«Կարևորագույն կետ է, որ իմ երկրի ԱԳ նախարարն իրապես պաշտպանի մեր երկրի շահերը, մեր երկրի խնդիրների լուծմամբ զբաղվի միջազգային հարթակներում, այլ ոչ թե իր և ֆեյսբուքյան ֆեյք ու կիսաֆեյք օգտատերերի հնչեցրած կարծիքներն ու մոտեցումները նույնը լինեն»,-«Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հայկ Մամիջանյանը:
Հիշեցնենք՝ երեկ ՀՀԿ-ական երիտասարդները բողոքի ցույցի ժամանակ պահանջում էին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հրաժարականը:
Հայկ Մամիջանյանը նկատեց, որ եթե ֆեյքերն աշխատավարձ են ստանում պարոն Փաշինյանին մերձ գործարարների գրպանից, ապա ԱԳ նախարարն աշխատավարձ է ստանում իրենց վճարած հարկերից. «Ուստի մենք իրավունք ունենք պահանջելու, որ ինքն առաջ մղի երկրի համար անհրաժեշտ քաղաքական օրակարգը, այլ ոչ թե քարոզչական հայտարարություններ անի իր՝ մեղմ ասած BBC-ի ձախողված հաղորդման ժամանակ»:
Հայկ Մամիջանյանը վստահեցրեց, որ իրենց ցանկացած ասելիք տեղ է հասնում. «Որքան էլ կառավարությունը փորձի ասել, որ իրենց չի հետաքրքրում մեր հնչեցրած մտահոգությունները, ուզեն թե չուզեն նաև մեր կառավարությունն են և հաշվետու են մեզ: ՀՀԿ-ն ՀՀ ամենամեծ արտախորհրդարանական ուժն է: Իսկ քաղաքական դիսկուրսը վաղուց դուրս է ԱԺ դահլիճից, հիմնականում արտախորհրդարանական ուժերն են վարում այդ դիսկուրսը, իրենք չեն կարող հաշվի չնստել մեր կարծիքի հետ»:
Կարդացեք նաև
Հայկ Մամիջանյանն ասաց, որ իրենց բողոքի գործողությունները սկիզբ և վերջ չեն ունենալու: Նա հայտնեց, որ ոչ մի արձագանք դեռ ԱԳՆ-ից չեն ստացել, բայց իրենց ավելի շատ հետաքրքրում է այն, որ իրենք հետևություններ անեն:
Հայկ Մամիջանյանը մտահոգություն հայտնեց, որ մեր պաշտոնյաները ոնց որ պակաս կարևորեն ազգերի ինքնորոշման իրավունքը ու ասաց. «Լավրովը երեկ Երևանում կարևորեց ազգերի ինքնորոշման սկզբունքը, իսկ մեր պաշտոնյաները խուսափում են դրա կիրառումից: Կգտնվի լուծում, կտրվի կարգավիճակ, էլ ավելի հեղհեղուկ ձևակերպումներ գտնել անհնար է»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