է, այս պահին ընդամենը առաջադրված է թեկնածությունս որպես խորհրդարանում կառավարող խմբակցության կողմից առաջադրված թեկնածու։ Բայց թե ինչպիսի որոշում կկայացնի խորհրդարանը, կերեւա առաջիկայում խորհրդարանում կայանալիք քվեարկության արդյունքում։ Այստեղ զուտ պետք է առաջնորդվենք Սահմանադրության 122 հոդվածի կարգավորումներով։ Բոլոր 5 անդամների ընտրությունը ընդգրկված է արդեն մեկնարկած Ազգային ժողովի նստաշրջանի օրակարգում, իսկ թե կոնկրետ երբ տեղի կունենա ընտրությունը, դա արդեն դժվար է ասել, այնուամենայնիվ կհնչեն ծրագրային ելույթներ, որից հետո պատգամավորները հնարավորություն կունենան յուրաքանչյուր թեկնածուի ուղղելու հարցեր։

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930