Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մեր բոլոր աշխատանքները պետք է ուղղված լինեն Վուդրո Վիլսոնի «Իրավարար վճիռ»-ի իրականացմանը. Վահե Մեսրոպյան

Նոյեմբեր 13,2019 11:00

Հայապահպանություն, թե՞  համայնքապահպանություն

Հայկական Սփյուռքի առաջ տասնյակ տարիներ ծառացել է այս հարցը։ Ինչպե՞ս պահպանել հայության ինքնությունը այն երկրներում, որտեղ նրանք հայտնվել են ոչ թե ցանկությամբ, այլ բռնի տեղահանման, ջարդերի, բռնությունների հետևանքով։ Նրանք հայտնվեցին առաջին հերթին արաբական երկրներում՝ Սիրիա, Լիբանան, Եգիպտոս, հետո` եվրոպական երկրներում՝ Ֆրանսիա, Հունաստան, Կիպրոս և ավելի հեռու՝ Ամերիկա մայրցամաք՝ ԱՄՆ,Կանադա, Ուրուգվայ, Արգենտինա․․․ Բոլոր երկրներում էլ լեզվական խնդիր կար, բայց հայի իմացությունը, ճարպկությունը, արագ հարմարվելու ունակությունը և բնական տաղանդը շատ շուտով իր արդյունքները ի ցույց դրեց տվյալ երկրներում։ Պատահական չէ, որ բոլոր երկրներում էլ՝ մանավանդ` ԱՄՆ-ում (որովհետև այս տվյալները առավել հայտնի են մարդկանց), հայ մասնագետներն իրենց ունակությունները ցույց են տվել` վաստակելով բազմաթիվ արտոնագրեր գիտության տարբեր ոլորտներում կատարած հայտնագործությունների համար։

Սփյուռքում գտնվելու արդեն 10 տարիների ընթացքում ականատես եմ եղել հայկական դպրոցների առօրյային, աշակերտների իմացությանը, ձգտումներին։ Տորոնտոյում ավարտական դասարանների (8-րդ, 10-րդ, 12-րդ) շրջանավարտների մրցանակաբաշխության ժամանակ նկատեցի, որ մրցանակների 80%-ը բաժին հասավ Հայաստանի Հանրապետությունից (ՀՀ) ժամանած աշակերտներին կամ այնտեղ ծնված ՀՀ-ն նախկին քաղաքացիների երեխաներին։ Պատկերացնում եք, երկրորդ, չորրորդ դասարանի երեխաները, ժամանելով Կանադա, կարճ ժամանակահատվածում տիրապետում են անգլերեն լեզվին և գերազանց առաջադիմություն ցուցաբերում մյուս առարկաներից։ Եվ դա ցայտուն է երևում նաև ԱՄՆ-ում, ուր սովորում են իմ ընկերների երեխաները կամ թոռները։ Սակայն, ցավոտ հարց է․ աշակերտներն ընդմիջումների ժամանակ առավելապես շփվում են անգլերեն լեզվով։

Ֆիլադելֆիա այցիս ժամանակ, կիրակի օրերին հաճախեցի տեղի հայկական եկեղեցիները՝ անթիլիասական, էջմիածնական և ավետարանչական։ Ծննդյան տոներն էին և Նոր Տարվա նախաշեմը։ Բոլոր եկեղեցիներում ամեն տարիքի աշակերտներն իրենց ուսուցիչների հետ հանդես էին կազմակերպել և ուրախ ու ճոխ մթնոլորտում ցուցադրում էին իրենց կարողությունները․․․ անգլերեն լեզվով։

Ծնողների հետ իմ զրույցների ընթացքում պարզվեց, որ նրանք իմ հայերեն խոսքն էլ լավ չեն հասկանում։ Եվ իմ հանպատրաստի ելույթը անգլերեն թարգմանեց եկեղեցու հոգևորականը։ Ես ցնցված էի, բայց հասկացա, որ այս մարդիկ հայ գաղթականների 3-րդ, 4-րդ սերնդի ժառանգորդներն են։ Նույնիսկ պատարագն էր մատուցվում անգլերեն լեզվով։ Ընդմիջումների ժամանակ էլ ծնողները երեխաների հետ շփվում էին անգլերեն լեզվով։

Հիմա սա անվանենք հայապահպանությու՞ն․․․

Եթե հայ են, հայկական դպրոցներում են սովորում՝ թեկուզ կիրակնօրյա, ապա կարելի է, չէ՞ հանդեսն անցկացնել հայերեն լեզվով։ Գոնե այդ օրերին՝ տարին մեկ անգամ։ Ես ինձ ճնշված զգացի․ հայկական եկեղեցում պատարագ է մատուցվում անգլերեն լեզվով, հայ աշակերտները ուսուցիչների հետ հանդես են կազմակերպում անգլերեն լեզվով և, դեռ ավելին, միմյանց հետ շփվում են անգլերեն լեզվով։

Սա է՞ հայապահպանություն․․․ Սա համայնքապահպանություն է, որտեղ հայը կորցնում է իր ինքնությունը, դառնում սոսկ եկեղեցու հաճախորդ, չի մտածում իր երեխաներին հայեցի մեծացնելու մասին, որը նաև ինքն է կորցրել ժամանակին․․․

Լեզու իմանալը շատ լավ է, գովելի։ Ժողովրդական ասացվածքն ասում է․ «Ինչքան լեզու գիտես, այնքան մարդ ես», բայց չպետք է մոռանալ Սիլվա Կապուտիկյանի պատգամը՝

