Վաշինգտոն – Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար) սատարում է երկկուսակցական կոնգրեսական ջանքը՝ չեղարկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերը Սպիտակ տուն, որը նախատեսված է չորեքշաբթի, նոյեմբերի 13-ին:
Երեկ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էլիոթ Էնգելը (Դեմոկրատ, Նյու Յորք) առաջնորդեց Ներկայացուցիչների պալատի անդամներին ճնշել նախագահ Դոնալդ Թրամփին՝ չեղյալ հայտարարել իր հրավերը նախագահ Էրդողանին, ընդգծելով, որ «Սիրիայում Էրդողանի արյունաշաղախ արշավը ապակայունացրել է տարածաշրջանը և վտանգել է ԱՄՆ-ի ազգային անվտանգությունը»:
«Նախագահ Էրդողանի որոշումը հոկտեմբերի 9-ին հյուսիսային Սիրիա ներխուժելու մասին աղետալի հետևանքներ է ունեցել ԱՄՆ-ի ազգային անվտանգության համար, հանգեցրել է ՆԱՏՕ-ի դաշինքում խորը պառակտումների և տեղում մարդասիրական ճգնաժամ է առաջացրել: Թուրքական ուժերը սպանել են խաղաղ բնակիչների ու Սիրիայի դեմոկրատական ուժերի անդամների՝ ԻԼԻՊ-ի դեմ պայքարում ԱՄՆ-ի կարևորագույն գործընկերների, ինչպես նաև տեղահանել են ավելի քան հարյուր հազար մարդու Սիրիայի հյուսիսում գտնվող իրենց օջախներից»,- գրեցին օրենսդիրները:
«Հաշվի առնելով այս իրավիճակը, մենք հավատացած ենք, որ այժմ խիստ անհամապատասխան պահ է, որպեսզի նախագահ Էրդողանն այցելի Միացյալ Նահանգներ և մենք ձեզ կոչ ենք անում չեղյալ հայտարարել այդ հրավերը»:
Կարդացեք նաև
Երկկուսակցական նամակը ստորագրեցին նաև Կոնգրեսականներ՝ Գաս Բիլիրաքիսը (Հանրապետական, Ֆլորիդա), Ուիլիամ Կիտինգը (Դեմոկրատ, Մասաչուսեթս), Փիթեր Քինգը (Հանրապետական,Նյու Յորք), Ադրիանո Էսպաիլատը (Դեմոկրատ, Նյու Յորք), Սյուզն Ուայլդը (Դեմոկրատ, Փենսիլվանիա), Ալբիո Սիրեսը (Դեմոկրատ, Նյու Ջերսի), Թեդ Դոյչը (Դեմոկրատ, Ֆլորիդա), Քոլին Օլրեդը (Դեմոկրատ, Տեխաս), Ջիմ Կոստան (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Ջերալդ Քոնոլին (Դեմոկրատ, Վիրջինիա), Ջեյմի Ռասկինը (Դեմոկրատ, Մերիլենդ), Բրեդ Շերմանը (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Խուան Վարգասը (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Ջեյմս ՄաքԳավերնը (Դեմոկրատ, Մերիլենդ), Դինա Տիտուսը (Դեմոկրատ, Նեվադա) և Իլհան Օմարը (Դեմոկրատ, Մինեսոտա):
Բացի այդ, Ներկայացուցիչների պալատի Հանրապետական կուսակցության համաժողովի նախագահ Լիզ Չեյնին (Հանրապետական, Վայոմինգ) կոչ արեց Պետդեպարտամենտին՝ թույլ չտալ ԱՄՆ մուտք գործել որևէ մեկին, ով 2017թ.-ին ճանապարհորդել էր Նախագահ Էրդողանի հետ և մասնակցել էր Թուրքիայի դեսպանի նստավայրի առջև խաղաղ բողոքի ակցիա իրականացնող ամերիկայի քաղաքացիների վրա հարձակմանը:
