Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց «Իմ քայլի» պատգամավոր Աննա Կարապետյանի հեղինակած օրինագիծը, որով ԱԺ նախագահին իրավունք է տրվում մասնակցելու ՀՀ Անվտանգության խորհրդի նիստերին եւ առաջարկություններ ներկայացնելու այս կամ այն հարցի վերաբերյալ: Մինչեւ քվեարկությունը «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը հայտարարեց՝ իրենք առաջարկել էին, որ խմբակցությունների ղեկավարները եւս ունենային նշյալ հնարավորությունը՝ ԱԺ-ի կարծիքն ամբողջապես ներկայացնելու նպատակով. «Այս տեսքով այդ խնդիրը լուծված չէ: Մենք «դեմ» ենք քվեարկելու»:
Աննա Կարապետյանը պարզաբանեց. «Ասել էի, որ Սահմանադրությամբ պայմանավորված խնդրի պատճառով է, որ ձեր ասածը հնարավոր չէ: Եթե այսքանից հետո հասկանալի չի եղել, եւ դուք «դեմ» եք քվեարկելու, ձեր որոշումն է»: Արձագանքեց «Լուսավոր Հայաստանի» մեկ այլ պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը. «Հարգելի գործընկերներ, կոչ եմ անում այս դահլիճում մնալ կոռեկտության սահմանում: Ի՞նչ է նշանակում՝ հասկանալի է եղել, թե ոչ: Խմբակցությունը դիրքորոշում ունի, եւ որեւէ մեկն իրավունք չունի գնահատական տալ դրան: Քվեարկելու ենք այդպես: Ձեր համար դա լավ է, վատ է, այլ հարց է, բայց խնդրում եմ կոռեկտ լինել իրար նկատմամբ»:
Հավելենք, որ օրինագիծը դեռ պետք է անցնի երկրորդ ընթերցում:
Հաշվի առնելով այն փաստը, որ 20 պատգամավոր «ձեռնպահ» էր քվեարկել, «Իմ քայլից» Վլադիմիր Վարդանյանը, դիմելով ԲՀԿ-ին, հիշեցրեց, որ երեկ իրենք դրական էին գնահատել օրինագիծը, սակայն այսօր «ձեռնպահ» են քվեարկել՝ առանց հիմնավորման: ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանին սա դուր չեկավ. «Վլադիմիր Վարդանյանն ուզում էր ցուցումներ տալ, թե հիմնավորումներ պետք է ներկայացնե՞նք: Ի՞նչ իրավունքով եք ցուցում տալիս երկու քաղաքական ուժի: Կա քաղաքական որոշում եւ մասնագիտական: Դուք տեսնո՞ւմ եք, թե մենք որքան ենք «կողմ» քվեարկում ձեր օրինագծերին: Հաշվի ենք առնում, որ պետականամետ պետք է լինել, թեեւ որոշ օրենքների որոշ դրույթներ մեր համար ընդունելի չեն: Կիսաարհամարհական ժպիտներ ենք տեսնում, սա ի՞նչ է նշանակում: Ուզում եք ցուցումնե՞ր տալ մեզ: Չի հաջողվի, եթե այդ ճանապարհով եք ուզում գնալ, խորհրդարանական ճգնաժամի սկիզբն է դա: Հիշեք, որ խոշորները մնում են հեղափոխություններից առաջ եւ հետո: Մենք մնալու ենք»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