Դավիթ Թամրազյանը 2013 թվականի մայիսի 19-ից անազատության մեջ է
Վերաքննիչ քրեական դատարանի նոյեմբերի 8-ի նիստում Ռ. Մխիթարյանի նախագահությամբ, դատավորներ. Մ.Արղամանյան եւ Հարությունյան կազմով, շարունակվեց ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Կրոմվել Գրիգորյանի բողոքի քննությունը: Բողոքն այս դատարանում է երկուսուկես տարի: Փաստաբանը բողոք էր բերել Երեւան քաղաքի Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 07.03.2017թ. թիվ ԵԱԴԴ/0059/01/13 դատավճռի դեմ՝ նյութական եւ դատավարական իրավունքի խախտման հիմքով:
Երեւան քաղաքի Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 2017թ. մարտի 7-ին դատավճռով ամբաստանյալ Դավիթ Թամրազյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով եւ 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով նախատեսված հանցանքներում եւ դատապարտել. ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ ազատազրկման 12 տարի ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով՝ ազատազրկման 2 տարի ժամկետով:
ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված` պատիժների մասնակի գումարման սկզբունքի կիրառմամբ, նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 13 տարի ժամկետով, որը պետք է կրի ՀՀ արդարադատության նախարարության համապատասխան քրեակատարողական հիմնարկում:
Դավիթ Թամրազյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «նա անձնապես վիրավորված լինելով իր հետ նախկինում հարաբերությունների մեջ եղած, տվյալ պահին հարաբերությունները խզած Մարիամ Հունանյանից, վերջինիս դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով, 2013 թվականի մայիսի 7-ին գնացել է Մարիամ Հունանյանի վարձակալած բնակարան, թե իբրեւ անակնկալ նվեր ունի տալու, վերջինիս խնդրել է փակել աչքերը, իր մոտ եղած խոհանոցային դանակով կտրել է Մարիամի կոկորդը, ինչի հետեւանքվ վերջինս տեղում մահացել է: Բացի այդ, հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով, հրկիզել է դեպքի վայր հանդիսացող բնակարանը` բնակարանի սեփականատիրոջը պատճառելով 680.437 ՀՀ դրամի գույքային վնաս»: Տուժողն աշխատել է «Գոլդեն սեքընդս» հյուրանոցային համալիրում, որպես մատուցողուհի:
Ըստ բողոքաբեր կողմի. «Դատավճռի հետեւությունները հիմնված են ոչ թե դատաքննության ժամանակ հետազոտված ապացույցների վրա, այլ դրանք բառացիորեն արտատպված են մեղադրական եզրակացությունից: Մեղադրանք առաջադրելիս խախտվել է նաեւ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները, որովհետեւ կանխակալ մոտեցում է ցուցաբերվել վկա Միլենա Միրիջանյանի ցուցմունքների նկատմամբ, առավել նշանակություն տրվել` մինչեւ դրանց հետազոտումը պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում, եւ անգամ հետազոտումից հետո»։
Բողոքաբեր կողմի համաձայն, չի ապացուցվել արարքը, որի կատարման մեջ մեղադրվում է Դ. Թամրազյանը, նրա արարքը չի համապատասխանում ՀՀ քրեական oրենuգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով եւ 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով հատկանիշներին, չի ապացուցվել նրա կողմից ՀՀ քրեական oրենuգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով եւ 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով նախատեսված հանցավոր արարք կատարելը եւ մեղավորությունը տվյալ հանցանքները կատարելու մեջ:
Ամբաստանյալ Դավիթ Թամրազյանն ընդհանուր իրավասության դատարանում դատաքննության ժամանակ ցուցմունք է տվել այն մասին, որ առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում, քանի որ ինքը Մարիամ Հունանյանին չի սպանել, իսկ իր խոստովանական ցուցմունքները գրել է ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցների սպառնալիքների ազդեցության տակ:
