Անահիտ Թարխանյանը` Ալեքսան Հարությունյանի հետ զրույցի, բացվելիք թանգարանի ու Երեւանի աղավաղված դիմագծի մասին
«2002 թվականն էր, նախագահի աշխատակազմի ղեկավար Ալեքսան Հարությունյանը ինձ հրավիրեց նախագահական նստավայր, կանգնեցրեց պատուհանի դիմաց եւ ասաց՝ Անահիտ, քեզ հրավիրել ենք, որ քննարկենք մի բան: Այս օրերին շեֆը (խոսքը Ռոբերտ Քոչարյանի մասին էր) Էռնեկյանի հետ պտտվել է ամբողջ քաղաքով մեկ եւ հասկացանք, որ էդ շենքերը խայտառակություն են Երեւանում: Ասում եմ՝ ի՞նչ խայտառակություն, ասում է՝ բազմաթիվ շենքեր, շինություններ կան, որոնք խայտառակում են մեր քաղաքը, հայ ժողովրդի позор-ն են, մենք որոշել ենք քանդել: Հարցրեցի, թե ո՞ր շենքերի մասին են խոսում, ասաց ՝ «Ռոսիա» կինոթատրոնը, Երիտասարդության պալատը, «Զվարթնոցը»: Մարզահամերգային համալիրի մասին էլ կմտածենք, ճիշտն ասած, մեզ դեռ պետք է այնտեղ, երեւի կազինո կսարքենք: Քոչարյանը նոր էր եկել իշխանության, ես լսում եմ, ոնցոր մղձավանջի մեջ լինեմ՝ էդ մարդիկ ուղեղից առո՞ղջ են, հիվա՞նդ են, թե՞ սա դիվերսիա է ազգի հանդեպ: Այսօր արդեն հասկանում եմ, որ դա դիվերսիա էր, քոչարյանական ողջ իշխանությունը դիվերսիա էր: Ժամանակը կանցնի, դեռ շատ բաներ կվերանայենք մեր պատմության մեջ, կարձանագրենք եւ որպես ամոթի էջ կփակենք: Այս 30 տարվա ղեկավարները շատ մեծ վնաս են հասցրել մեր երկրին»,- «Առավոտի» հետ զրույցում հիշեց լուսահոգի ճարտարապետ Արթուր Թարխանյանի դուստրը՝ Անահիտ Թարխանյանը:
Երեւանի նորակառույց թաղամասերից մեկում՝ Անտառային հասցեում տեղակայված, տարածքի տիպային նորակառույցներից տարբերվող շենքում փետրվարին կբացվի մի յուրահատուկ թանգարան, որտեղ այցելուները կարող են ծանոթանալ 20-րդ դարի հայկական ճարտարապետությանը:
Ճարտարապետ Արթուր Թարխանյանին ժամանակին հատկացված այդ հողատարածքում կառուցված շենքի մասին Անահիտ Թարխանյանը պատմում է. «Չեռնոբիլից հետո պապան շատ ծանր հիվանդացավ, մեծ դժվարությամբ կարողացանք իրեն փրկել: Իրեն հատկացվեց այս տարածքը, այն տարիներին պապան ուզում էր պարզապես առանձնատուն սարքել, չստացվեց: Իր մահվանից հետո որոշեցինք այստեղ իր անունով թանգարան կառուցել: Թանգարանի կառուցման հարցում շատ մեծ աջակցություն եղավ Անդրիասի կողմից, եթե ինքը չլիներ՝ ոչինչ չէր կայանա: Երկու տարի, երբ նա ձերբակալված էր, ոչինչ չի արվել: Երբ անցյալ տարի սկսեցինք աշխատել թանգարանի վրա, սկզբից մտածում էինք, որ այն նվիրված կլինի Արթուր Թարխանյանին: Հետո, երբ խորացանք աշխատանքներում, երկար մտորումներից հետո եզրահանգեցինք, որ թեման շատ ավելի լայն է, եւ որոշեցինք նվիրել հայտնի ճարտարապետական եռյակին՝ Պողոսյան-Թարխանյան-Խաչիկյան, սակայն հետո հասկացանք, որ թեման դրանի՛ց էլ ավելի մեծ է: Ի վերջո որոշեցինք անվանել 20-րդ դարի հայկական մոդեռնիստական ճարտարապետության թանգարան: Ընդհանրապես ընդունված է, որ սովետական մոդեռնիզմը վերաբերում է 1950-ականներից հետո ճարտարապետությանը, բայց ես ավելի լայն եմ տեսնում մոդեռնիզմը: Ի՞նչ է նշանակում մոդեռնիզմ, դա նշանակում է արդիական, առանց ավելորդությունների, մարդուն ուղղված ճարտարապետություն: Բայց, կներեք, երբ Թամանյանը եկավ Հայաստան, առաջինը, ինչ նա արեց, Հայաստան հրավիրեց այն տարիների ամենաժամանակակից ճարտարապետներին, եւ դրա հետ մեկտեղ՝ ամենաժամանակակից, ամենաառաջադեմ, ամենահետաքրքիր գաղափարները: Այնքան ժամանակակից էին այդ գաղափարախոսություններն այդ տարիների ճարտարապետության մեջ, որ այսօր ամբողջ աշխարհը նորից դրան է վերադառնում: Դա կոչվում է կայուն զարգացման ճարտարապետություն՝ Թամանյանն այդ գաղափարախոսությունը բերեց Հայաստան: Եվ փաստացի, անկախ մեզանից, թանգարանը սկսվեց Թամանյանից: Բայց դուք տեսնում եք՝ տարածությունը փոքր է, հիմա մտածում ենք՝ ի՞նչ քայլեր անենք, որ մեծացնենք տարածությունը, որպեսզի կարողանանք թամանյանական դարաշրջանն ավելի մանրամասն ցույց տալ, գուցե դա անվանենք հայկական մինչմոդեռնիզմի ժամանակաշրջան, ինչպես նաեւ ավելի մանրամասն ցույց տանք հայկական մոդեռնիզմի դարաշրջանը»:
Կարդացեք նաև
Թեեւ նախատեսվում է թանգարանը բացել 2020 թվականի փետրվարին՝ Արթուր Թարխանյանի ծննդյան 88-ամյակի կապակցությամբ, սակայն, ըստ էության, այն հիմնականում արդեն պատրաստ է՝ ներքին կահավորումը, ցուցանմուշների բազմազանությունն արդեն կա, ավելին, հոկտեմբերին հյուրեր է ունեցել: «Մենք հոկտեմբերին արեցինք մի փոքր բացում, որովհետեւ Շվեյցարիայից ճարտարապետների շատ մեծ խումբ եկել էր Հայաստան՝ հատուկ մի նպատակով՝ ծանոթանալ հայկական մոդեռնիստական կառույցների հետ: Հիացած էին, հուզված, խոսքեր չունեին, իսկ երբ եկան մեր թանգարանը տեսան, շատ ազդվեցին թե՛ թանգարանի որակից, թե՛ էքսպոզիցիայից, թե՛ ներկայացման ձեւից, շատ բարձր գնահատեցին: Եվ նրանց գնահատականն ինձ համար շատ կարեւոր էր: Իհարկե, շատ հաճելի էր, որ թանգարանն էին գնահատում՝ որպես այդպիսին, բայց կարեւորն այն գործերն են, որոնք այստեղ ցուցադրված են, իսկ այդ գործերն այնպիսին են, որ անկախ նրանից, թե ինչպես ես ցուցադրում եւ որտեղ, դա դառնում է շատ տպավորիչ եւ ազդեցիկ, եւ մարդիկ պարզապես զարմանում են՝ որտե՞ղ էր Հայաստանը, ի՞նչ էր իրականացնում եւ ո՞ւր է հասել»,-ասում է տիկին Թարխանյանը:
