Լրահոս
Օրվա լրահոսը

Հարսանիք գողացված ու հետ բերված Գյումրվա հայտնի «Չայկայով»․ Սամվել Բալասանյանի յուրօրինակ առաջարկը

Նոյեմբեր 12,2019 18:55

Այսօր Գյումրու ավագանու նիստի ժամանակ, երբ քննարկվում էր «Գյումրու կոմունալ ծառայություն» համայնքային բյուջետային հիմնարկի հաշվեկշռում առկա լրիվ մաշված, օգտագործման համար ոչ պիտանի գույքի դուրսգրումը թույլատրելու մասին» հարցը, Գյումրու նախկին քաղաքապետի՝ Վարդան Ղուկասյանի փեսան՝ Ավետիս Առաքելյանը, որն ավագանու անդամ է,  քաղաքի գլխավոր ֆինանսիստ Լենան Ջիլավյանից հետաքրքրվեց, թե որտե՞ղ է հայտնի «Չայկան»։

«Կարո՞ղ է տեղեկություն ունենաք հայտնի «Չայկա» մակնիշի մեքենան վաճառվե՞լ է, ի՞նչ է եղել», և  մինչ Լենա Ջիլավյանը կարձագանքեր, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը պատասխանեց․ «Չայկա» մեքենան կանգնած է, մասերը ճարեք, բերեք, դնենք «Չայկեն» հանենք․․․»

Ավագանու անդամը տեղից արձագանքեց․ «Վաճառենք», որին Սամվել Բալասանյանն ավելի կոշտ արձագանքեց․ « Ինչո՞ւ վաճառենք, տանք Զագսին, էդ «Չայկա» մեքենան էդպես կանգնած է, էդ մասերը մեկիմ տունն է, գնացեք, խնդրեք, մեկ  է իրենց պետք չէ, թող տան,  դնենք, հավաքենք,տանք Զագսին, որ մեր երեխեքը նստեն էդ «Չայկով» գնան, փող չտան ավելորդ։

«Չայկեն» կա, հեչ մարդ տեղից չի շարժել»։

Սամվել Բալասանյանն իր խոսքում ակնարկում էր Վարդան Ղուկասյանի եղբորը՝ Գևորգ Ղուկասյանին։

Հիշեցնենք, որ «Չայկա» մակնիշի մեքենան դարձել էր պատերազմի թեմա Գյումրու նախկին ու ներկայիս իշխանությունների միջև․ 2012 թվականին, երբ Սամվել Բալասանյանը ստանձնել էր Գյումրու քաղաքապետի պաշտոնը, քաղաքապետարանը դիմել  էր ոստիկանություն՝ հայտնելով, որ առևանգել են Գյումրու քաղաքապետարանին պատկանող Գազ 13 մակնիշի «Չայկա» ավտոմեքենան։

Պարզվեց, սակայն, որ այն կայանած է եղել Վարդան Ղուկասյանի եղբոր՝ Գևորգ Ղուկասյանի բակում, որն էլ իր հերթին հայտարարեց, թե այդ մեքենան տեր ունի, իրենն է, այն գողացված չէ, ինքը դեռ 2005թ․-ին  գնել է համայնքից ավագանու որոշմամբ, և երբ բնանկարչության բակից տարել է տուն, հայտարարել են, թե այն գողացել են։

«Չայկան» դարձել էր մամուլի հիթային, ամենազվարճալի թեման։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930