Նա հայտնել էր, որ աշխատել է նշյալ հյուրանոցում, որպես գիշերային խոհարար, իսկ Մարիամը՝ մատուցողուհի, միմյանց ճանաչել են համատեղ աշխատանքից: Միմյանց հետ մեկ-մեկ հանդիպել են, Մարիամի հետ հյուրանոցից ազատվելուց հետո շփվել է հեռախոսով: Մարիամի հետ նաեւ հանդիպել են, իսկ հանդիպման նախաձեռնությունը եղել է Մարիամինը. «Չի իմացել, թե Մարիամ Հունանյանը ստույգ որտեղ է բնակվում, այլ միայն իմացել է, որ նա Շինարարների փողոցում է բնակվում: Մարիամին երբեք տուն չի ուղեկցել եւ չի իմացել նրա տան կոնկրետ տեղը: Իրենց ընկերությունը չի շարունակվել, քանի որ ինքն իմացել է, որ Մարիամն ընկեր ունի»:
Ինչ վերաբերում է դեպքի օրվան, ապա ըստ առաջին ատյանում ամբաստանյալի հայտնածի, 2013թ. մայիսի 7-ին` ժամը 10:00-ին, գնացել է աշխատանքի. «Այդ ժամանակ աշխատել է «Ջրվեժ» ռեստորանում` որպես խոհարար: Այդ օրը հագել է սեւ կաշվե բաճկոն, սեւ վերնաշապիկ, սեւ ջինսե տաբատ եւ կաշվե կոշիկներ: Այդ հագուստներն այժմ գտնվում են ոստիկանությունում: Աշխատանքի վայրում մնացել է մինչեւ ժամը 23:00-ը եւ ժամը 22:00-ից ժամը 23:00-ն աշխատանքի վայրից չի բացակայել: Քանի որ հերթապահ խոհարարը ինքն է եղել, եւ երկու խոհարարով են մնացած եղել, մենեջերից թույլտվություն է հարցրել եւ ժամը 23:00-ին դուրս է եկել աշխատանքից, քանի որ Միլենայի հետ պայմանավորված է եղել: Միեւնույն ժամանակ պայմանավորված է եղել Մարիամի հետ… Երբ գտնվել է Կիեւյան կամրջի մոտ, Մարիամն իրեն զանգահարել եւ ասել է, որ պլանները փոխվել են, եւ հանդիպումը տեղի չի ունեցել: Քանի որ Միլենայի հետ պայմանավորվել էր եւ մոտ է գտնվել՝ Կիեւյան կամուրջի վրա, ուղղությունը չի փոխել: Ինքը մտավախություն ունեցել է, որ Մարիամը եւ Միլենան, դպրոցի մոտ իրար հանդիպելով, կարող են կրկին վիճել, բայց ինքը մի քանի րոպեով պետք է խոսեր Մարիամի հետ: Մարիամն առաջարկել է հաջորդ օրը հանդիպել եւ չի ցանկացել հեռախոսով ասել, թե ինչ է պատահել: Ինքը բարկացել է եւ այդ օրը` ուշ ժամի, երբ Միլենային տարել է տուն, փորձել է զանգահարել Մարիամին, սակայն պատասխանող չի եղել»:
Մինչ օրս, ըստ պաշտպանի, չկա ապացույցը, պարզ չէ, թե ինչ դանակով է սպանվել տուժողը: «Իրենց բնակարանից առգրավված դանակները մինչեւ փորձաքննության ուղարկելը տարել եւ սրել են: Չնայած նրան, որ Միլենան ասել է, որ տեսել է այդ դանակը, բայց նա ոչ ոստիկանությունում եւ ոչ էլ իր մոտ այդ դանակը չի տեսել»,-ասել էր Դավիթը:
Պաշտպանական կողմը պահանջում էր բեկանել Երեւան քաղաքի Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 07.03.2017թ. մեղադրական դատավճիռը՝ ամբաստանյալ Դավիթ Թամրազյանին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով եւ 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով մեղավոր ճանաչելու մասին, եւ ճանաչել եւ հռչակել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով եւ 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով մեղադրվող ամբաստանյալ Դավիթ Թամրազյանի անմեղությունը եւ արդարացնել նրան՝ ապացույցների անբավարարության (այլ կերպ` հանցագործությանն ամբաստանյալի մասնակցությունն ապացուցված չլինելու) հիմքով։
Բողոքի քննությանը մասնակցող տուժողի իրավահաջորդ Ն. Վարդանյանն ասաց, որ արդեն մի քանի տարի է, ինչ իրենք տանում են կորստի ցավը, դեմ արտահայտվեց արտաշիրմանը, մինչդեռ պաշտպանական կողմը հանդես էր եկել միջնորդությամբ՝ դիակի դատաբժշկական լրացուցիչ փորձաքննություն նշանակելու մասին:
Հաջորդ նիստը նշանակվեց դեկտեմբերի 13-ին:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
08.11.2019