Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Սահակյանի ելույթից հետո դատարանում ծափեր «պայթեցին»

Նոյեմբեր 12,2019 19:25

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը Շենգավիթի նստավայրում, «Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների» գործով, այսօր քննեց նաեւ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանի բացարկի միջնորդությունը` մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանին:

Պաշտպանի հիմնավորմամբ`վարույթ իրականացնող մարմինը նախաքննության ընթացքում թույլ է տվել մի շարք խախտումներ, այդ թվում՝ ապօրինի խուզարկություններ, գործի հետ կապ չունեցող գույքի ապօրինի առգրավում, թաքցրել են Ռոբերտ Քոչարյանի օգտին տված ցուցմունքները։ Բացարկը Պետրոս Պետրոսյանին է հայտնվում, քանի որ քննիչի գործողությունների հիմնական վերահսկողը նա է եղել, մեղադրական եզրակացությունը վերջինս է հաստատել`անտեսելով քննիչի թույլ տված խախտումները, դատավարական գործողությունների տեսքով չի արձագանքել այդ խախտումներին:

Ուստի, ըստ պաշտպանի, այդպիսով մեղադրող դատախազը նաեւ դրսևորել կանխակալ վերաբերմունք, տվյալ գործի շրջանակում չի իրականացրել պատշաճ դատախազական վերահսկողություն։ «Մեզ համար անհասկանալի է նաեւ Մարտի 1-ի գործից այս գործի՝ 79 հատորի առանձնացման սկզբունքը: Ձեզ ներկայացված մասով կան ցուցմունքներ՝ 2008, 2009, 2010-2011 թվականներին վերաբերող: Մենք կասկած ունենք, թե վարույթն իրականացնող մարմինը պաշտպաններից թաքցնում է այն նյութերը, որոնք կարող են վնասել իրենց պնդումները: Այդ առիթով մենք ժամանակին դիմել ենք վարույթն իրականացնող մարմնին եւ մերժվել ենք: Մերժման որոշման մեջ նշվել է, որ գործին կցված են մեղադրանքը ապացուցող փաստաթղթեր, մինչդեռ օրենքի համաձայն՝ պիտի ներկայացվեն մեղադրանքը ինչպես հիմնավորող, այնպես էլ հերքող ապացույցներ»,- ասաց պաշտպանը:

Հովհաննես Խուդոյանի միջնորդությանը միացան նաեւ Ռոբերտ Քոչարյանի մյուս պաշտպանները: Հայկ Ալումյանը եվս մեկ հիմք ավելացրեց բերվածներին`մեղադրող դատախազի անգործությունը. «Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի՝ Ռոբերտ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելուց հետո երկու օր անց վարչապետի կոչով դատարանները արգելափակվեցին, ընդ որում, այդ գործողություններին մասնակցեցին բարձրաստիճան պաշտոնատար անձինք, այդ թվում՝ ԱԺ պատգամավորներ: ՀՀ բոլոր դատարանների աշխատանքը խաթարվեց մինչեւ նույն օրվա ժամը 14:00-ն: Սա ոչ այլ բան է, քան քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործություն»:

Հայկ Ալումյանի խոսքով՝ Քրեական դատավարության օրենսգրքի 176-րդ հոդվածի համաձայն՝ առիթների եւ հիմքերի առկայության դեպքում դատախազը պարտավոր է իր իրավասության սահմաններում քրեական գործ հարուցել. «Այդ պարտականությունը կրում էր նաեւ դատախազ Պետրոսյանը, քանի որ նա դատական հսկողություն է իրականացնում այս գործի նկատմամբ, իսկ մեզ համար ակնհայտ էր, որ դատարաններն արգելափակվել էին այս քրեական գործով դատարաններին սարսափի մեջ պահելու, Քոչարյանին կալանավորելու համար»:

