«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» 1,8 միլիարդ տոննա պաշար ունի: Այս մասին կոմբինատի տարածքում եւ հանքավայրում լրագրողների հետ շրջայցի ժամանակ ասաց կոմբինատի գլխավոր տնօրեն Մհեր Պոլոսկովը: Կոմբինատի պատասխանատուները ծրագրում են մոտ ապագայում արտադրողականությունը հասցնել 22 միլիոն տոննայի: Ըստ պարոն Պոլոսկովի հանքավայրում այսօր էլ շարունակվում են երկրաբանական աշխատանքները:
«Այս հանքավայրը կիսվում է երկու մասի՝ ձախափնյա եւ աջափնյա, կիսվում է գետով։ Պաշարների մոտ կես բաժինը գետի մի կողմում է, մյուս մասը՝ հակառակ կողմում։ Մեր լիցենզիոն տարածքը գետի աջափնյա կողմում է գտնվում: Տարեկան մոտ 20 տոննա հանքաքար ենք արդյունահանում եւ վերամշակում, մոտ այդքան էլ դատարկ ապար։ Պայթեցնում ենք բլոկ առ բլոկ եւ սելեկտիվ արդյունահանում ենք։ Բլոկի այն մասը, որը դատարկ ապար է՝ տեղափոխվում է դատարկ ապարի լցակույտ»,-իրականացվող աշխատանքներին ծանոթացրեց գլխավոր տնօրենը:
Մինչ այս դատարկ ապարները եւ հանքաքարը հանքավայրի տարածքում տեղափոխվում էին մեքենաներով, որը նաեւ էկոլոգիական խնդիր էր առաջացնում, սակայն մեր այցելության պահին գործարանի տնօրինությունը գործարկեց նոր՝ ռելսային համակարգը, որը կոմբինատի զարգացման դեպարտամենտի ղեկավար Լեւոն Պողոսյանի խոսքով, էներգոարդյունավետ է, նվազեցնում է էկոլոգիական խնդիրը, կարող է աշխատել՝ անկախ եղանակային պայմաններից:
Կարդացեք նաև
Այն հանքաքարն ու ապարները կտեղափոխի փոքրիկ վագոններով. «Նախատեսվում է 2 գիծ կառուցել, որը դատարկ ապարները տանելու է լցակույտը։ Մեկ գիծը մոտավորապես 4 կմ է լինելու, իսկ մյուսը 3 կմ: Յուրաքանչյուր գիծը տարեկան թույլ կտա տեղափոխել 7-10 միլիոն դատարկ ապար»,- ասաց պարոն Պողոսյանը։ Այս համակարգի ներդրման համար պահանջվել է մոտ 20 միլիոն դոլար։ Շրջակա միջավայրի մաքրությունն ապահովելու համար մաքրման կայան էլ է տեղադրվելու, որը կոմբինատի բյուջեին 15 միլիոն եվրո է արժենալու:
Կոմբինատի հարստացուցիչ ֆաբրիկայում 4 աղաց կա: Կիսաինքնամանրացման աղացի եւ գնդաղացի տեղամասում հանքաքարը մանրացվում է, ինչից հետո այն, ջրի հետ միասին անցնում է այլ մշակում, որի արդյունքում էլ առաջանում է պղնձի եւ մոլիբդենի խտանյութերը։
Հայաստանի հարկատուների ցանկը գլխավորող կոմբինատում աշխատում են 4800-ից ավել աշխատակից: Այստեղ աշխատանքը կանգ չի առնում: Օրը 24 ժամ կոմբինատը հերթափոխով աշխատում է:
Ընկերության ղեկավարությունը վստահեցնում է՝ իրենք պատասխանատու հանքարդյունաբերող են: Ասում են՝ տնկվել է 7500 հատ ծառ եւ 27000 թուփ, հիմնանորոգել են Քաջարանի մշակույթի տունը, որն ունի գերժամանակակից 240 տեղանոց կինոթատրոն-համերգասրահ, կոմբինատի միջոցներով կապիտալ վերանորոգվել է արվեստի դպրոցը:
Ընկերության խոշոր նախագծերից մեկն էլ Քաջարանում
Բնակարանաշինությունն է: Բնակելի նոր թաղամասը կկառուցվի 3 տարում, բնակարանները կտրամադրվեն անվճար՝ բազմազավակ ու նոր ստեղծված ընտանիքներին:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