Լրահոս
Օրվա լրահոսը

Նախաձեռնելու եմ «Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծ

Նոյեմբեր 12,2019 22:50

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է, որ առաջիկայում հանդես է գալու «Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենսդրական նախաձեռնությամբ, որով ներդրվելու են բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից տրամադրվող վարկերի արդյունավետ տոկոսադրույքների առավելագույն սահմաններ:

«Որոշ ֆինանսական ընկերությունների կողմից տրամադրվող սպառողական վարկերի տոկոսադրույքները շատ հաճախ անհասկանալի և անհիմն բարձր են, որոնք էականորեն վնասում են հասարակության սոցիալապես խոցելի խավերին: Քաղաքացիներից շատերը, ունենալով ֆինանսական խնդիրներ, շատ հաճախ ճարահատյալ վիճակում գտնվելով, վարկ են վերցնում՝ չկարևորելով վարկի պայմանները:

Թեև տոկոսադրույքները ձևավորվում են շուկայական սկզբունքով և ֆինանսական համակարգում առկա են մոտ 50 բանկ և վարկային կազմակերպություն, սակայն որոշ ընկերություններ ակնհայտորեն չարաշահում են որոշ վարկատեսակների գծով իրենց դիրքերը և առաջարկում են երբեմն տարեկան 100%-ից ավել արդյունավետ տոկոսադրույքով վարկեր:

Միևնույն ժամանակ, կարևորելով նաև ընկերությունների շահույթ ստանալու իրավունքը, ընկերությունների ֆինանսական հաշվետվությունների ուսումնասիրություններից ակնհայտ է դառնում, որ նման տոկոսադրույքներով վարկեր տրամադրող ընկերությունները ստանում են գերշահույթներ: Մասնավորապես, վարկային կազմակերպությունների կապիտալի շահութաբերությունը միջինացված տվյալներով կազմում է մոտ 7%, ինչը ֆինանսական կառույցների համար ընդունելի ցուցանիշ է, այնինչ կան ընկերություններ, որոնց կապիտալի շահութաբերությունը հասնում է 100%-ի, իսկ ահա զուտ շահույթը գերազանցում է մի շարք բանկերի զուտ շահույթին:

Արդյունքում, առկա է անհրաժեշտություն կարգավորել որոշ ընկերությունների նման գործելաոճը, մասնավորապես ներդնելով սահմանափակումներ սպառողական վարկերի արդյունավետ տոկոսադրույքների համար:

Հաշվի առնելով ուսումնասիրությունները՝ նշված սահմանափակումները չեն վնասի ֆինանսական համակարգի հուսալիությունը, ռիսկերի վրա հիմնված տոկոսադրույքի հաշվարկման սկզբունքները, չեն հանգեցնի ընկերությունների միջին ընդունելի շահութաբերության նվազմանը, միևնույն ժամանակ կկարգավորվեն որոշ ընկերությունների գործունեությունը՝ նպաստելով քաղաքացիների պաշտպանությանը սպառողական վարկավորման մասով:

Արդյունքում, առաջիկայում նախաձեռնելու եմ «Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծ, որով ներդրվելու են բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից տրամադրվող վարկերի արդյունավետ տոկոսադրույքների առավելագույն սահմաններ»:

 

 «Լուսավոր Հայաստան» կուսակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930