«2017թ.-ի բախումները առաջին անգամը չէին, որ Էրդողանի ավազակները Միացյալ Նահանգներ այցելելիս ավտորիտար տակտիկա են կիրառել ամերիկայի քաղաքացիների դեմ: Այս պահվածքը, ցավոք, առօրյա երևույթ է նախագահ Էրդողանի համար թուրքական հողի վրա: Այնտեղ դա սխալ է և վրդովեցնող, այստեղ՝ անարգանք է ամերիկյան արժեքներին և բոլորովին անցանկալի է: Էրդողանի ռեժիմի կողմից ցանկացած վայրում անմեղ խաղաղ բնակչության նկատմամբ բռնության գործադրումը անմարդկային է, ոչ քաղաքակիրթ և անընդունելի»,- ասաց համաժողովի նախագահ Չեյնին: «Վճռորոշ է, որպեսզի մենք հարգենք և պաշտպանենք այս և բոլոր ամերիկացիների Սահմանադրական առաջին Փոփոխությամբ ամրագրված իրավունքները և մենք նախապես շնորհակալություն ենք հայտնում իրավապահ պաշտոնատար անձանց, ովքեր ռիսկի են ենթարկում իրենց անվտանգությունը՝ համարձակորեն պաշտպանելու և պահպանելու ամերիկացիների ազատ խոսքի իրավունքը», – եզրափակեց նա:
Կոնգրեսական Դեն Քրենշոն (Հանրապետական, Տեխաս) նույնպես նախատեսում է նամակ ուղարկել ԱՄՆ-ի մայրաքաղաքի Կոլումբիայի շրջանի ոստիկանության Մետրոպոլիտանի վարչություն (MPD)՝ ապահովելու խաղաղ ցուցարարների անվտանգությունը Էրդողանի կողմնակից ցուցարարների բռնություններից, ինչպես նաև՝ Պետդեպարտամենտի արարողակարգի ղեկավարի գրասենյակին և Պետքարտուղար Մայք Պոմպեոյին` երաշխավորելու, որ Էրդողանը և նրա թիկնապահները կհարգհեն հավաքների և խոսքի ազատության Ամերիկայի առաջին Սահմանադրական փոփոխության իրավունքները:
Ըստ վերջին դատական փաստաթղթերի, Էրդողանի 2017թ.-ին Վաշինգտոն կատարած այցի վերաբերյալ լրացուցիչ մանրամասները ներառում են ավելի շատ հարձակումներ թուրք անվտանգության աշխատակիցների կողմից՝ հայտնում է The Washington Post-ը: Պետդեպարտամենտի հուշագրերից, որոնք գրվել են ԱՄՆ-ի անվտանգության աշխատակիցների կողմից, հայտնի դարձավ, որ Թուրքիայի անվտանգության աշխատակիցները բազմաթիվ անգամներ հարձակվեցին ինչպես քաղաքացիական անձանց, այնպես էլ ԱՄՆ անվտանգության գործակալների վրա, երբեմն միաժամանակ, 2017թ.-ի մայիսի 16-ի օրվա երկրորդ կեսի ընթացքում, ներառյալ հարձակումը դեսպանի նստավայրի մոտակայքում, այնուհետև կռիվը Թուրքիայի դեսպանատան մոտ: Դիվանագիտական անվտանգության երկու հատուկ գործակալներ, ԱՄՆ գաղտնի ծառայության վեց սպաներ և մեկ MPD սպա բազմաթիվ վնասվածքներ ստացան. առնվազն մեկը տեղափոխվեց հիվանդանոց:
«Ամերիկայի հայկական համագումարը ողջունում է Կոնգրեսի անդամներին` նախագահ Էրդողանի հակաժողովրդավարական գործունեության դեմ արտահայտվելու և Սպիտակ տուն այցելելու նախագահ Թրամփի հրավերը հետ վերցնել հորդորելու համար: Ինչպես երեկ հայտարարեց Դեյվիդ Ֆիլիփսը Վաշինգտոնում ելույթի ժամանակ, նախագահ Թրամփը, փոխարենը, պետք է Թուրքիայի նախագահին տուն ուղարկի՝ միակողմանի տոմսով դեպի Հաագա, հատկապես հաշվի առնելով Մերձավոր Արևելքում Թուրքիայի բռնությունը, որն ընթանում է առանց հսկողության և Էրդողանի աջակցությունը ԻԼԻՊ-ին: Կարևոր է, որպեսզի Միացյալ Նահանգները պաշտպանի վտանգի տակ գտնվող փոքրամասնություններին, հատկապես, հաշվի առնելով Թրամփի վարչակազմի լայնածավալ աշխատանքը՝ Մերձավոր Արևելքում քրիստոնյաներին պաշտպանելու ուղղությամբ»,- ասացին Համագումարի համանախագահներ Էնթոնի Բարսամյանը և Վան Գրիգորյանը:
