Հայաստանը 2015 թվականից հանդիսանում է ԵԱՏՄ անդամ, և այլ երկրներից Հայաստան ներմուծվող ապրանքների համար 2015 թ․ հունվարի 1-ից Հայաստանում գործում են ԵԱՏՄ մաքսային դրույքաչափերը։ Չնայած նրան, որ Հայաստանը բանակցությունների արդյունքում իրավունք էր ստացել աստիճանաբար համապատասխանեցնել նախկին դրույքաչափերը ԵԱՏՄ ստանդարտներին, այնուամենայնիվ, բազմաթիվ ապրանքատեսակների մաքսատուրքեր արդեն իսկ բարձրացել են։ Իսկ ահա 2020 թվականի հունվարի 1-ից երրորդ երկրներից ներմուծվող գրեթե բոլոր ապրանքատեսակների վրա սկսում են տարածվել ԵԱՏՄ մաքսային դրույքաչափերն ամբողջությամբ։
Ինչպես նշեցինք, ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներից ապրանքների ներմուծման մաքսային դրույքաչափերի ավելացման հետևանքները Հայաստանի տնտեսության վրա արդեն իսկ նկատելի են։ Մեր հրապարակումներում բազմաթիվ անգամներ անդրադարձել ենք ամեն տարի թանկացող ապրանքատեսակներին և այժմ ցույց կտանք, թե որ ապրանքատեսակներն են թանկանալու արդեն 2020 թվականի հունվարի 1-ից։
Այսպիսով, 2020 թվականի հունվարի 1-ից թվով 699 ապրանքատեսակի մաքսային դրույքաչափ ավելանալու է: Թանկացող ապրանքատեսակների թվում կան նաև առաջին անհրաժեշտության ապրանքներ, դեղորայք։
Մասնավորապես, սկսած 2020 թվականի հունվարի 1-ից ավելանալու են մսի, մսից սննդային ենթամթերքների որոշ տեսակների, կաթնամթերքի, կենդանական կամ բուսական ծագման ճարպերի, յուղերի, ձեթի մաքսային դրույքաչափերը՝ 2,5-3 տոկոսով, իսկ մարգարինը թանկանալու է 12 տոկոսով։
Կարդացեք նաև
Գյուղատնտեսության ոլորտը ևս զերծ չի մնա թանկացումներից։ Գյուղատնտեսական մթերքների, կենդանիների կերերի, հացահատիկի, հացահատիկի սերմնացուի մաքսազերծման համար ներմուծողները սահմանին կվճարեն 3-4 տոկոսով ավել, իսկ պարարտանյութեր ներմուծողները՝ 2.5-4 տոկոսով ավել։ Մանկական սննդի, խմորիչների, ինչպես նաև ծխախոտային հիմքով ապրանքների մաքսային դրույքաչափերը կավելանան 2-3 տոկոսով։
Մաքսատուրքերի ավելացումը հարված է հասցնելու նաև առողջապահության ոլորտին։ Ներմուծված դեղագործական արտադրանքը, դեղամիջոցներն ու անտիբիոտիկները թանկանալու են 2-4 տոկոսով։ Նույն չափով ավելանալու են նաև դեղերի ստեղծման համար անհրաժեշտ քիմիական նյութերի, միացությունների, օքսիդների մաքսային դրույքաչափերը, ինչը նվազեցնելու է հայրենական դեղագործության մրցունակությունը։
Տեքստիլ արդյունաբերությունը ևս չի խուսափի թանկացումների այս շղթայից։ ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներից կտորեղենի, գործվածքների, մանածագործական իրերի ներմուծման համար գործող մաքսային դրույքաչափերը բարձրանալու են 4-6 տոկոսով։
3 տոկոսով ավելանալու են չմշակված կաշվի, ոչ թանկարժեք մետաղների և դրանցից պատրաստված իրերի, պղնձի, պղնձյա իրերի մաքսատուրքերը, իսկ ալյումինի և ալյումինե արտադրատեսակների մաքսային դրույքաչափերը ավելանալու են 6-9 տոկոսով։
Թանկացումներ են սպասվում նաև շինարարության ոլորտում։ 3 տոկոսով ավելանալու են շինանյութի (ավազ, կավիճ, գիպս և այլն), ցեմենտի և դրա հավելումների մաքսային դրույքաչափերը։
Բացի սա, ԵԱՏՄ անդամ երկիր չհանդիսացող երկրներից ներմուծման դեպքում ավելանալու են հետևյալ ապրանքների մաքսատուրքերը․ ներկեր ու լաքեր՝ 2 տոկոս, հիգիենայի պարագաներ, լվացող միջոցներ՝ 2 տոկոս, փայտ, փայտից պատրաստված իրեր՝ 2-8 տոկոս, կերամիկա, մետաղակերամիկա՝ 2-5 տոկոս, ապակի, ապակե արտադրատեսակներ՝ 5-6 տոկոս, թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, բիժուտերիա՝ 6 տոկոս, ջեռուցման կաթսաներ, տուրբիններ, սառնարաններ, սառցարաններ՝ 6-9 տոկոս, էլեկտրական մեքենաներ և սարքավորումներ՝ 6 տոկոս։
Քաղաքացիներին հատկապես հետաքրքրող և, թերևս, ամենաշատ քննարկված ապրանքատեսակը թանկացող ավտոմեքենաներն են։ Դրանց թանկացումների վերաբերյալ մամուլում կան բազմաթիվ հրապարակումներ, և հանրության լայն շերտեր տեղյակ են նոր դրույքաչափերով ավտոմեքենաների ներմուծման գներից։ «Իրազեկ քաղաքացիների միավորումը» ևս անդրադարձել է այս թեմային և օրինակներով ցույց տվել, թե որքանով կավելանան մեքենաների գները ԵԱՏՄ մաքսային դրույքաչափերի՝ ուժի մեջ մտնելու օրվանից։ Հոդվածին կարող եք ծանոթանալ այստեղ։
Այսպիսով, կարող ենք փաստել, որ ԵԱՏՄ մաքսային դրույքաչափերի՝ ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանն ակամա դառնալու է ԵԱՏՄ անդամ երկրների արտադրանքի «գերին», քանի որ այլ երկրներից ապրանքների ներմուծման մաքսային դրույքաչափերը դարձնում են դրանք ավելի թանկ և հետևաբար՝ անմրցունակ։ Սա է պատճառը, որ Հայաստանի տնտեսության կախումը ԵԱՏՄ երկրներից և առավելապես Ռուսաստանից դառնալու է առավել ակնհայտ։
Հավելենք, որ այլ երկրներից ներմուծվող ապրանքների համար գանձվող մաքսային վճարները հավաքվում են ԵԱՏՄ ընդհանուր բյուջե, որից Հայաստանին վճարվելու է 1,22 տոկոսը։
Սևադա ՂԱԶԱՐՅԱՆ
«Իրազեկ քաղաքացիների միավորում»