Այն մասին, թե «ո՞ւր է հասել»՝ տիկին Թարխանյանը ցավով է խոսում. «Շվեյցարացի ճարտարապետների վրա շատ ծանր ազդեց այն նոր ճարտարապետությունը, որ վերջին 30 տարվա ընթացքում հեղեղեց եւ ամբողջությամբ աղավաղեց Երեւանի կերպարը, որովհետեւ ձեւախեղվել է Երեւանը, որի ճարտարապետական, քաղաքաշինական լուծումների մեջ Թամանյանը ներդրել էր այն գաղափարախոսությունը, որը հիմա ամենաժամանակակիցն է համարվում: Մասնագետները շատ հստակ տեսնում են տարբերությունը՝ նախկինի եւ էսօրվա, եւ նրանք ասում էին՝ հանկարծ չնեղանաք, ձեր հարազատ քաղաքն է, բայց պարզապես զարմացած ենք, թե ինչքան շատ են ցածր ճաշակի, որեւէ հոգեւոր իմաստ չունեցող շենքերը: Մենք տեսնում ենք, թե ինչպիսի ճարտարապետություն ունեիք միջնադարում, ինչ ունեիք 20-րդ դարի սկզբին, ինչպիսի վերելք եք ապրել 1970-80-ականներին, եւ դրա կողքը՝ այսպիսի՞ ճարտարապետություն, էս ի՞նչ արեցիք ձեր քաղաքը, ո՞նց կարելի էր ընդհանրապես թույլ տալ, որ այդպիսի շենքեր կառուցվեն, արտաքինից երեւում է՝ նախագծումն է սխալ արված, անհամաչափ, անճաշակ, մեծ գումարներ ծախսած, գռեհիկ…»:
Ճարտարապետը նկատում է, որ լավ ճարտարապետությունը ամենեւին չի նշանակում շատ փող. «Երբեմն մտնում ես ակնհայտորեն հարուստ տարածք, էն տպավորությունն է, որ այլեւս չգիտեն, թե ոսկին ու մարմարն էլ ուր խցկեն, բայց մեջը մտնում ես՝ անճաշակություն է: Հարցը փողը չէ, արժեք չունեցող, ցածրարժեք բաներ են ստեղծում, հարցն այն չէ, թե ինչքան ես ծախսում, հարցն այն է, թե կառուցելուց հետո անշարժ գույքի շուկայում այդ շենքի ինքնարժեքը կբարձրանա՞, թե՞ կիջնի: Եթե լավն է՝ գինը կարող է կրկնապատկվել, եռապատկվել, բայց եթե անճաշակ է, անշարժ գույքի շուկայում գինը կարող է նույնքան ընկնել: Շենքը, որի կառուցման, ձեւավորման վրա 500 հազար դոլար են ծախսել, 100 հազարով չեն կարողանում վաճառել, որովհետեւ գնորդը դա զուտ որպես տարածք է գնում, մնացածը քանդելու է: Ինչի՞ն փողը տան: Դա շատ լուրջ խնդիր է ոչ միայն ճարտարապետության, այլեւ՝ ընդհանրապես տնտեսության համար: 5 մլն դոլար ունեցողը չպետք է այդ գումարը տնտեսությունից խլի եւ շենք կառուցի: Դրանք սառեցված գումարներ են, որոնք խլված են մեր տնտեսությունից, որոնք չեն վերադարձվի: Այնինչ այդ 5 մլնը տնտեսության մեջ դնելու դեպքում մուլտիպլիկացիոն էֆեկտով տնտեսությանը զարգացում կտային, այսինքն՝ բավարար չի, որ անճաշակություն են ստեղծում, նաեւ վնաս են հասցնում մեր տնտեսությանը»: Դրան, ըստ Թարխանյանի, պետք է հակադրվի պրոգրեսիվ հարկի կիրառման մեխանիզմը. «Հատկապես Երեւան քաղաքում պետք է փոխվի անշարժ գույքի շուկայի հարկման գնագոյացման կարգը: Որքան մեծ եւ թանկ է շինությունը, որքան վնաս է հասցրել բնությանը, կանաչ գոտուն կամ մշակութային ձեւավորված միջավայրին, այնքան մեծ հարկեր պետք է վճարեն տերերը»:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
08.11.2019