Թուրքիան եղել է ԻԼԻՊ-ի համար կյանքի ուղի և շարունակել է Օսմանյան կայսրության ցեղասպան քաղաքականությունը՝ բացահայտ աջակցելով ջիհադական ահաբեկչությանը: Սիրիայի հյուսիսում թիրախավորված քրիստոնյաների մի մասը ներառում է հայերի և ասորիների, որոնց նախնիները 20-րդ դարի սկզբին վերապրել են Հայոց ցեղասպանությունը և իրենք էլ այսօր նույն տիպի էթնիկ զտումների են ենթարկվում Թուրքիայի և ԻԼԻՊ-ի կողմից:
2014թ.-ին «Ալ-Քաիդա»-ի հետ փոխկապակցված ահաբեկիչներ հեշտությամբ հատեցին թուրք-սիրիական սահմանը և հարձակվեցին Սիրիայի Լաթաքիայի շրջանի Քեսաբ հայկական գյուղի վրա՝ այս ամենը կատարվեց Թուրքիայի աջակցությամբ:
Իր նախագահական քարոզարշավի ընթացքում նախագահ Թրամփը նախատեց Թուրքիային՝ ԻԼԻՊ-ի հետ բիզնես վարելու համար: Նախագահ Թրամփը հայտարարեց, որ Թուրքիայի կառավարությունը «կարծես, ԻԼԻՊ-ի կողմից է՝ քիչ թե շատ հիմնվելով նավթի հարցի վրա»:
«Թուրքիայի աջակցությունը ԻԼԻՊ-ին և նրա հարձակումները էթնիկ և կրոնական փոքրամասնությունների վրա աններելի են: Հենց այս առավոտյան ԻԼԻՊ-ի զինյալները հպարտորեն սպանեցին հայ քահանայի, ով գնում էր այցելելու հայկական կաթոլիկ եկեղեցի Սիրիայի հյուսիսում գտնվող Դեր Զորում: Թուրքիան պետք է դադարի աջակցել ահաբեկչությանը և պետք է անմիջապես հեռացվի ՆԱՏՕ-ից»,- հավելեցին համանախագահները:
Համագումարի Կոնգրեսական հարաբերությունների գծով տնօրեն Մարիամ Խալոյանն Ասորական միություն կուսակցության փոխնախագահ և հյուսիսարևելյան Սիրիայի կառավարման գործադիր կոմիտեի անդամ Էլիզաբեթ Գոուրիի հոտ
Երկու շաբաթ առաջ Համագումարի Կոնգրեսական հարաբերությունների գծով տնօրեն Մարիամ Խալոյանը հանդիպեց Ասորական միություն կուսակցության (Syriac Union Party) փոխնախագահ և հյուսիսարևելյան Սիրիայի կառավարման գործադիր կոմիտեի անդամ Էլիզաբեթ Գաուրիի հետ՝ քննարկելու Սիրիայի և Թուրքիայի սահմանին գտնվող քրիստոնեական գյուղերի ճգնաժամը: Գաուրին գտնվում էր Վաշինգտոնում, որպեսզի նախազգուշացնի ԱՄՆ-ին Քամիշլիում քրիստոնեական գյուղերի տեղահանումների մասին:
«Ամերիկայի հայկական համագումարը կիսում է վիշտը Սիրիայի քրիստոնյա համայնքի հետ, քանի որ հայ հոգևորականների դեմ այս ահաբեկչական հարձակումը Թուրքիայի կողմից հովանավորվող ջիհադականների հանցավոր պահվածքի ևս մեկ օրինակ է: Մենք կոչ ենք անում Միացյալ Նահանգներին պաշտպանել տարածաշրջանի կրոնական փոքրամասնություններին և անհապաղ գործողություններ ձեռնարկել»,- ասաց Խալոյանը:
Ամերիկայի հայկական համագումար