«Ես արտակարգ հիշում եմ, թե ով ինչ ճանապարհ է անցել, ինչպես եւ ում համար: Տիկին Նաիրա Զոհրաբյան, երբ Դուք այս ամբիոնից մատ եք թափ տալիս ու ասում, թե ով ում ինչ կարող է հիշեցնել, խնդրում եմ՝ ապրեք, ձեր քաղաքական կյանքն անցեք այնպես, որ այստեղ նստած չամաչեք, երբ ինչ-որ մեկը ձեզ կհիշեցնի քաղաքական հետագծի մասին: 2015 թվականի փետրվար ամիսը վկա»,-ԱԺ ամբիոնից այսօր ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ելույթին այսպես արձագանքեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը:
Ապա նա, նկատի ունենալով ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի՝ միասեռականների եւ սեռափոխվածների շուրջ մտահոգությունները, կարծիք հայտնեց, որ ԲՀԿ-ն կեղծ քաղաքական օրակարգ է որդեգրել եւ ամեն օր խոսում է այդ մասին. «Աշխարհահռչակ հոգեվերլուծաբան Զիգմունդ Ֆրեյդը վարկած է առաջ տարել՝ միասեռականության հանդեպ վախը ճնշող մեծամասնության դեպքում արտահայտված է այն մարդկանց մոտ, որոնք լատենտ գեյեր են»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