Քոչարյանի պաշտպանական խմբից Ռուբեն Սահակյանն էլ անդրադառնալով իրենց միջնորդությանը՝ մեջբերեց Քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածը, որով ասվում է, թե դատախազները պետք է բացահայտեն ոչ միայն մեղադրյալին մերկացնող, այնպես էլ նրան արդարացնող հանգամանքները: Պաշտպանը մեջբերեց մեղադրանքի այն հատվածը, ըստ որի զինվորական արտահագուստ է բաժանվել օլիգարխների թիկնազորին: Ռուբեն սահակյանն ասաց, որ այդ դրվագով հարցաքննվել է 9 մարդ. «Մարդիկ հարցաքննվել են, բայց նրանց ցուցմունքները չեն կցվել, որովհետեւ դրանք հերքում են մեղադրանքը»: Եւ դա, ըստ պաշտպանի, կատարվել է դատախազ Պողոսյանի թողտվությամբ:

Ըստ մեղադրանքի, ցույցերը եղել են խաղաղ: Բայց Ռուբեն Սահակյանն ասում է, որ քրեական գործում կան ուղղակի փաստեր, որոնցից երեւում է, որ ցուցարարները խաղաղ չեն եղել, ցույցերը խաղաղ բնույթ չեն եղել: Ըստ նրա, փորձագետի եզրակացություններ կան, որ ոստիկանները բեկորային նռնակի գործողության հետեւանքով վնասվածքներ են ստացել. խոսքը 25 կամ ավելի մարդու մասին է. «Իսկ ինչո՞ւ նրանց ցուցմունքները չկան գործում, եթե կան, ինչո՞ւ դատակոչված չեն, ինչո՞ւ չկան մեղադրական եզրակացությունում»:

Ռուբեն Սահակյանը նաեւ հայտարարեց, որ նախաքննության մարմնի կողմից պաշտպանական կողմին գործի նյութերը ընտրովի ե տրամադրվել: Նա գտնում է, որ այս դրվագը բավարար է հասկանալու համար, որ մեղադրող դատախազը գործի օբյեկտիվ եւ բազմակողմանի քննություն ապահովելու իր սահմանադրական պարտականությունը չի կատարել:

Ռուբեն Սահակյանի ելույթից հետո դատարանում ծափեր հնչեցին:

Քոչարյանի պաշտպաններին միացան նաև մյուս մեղադրյալների պաշտպանները:

Արմեն Գեւորգյանի պաշտպանները նաև գործով մեղադրող մյուս դատախազ Գեւորգ Բաղդասարյանին բացարկ հայտնելու միջնորդություն ներկայացրեցին: Արմեն Գեւորգյանի պաշտպանն, օրինակ, նկատեց, որ տարօրինակ ձեւով այս գործում հայտնվել է եւ մեղադրանքի հիմքում դրված է եղել «Վիկիլիքսի» հայտի հրապարակումը, ըստ որ իր պաշտպանյալն իբր ճնշում է գործադրել ՍԴ նախկին անդամ Վալերի Պողոսյանի նկատմամբ: Վերջինս հրապարակային հայտարարել է, որ Արմեն Գեւորգյանի կողմից իր նկատմամբ ճնշում չի եղել: Չնայած այս հանգամանքին`Արմեն Գեւորգյանի նկատմամբ քրեական գործ հարուցվեց`սույն հիմքով:

Պաշտպանի պնդմամբ, քրգործ հարուցվում է ոչ թե անձի դեմ, այլ փաստի շուրջ․ «Ուսումնասիրելով որոշումը՝ կնկատենք, որ այնտեղ տրված են այնպիսի ձեւակերպումներ, որոնք անաչառ դիտորդի տեսանկյունից կարող են ստեղծել այնպիսի տպավորություն, որ Արմեն Գեւորգյանը կատարել է այդ որոշման նկարագրական մասի մեջ նկարագրված գործողությունները՝ հանցավոր արարքը։ Մինչդեռ բոլորիս հայտնի է, որ քրեական գործի հարուցման որոշման մեջ չեն կարող տրվել այնպիսի ձեւակերպումներ, որոնք անաչառ դիտորդի մոտ կարող են ստեղծել այնպիսի տպավորություն, որ անձը կատարել է այդ հանցագործությունը։ Ես չեմ ուզում հավատալ, որ գործով մեղադրողները՝ քննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազները, նշյալ դրույթի մասին որեւէ տեղեկություն չեն ունեցել եւ իմ նշված նախադեպային իրավունքի մասին որեւէ տեղեկություն չեն ունեցել»։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930