Լրահոս
Օրվա լրահոսը

Հիբրիդային զինադադար. Մոսկվան նոր խաղաթղթեր է բաժանում

Նոյեմբեր 12,2019 22:00

Պաշտոնական այցով Հայաստան ժամանեց Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Պաշտոնական Մոսկվայի տեսակետը հայտնելու լիազորություններ ունեցող անձանց նեղ շրջանակում Լավրովին անվերապահորեն պատկանում է ռեկորդսմենի տիտղոսը՝ թավշյա հեղափոխությունից հետո պաշտոնական Երեւանին քննադատելու առումով։

Այցը երկօրյա էր, որի ընթացքում պաշտոնական եւ ոչ պաշտոնական շփումների հնարավորություն է եղել։ Իսկ մինչ այցը, Լավրովը հարցազրույց տվեց Մեդիամաքս հայկական լրատվական գործակալությանը, որի ընթացքում մի շարք ուշագրավ հայտարարություններ արեց, ի դեպ, հարցազրույցի ողջ տեքստը նաեւ զետեղվեց Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական կայքում։ Բացի դրանից, որպես պաշտոնական այցի անոնս՝ ՌԴ ԱԳՆ-ն հանդես եկավ առանձին պաշտոնական մեկնաբանությամբ, որում «գույքագրված» է հայ-ռուսական հարաբերությունների ողջ համալիրը՝ Մոսկվայի տեսակետից։

Հայկական կողմը պակաս շռայլ էր հայտարարությունների եւ մեկնաբանությունների առումով այցին նախորդող ժամանակաշրջանում, եւ կարելի է արձանագրել, որ այս՝ առաջին հայացքից տարօրինակ ակտիվության նախաձեռնողը հենց ռուսական կողմն էր՝ հանձինս պարոն Լավրովի գերատեսչության։

Հաշված օրեր են անցել այն մեկնաբանությունից, երբ պարոն Լավրովը հանկարծ «մտահոգվեց» Փաշինյանի՝ «Արցախը Հայաստան է եւ վերջ» արտահայտությունից, իսկ մինչ նրա այդ «մտահոգվելը» ռուսական պրոպագանդան հայտնի «փորձագետների» շուրթերով ոչ միայն «մտահոգվում» էր, այլ ուղղակի գրոհի էր անցել պաշտոնական Երեւանի ուղղությամբ, փաստորեն մեղադրելով «պատերազմ հրահրելու», դրանով իսկ «կառուցողական Բաքվին» արժանին չմատուցելու եւ մի շարք այլ «մահացու մեղքերի» մեջ, ասենք, «Սորոսի», «ամերիկյան գրանտերի», «ավանդական արժեքների» եւ հար եւ նման թեմաներով։ Դրան ակտիվորեն միացել եւ երկրորդում էր նույն թեզերով «մտահոգ» շրջանակների պրոպագանդան։

Եվ ահա, պարոն Լավրովն իր վերջին հարցազրույցով նոր «այցեքարտ» է փորձում ներկայացնել Երեւանին, որն էապես տարբերվում է նախորդից։

Նախ, ՌԴ արտգործնախարարն ուղղակիորեն հերքում է Ռոբերտ Քոչարյանի այն թեզը, որը նա հնչեցրեց «Սպուտնիկ»-ում հրապարակված իր հոդվածում, որ Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները «փչանում են», քանզի երկիրը կառավարում են անձինք, ովքեր «հակառուսական» են եւ «սնվում են արեւմտյան գրանտներից»։ Պարոն Լավրովը հայտարարում է, որ «ՀՀ նոր իշխանությունները, վարչապետ Ն.Վ.Փաշինյանի գլխավորությամբ, ցուցաբերեցին լուրջ տրամադրվածություն համապարփակ դաշնակցային հարաբերությունների եւ համագործակցության ընդլայնման ամրապնդման ուղղությամբ, ինչպես երկկողմ, այնպես էլ ինտեգրացիոն ձեւաչափերի շրջանակներում»:

Ընդ որում, նույն պարոն Լավրովն էր, որ նախկինում Ռոբերտ Քոչարյանի եւ Յուրի Խաչատուրովի համատեքստում քննադատում էր Հայաստանի իշխանություններին՝ «քաղաքական ընդդիմախոսներին հետապնդելու» համար, սակայն իր այս վերջին հարցազրույցում նրանցից որեւէ մեկի անունն անգամ չշոշափվեց։

Իսկ Հայաստանի արտաքին քաղաքականությունը գնահատելով, նա հայտարարեց, որ «Երեւանի վարած արտաքին քաղաքականությունը կրում է հավասարակշռված, պատասխանատու բնույթ»: Սա փաստորեն ամբողջապես ջարդում է Հայաստանի իշխանությունների հայտնի ընդդիմախոսների հրապարակ նետած հակառակ թեզը, որը բարձրաձայնվում է հենց ռուսական համատեքստում։

