Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գյումրու քաղաքապետի ու գլխավոր ֆինանսիստի ուշագրավ բացահայտումները․ Լևոն Բարսեղյանը կդիմի իրավապահներին

Նոյեմբեր 12,2019 22:30

Այսօր Գյումրու ավագանու հերթական նիստի ժամանակ, երբ քննարկվում էր Գյումրի համայնքի հաշվեկշռում առկա անշարժ գույքի դուրս գրումը թույլատրելու հարցը,  քաղաքի գլխավոր ֆինանսիստ Լենա Ջիլավյանն ու քաղաքապետ Սամվել Բալասանյանը կարևոր բացահայտումներ արեցին։ Պարզվում է՝ համայնքի հաշվեկշռում դեռ այնպիսի շինություններ կան, որոնք վաղուց վաճառվել են, սակայն դրանց օտարման փաստաթղթերը արխիվում չեն գտել։

Ընդ որում՝ խոսքն այնպիսի կառույցների մասին է, որոնց վաճառքը ժամանակին բուռն քննարկման ու քննադատության թեմա էր դարձել գյումրեցիների շրջանակում։ Օրինակ՝ դրանցից մեկը Մայիսյանի կաթսայատունն է, որը վաճառվել էր Սամվել Ալեքսանյանին, նրա Ախուրյանում կառուցած շաքարի գործարանին, համենայնդեպս այդպես էին պարզաբանում, մյուսը տրոլեյբուսի վարչությունն է․ գյումրեցիները երկար ժամանակ փորձում էին բացահայտել, թե ո՞վ «կերավ» իրենց քաղաքի տրոլեյբուսի գծերը։

Ինչևէ, այսօր ավագանու նիստի ժամանակ  գլխավոր ֆինանսիստ Լենա Ջիլավյանն ասաց․

«Բավական երկար փնտրտուքից հետո տեսանք, որ կան նախկինում օտարված շենք-շինություններ, որոնք ավագանու որոշումներով չեն եղել, ընդհանուր ներքին որոշումներով են, այդ իսկ պատճառով չենք գտել այդ շենք-շինությունների օտարման փաստաթղթերը։ Այս անգամ ինչքան, որ հնարավոր է կեսը գտել ենք շենք-շինությունները օտարված և դրանք պետք է դուրս գրվեն։ Օրինակ՝ «Տրոլեյբուսային վարչություն» ՓԲԸ, հիշո՞ւմ եք մի անգամ ներկայացրեցին Մայիսյանի կաթսայատունը վաճառվել էր 280 միլիոն դրամով, բայց մեր բալանսի մեջ էր»։

Սամվել Բալասանյանը հեգնեց՝ հարցնելով․ «Տրոլեյբուսի գծերը մեջը կա՞ն, Ջիլավյան», որին գխավոր ֆինանսիստը ժպտալով արձագանքեց․ «Չէ, տրոլեյբուսի գիծ հլը չենք գտել, տրոլեյբուսի վարչություն ենք գտել, հիմա սա, անպայման, պիտի դուրս գրվի ու նման  բաներ․․․»։

Սամվել Բալասանյանը կատակեց․ «Տրոլեյբուսի գծեր, եթե կան, հանեք, գործ չունիք»։

Լենա Ջիլավյանը շարունակեց․ « Հոկտեմբեր» կինոթատրոնը երևի 2001-2002 թվին վաճառվել է, բայց մինչև հիմա մեր բալանսի մեջ է, մենք թղթերը չենք գտել»։

Սամվել Բալասանյանն ուշագրավ մի տեղեկություն հայտնեց․«Կինոհոկտեմբեր»-ը Համաշխարհային բանկով եւ 150 միլիոնով լրիվ վերականգնեցին, գեղեցիկ՝ ամեն ինչով, հետո վաճառվեց 50 միլիոնով. ո՞նց է ձեզ համար, արտակարգ չէ՞, զարմացա՞ք»։

Գյումրու ավագանու անդամ Լևոն Բարսեղյանն առաջարկեց դիմել իրավապահներին՝ պարզելու, թե ինչպե՞ս են օտարվել։

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքը 1996 թվականից ինչ կա, ասում է, որ գույքի տնօրինողը, օտարողը և այլն ավագանին է», -հիշեցրեց Լևոն Բարսեղյանը։

Լենա Ջիլավյանն ասաց, որ արխիվը մի այլ կարգի խառն է եղել, կան դեպքեր, երբ ոչ մի փաստաթուղթ չեն գտել։ Օրինակ՝ արխիվում 2007-2008 թվականի գործերն ընդհանրապես չկան։

Լևոն Բարսեղյանն առաջարկեց, որ օտարումների հետ կապված ավագանին կամ համայնքի ղեկավարը դիմի իրավապահներին՝ պարզելու, թե ինչպես են օտարվել։

«Եթե չկա փաստաթուղթ, տեղի է ունեցել քրեական հանցագործություն, եթե կան այդ փաստաթղթերը, մենք չունենք, դա ուրիշ պատմություն է, փաստաթղթերն են ոչնչացվել,թե ինչ են եղել․․․»,- ասաց Լևոն Բարսեղյանը։

Լենա Ջիլավյանն ասաց, որ պիտի փնտրեն նաև կենտրոնական արխիվում։

«Մենք մինչև հիմա իմացել ենք, թե սա մեր ունեցվածքն է, բայց պարզվում է ինչ-որ մի ժամանակ սա օտարվել է, թե ինչ մեխանիզմով, ավագանու որոշում եղե՞լ է, թե՞ չի եղել, առայժմ առեղծված է։ Եթե համայնքապետը չի դիմի, ես կդիմեմ իրավապահներին»,-ասաց Լևոն Բարսեղյանը։

Սամվել Բալասանյանն էլ ասաց, որ ավագանին կարող  է դիմել, բայց կենտրոնական արխիվում ևս պիտի փնտրել։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930