Ու տե’ս, որդիս, ո’ւր էլ լինես,
Այս լուսնի տակ ո՜ւր էլ գնաս,
Թե մո’րդ անգամ մտքիցդ հանես,
Քո մա՜յր լեզուն չմոռանա’ս:

Այս բանաստեղծության պատգամը նա գրել է հենց Սփյուռքում բնակվող հայի համար, Սփյուռքում հայի ինքնությունը պահպանելու համար, հայ մնալու համար։

Տարիներ առաջ, երբ Սիրիայում սկսվեցին կռիվները, մի հոդված գրեցի, որ սիրիահայերին նպատակահարմար է տեղափոխել ՀՀ և բնակեցնել Արցախում, ազատագրված տարածքներում։ Ցավոք, մեր նախկին կառավարությունում այս փաստին չանդրադարձան համակողմանիորեն։ Չկարողացան կամ չուզեցին պահը օգտագործել։ Այդ նույն ժամանակահատվածում Թուրքիան Սիրիայի գաղթականներին իր երկրում ապաստան տալու նպատակով, Եվրոմիությունից միլիարդավոր դոլարներ պահանջեց և ստացավ։ Նույնը կարող էր պահանջել նաև ՀՀ-ի կառավարությունը, բայց․․․ նորից բայցեր․․․

Կարող ենք սակայն արձանագրել, որ հետագայում մոտ 10 000 սիրիահայեր եկան ՀՀ և բնակվում են ՀՀ-ում և Արցախում, զբաղվում գործարարությամբ։ Բայց քանիսը զոհվեցին, քանի ընտանիքներում սուգ ու ողբերգություն եղավ։

Հայապահպանության խնդիրը բոլորիս խնդիրն է և, դա առաջնահերթ ընտանիքի խնդիրն է, որտեղ մեծանում է երեխան, որտեղ պետք է խոսեն հայերեն։

ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատի կողմից 296-րդ բանաձևի ընդունումից հետո նոր հեռանկարներ են բացվում հայապահպանության համար։ Հիմա արդեն ապրիլքսանչորսյան հավաքներն ու քայլարշավները նպատակահարմար է կազմակերպել պահանջատիրության կարգախոսներով՝ Վուդրո Վիլսոնի կողմից 1920 թվականի նոյեմբերի 22-ին կայացրած «Իրավարար վճիռ»-ի իրականացման նշանաբանով։ Այդ անբեկանելի, անժամանցելի վճիռը կլուծի հայապահպանման բոլոր խնդիրները։ Հայ ազգը կբնակվի իր պապենական ոչ լրիվ տարածքների վրա, կստեղծի տնտեսություն, կզարգացնի գիտության ճյուղերը, տեր կկանգնի իր պատմամշակութային հուշարձաններին, միասնական ուղղագրություն կունենանք, բնական աճ և զարգացում կապահովենք։ Էլ անհրաժեշտություն չի լինի ստեղծել համահայկական զանազան կառույցներ՝ հայապահպանության համար։ Հայը պետք է ապրի իր բնօրրանում, որը նաև մարդկության բնօրրանն է։

Մենք 296-րդ բանաձևով ստացել ենք մի գործիք, որը պետք է կարողանանք ճիշտ, նպատակային և հմտորեն օգտագործենք։ Այնպես չստացվի որ մուրճով փոս փորենք, փոս փորելու համար բահ են օգտագործում։ Ցավոք, սփյուռքյան կառույցները, կուսակցությունները չեն արձագանքում, թե հետո ինչ պետք է արվի։ Նորից ցեղասպանության ճանաչման հարցը պետք է հետապնդե՞նք, ԱՄՆ նախագահի ելույթին պետք է սպասե՞նք, որ ցեղասպանություն բառն արտաբերի՞։ Պահանջատիրությամբ է հարկավոր զբաղվել, որ մեր մասին հիշեցնենք, արդարությունը վերականգնենք, բնակվենք մեր երկրում․․․

Ուրեմն, մեր բոլոր աշխատանքները պետք է ուղղված լինեն Վուդրո Վիլսոնի «Իրավարար վճիռ»-ի իրականացմանը, իսկ թե ինչ աշխատանքներ պետք է կատարել, հարգելի ընթերցողը կարող է ծանոթանալ հոդվածագրիս առաջարկած և հրատարակված չորս գրքերում՝ «60 հոդված 60 ամյակին», «Վերանայել, վավերացնել, վերակերտել», «Ինչ ենք անելու», «Հայրենատիրության ճանապարհին», որոնցում նշված են կատարված և կատարվելիք աշխատանքները։

Մեր սերնդին պարտադրված է հաղթել այս պայքարում․․․

«Իրավարար վճիռ»-ի իրականացումով միանգամից որոշվում են նաև Արցախի, Նախիջևանի և Ջավախքի խնդիրները։ Հարկավոր է աշխատանք տանել ԱՄՆ-ի կառավարության հետ, մանավանդ ներկա պայմաններում՝ ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների սրման, պատժամիջոցների սահմանման պայմաններում։

Թուրքիայի մասնատումը օրակարգային հարց է ձևակերպվել։ Մեծ Հայաստանը Մեծ Թուրանի ստեղծման ճանապարհին պատնեշի դեր կստանձնի և Մեծ ու Հզոր Հայաստանը շրջապատի երկրների մեջ հավասարակշռող ուժ կդառնա։

 

Լրագրողների միջազգային միության անդամ՝

Վահե ՄԵՍՐՈՊՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930