Ինչո՞վ է այս ամենը պայմանավորված։

Ըստ ամենայնի, Հայաստանը ռուսական հաշվարկներում առժամանակ մղվում է երկրորդ պլան, նույնիսկ անկախ նրանից, թե ինչ բովանդակությամբ փաստաթղթեր կստորագրվեն, եւ Մոսկվան առավել տրամաբանական է համարում իրավիճակի «կոնսերվացումը», եւ առավել հուսալիության համար Մոսկվան նաեւ հայտարարում է, որ «Ռուսաստանը շարունակում է ակտիվ դեր խաղալ միջնորդական ջանքերում, ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը։ Աջակցությունը կողմերին Ղարաբաղյան կարգավորման գործում ռուսաստանյան արտաքին քաղաքական առաջնահերթություններից է, գտնվում է Ռուսաստանի նախագահի ուշադրության կենտրոնում։ Մեր հաստատ համոզմամբ, կարգավորումը պետք իրականացվի բացառապես քաղաքական-դիվանագիտական միջոցներով, կողմերի միջեւ երկխոսության ճանապարհով»։ Սա արդեն ասվում է ՌԴ ԱԳՆ մեկնաբանության մեջ։ Այսինքն, իրավիճակի «կոնսերվացումը» երաշխավորվում է նաեւ պատերազմի վերսկսումն անընդունելի համարելու մասին պնդմամբ։

Փաստորեն, Մոսկվան հաշվի է առնում Հայաստանում այլեւս ձեւավորված իրողությունները, եւ ներկայումս Երեւանի կողմից տարվող քաղաքական պարամետրերը բավարար համարելու մասին է բարձրաձայնում Մոսկվան։ Սա նաեւ ուղղակի ազդանշան է պրոպագանդային՝ ճնշումը դադարեցնելու, «ավելի ակտուալ» հարցերով զբաղվելու վերաբերյալ։ Մոսկվան մեջբերում է Փաշինյանին, նրա բանաձեւը վերջնական կարգավորման վերաբերյալ համարում այլընտրանք չունեցող եւ ասում է՝ «ինչպես ճիշտ ասաց Փաշինյանը…»։ Մոսկվան մատնացույց է անում Քոչարյանին, վերհիշելով, թե ում «շնորհիվ» Արցախը դուրս մնաց բանակցային ձեւաչափից եւ շեշտում, որ առանց Արցախի ժողովրդի կարծիքի՝ որեւէ վերջնական կարգավորում հնարավոր չէ։

Մոսկվան նախորդ խաղն ավարտած է համարում եւ նոր խաղաթղթեր է բաժանում, որտեղ, եթե խոսենք պրեֆերանսի լեզվով, ապա «վիստ»-ից բացի այլ բան չի կարող ակնկալել եւ խոհեմաբար դա առժամանակ համարվելու է բավարար։

Իհարկե, սա չի նշանակում, որ Հայաստանի հասցեին «մտահոգությունները» կդադարեն, քանզի, ասենք, Ռոբերտ Քոչարյանը եւ նրա պաշտպանական թիմն այլ ընտրություն չունեն։ Իսկ այլեւս «ինքնագործ» պրոպագանդայի «պատվիրատու-հայրերին» ի հայտ բերելն ու գաղափարապես ջարդելն էլ ավելի կհեշտանա, նույնիսկ եթե նրանք նախկինում վճռորոշ դեր են ունեցել նախորդ իշխանությունների վերարտադրության  գործում։

Մոսկվան որոշ ժամանակով հիբրիդային զինադադար է կնքում պաշտոնական Երեւանի հետ։ Իրավիճակը կփոխվի, երբ ռուսները համընթաց քամիներ կզգան, կամ Հայաստանի իշխանությունները կոպիտ սխալներ կգործեն եւ գայթակղություն կստեղծեն Մոսկվայի համար։

Իսկ Մոսկվայի ինքնավստահությունն էապես նվազել է, հատկապես Դոնալդ Թրամփի իմփիչմենթին ուղղված արշավի մեկնարկից սկսած, ընդհուպ մինչեւ «Չիպոլինոյի» արգելումը թատրոններում։ Մոսկվայի քաղաքականությունը եղել է ավել կամ պակաս դաժան, ավել կամ պակաս տարօրինակ, ինչպես առեղծվածային ռուսական հոգին, բայց երբեք չի եղել այս աստիճանի հեղհեղուկ եւ ծիծաղելի։ Նաեւ չմոռանանք «սեւ կարապների» անմեկնելի հավանականությունը՝ հատկապես նախագահ Պուտինի պատկառելի «ստաժի» ֆոնին։

Սակայն, Մոսկվան Մոսկվա չէր լինի, եթե իր համար «պահեստային անիվ» վաղօրոք չպահեր։ ՌԴ ԱԳՆ մեկնաբանությունը եզրափակվում է հետեւյալ նախադասությամբ. «Մեր կողմից, նպաստելու ենք կարգավորման ձեռքբերմանն, ինչպես ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների կազմում, այնպես էլ որպես ազգային [սուբյեկտ], հաշվի առնելով մեր սերտ հարաբերությունները Հայաստանի եւ Ադրբեջանի հետ»։

Այսինքն, երբ Մոսկվան նոր խաղը սկսի՝ նա հենց այդ «գույնի» խաղաթղթով է անելու իր առաջին «պատվերը»։ Այստեղ է, որ Երեւանն առաջնահերթ ուշադրություն պետք է պահպանի, կրկնապատկի, եռապատկի։ Իսկ մնացածում Երեւանի անելիքը մեկն է, եւ շատ նման է հեծանվորդի անելիքին.պահել ղեկը ճիշտ ուղղությամբ, այն է՝ արմատական բարեփոխումների, եւ չդադարել պտտել պեդալները։ Դա է, որ Երեւանին դուրս է բերելու հավանական ծուղակներից, տրամադրելու է մանեւրելու դաշտ եւ հաղորդելու է ամրության պաշար։ Դա է՝ ե՛ւ հավասարակշռությունը, ե՛ւ ընթացքը պահպանելու միակ երաշխիքը, իսկ մնացյալն անցողիկ է, ինչպես գալիք ձմեռը։

Ռուբեն ՄԵՀՐԱԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
08.11.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930