Կապանի օդանավակայանը նախագծվել, կառուցվել եւ սերտիֆիկացվել է միջազգային օդանավակայանների պահանջներին համապատասխան, սակայն անգամ հարեւան երկրներ այս օդանավակայանից չեն կարող թռիչքներ իրականացվել: Դրա մենաշնորհը «Զվարթնոց» եւ Գյումրիի «Շիրակ» օդանավակայաններինն է: Այս մասին Aravot.am-ի հարցին ի պատասխան ասաց Նարեկ Ամբարյանը, որը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» գլխավոր տնօրենի առաջին տեղակալն է: Նարեկ Ամբարյանը լրագրողների հարցերին պատասխանեց մեդիա-տուրի ժամանակ:
Թռիչքուղին, որը պարոն Ամբարյանի տվյալներով, մոտ 2 կիլոմետր է գրեթե պատրաստ է, օդանավակայանն ամբողջությամբ պատրաստ կլինի 2020 թվականին:
Տեղեկացանք, որ Կապանի օդանավակայանից չվերթներ կիրականացնի 19 տեղանոց լեհական L-410 ինքնաթիռը, տոմսի արժեքը կկազմի մոտ 40.000 դրամ՝ վերադարձով:
«Մեր հաշվարկով, եթե եղանակային պայմանները թույլ տան, ապա ինքնաթիռը կարող է մեկ օրում 4 անգամ թռիչք իրականացնել դեպի Երեւան ու վերադառնալ Կապան»,-ասաց Նարեկ Ամբարյանը՝ հույս հայտնելով, որ մի օր էլ Կապանի օդանավակայանից այլ երկրներ թռիչքներ կունենանք. «Սա մեզ համար սոցիալական պրոյեկտ է, որն ուղղված է մարզում կյանքի բարելավմանը, ակտիվացմանը, տուրիզմի զարգացմանը: Սա բիզնես ձեռնարկ չէ եւ շահույթ չի հետապնդում: Օդանավակայանը նաև ստրատեգիական կարեւոր նշանակություն կարող է ունենալ, քանի որ Սյունիքը ավելի կմոտեցնի Երեւանին»:
Ըստ պարոն Ամբարյանի, նախագծման, մտահղացման եւ իրականացման բոլոր փուլերում ողջ ծավալով ֆինանսավորումը իրականացրել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը»: Նրա տվյալներով, նախահաշվային արժեքը 2,3 միլիարդ դրամ է, որից մոտ 2 միլիարդն արդեն իրացվել է: «Օդանավակայանը տնտեսապես շահավետ չի լինելու, վնասով է աշխատելու: Վնասն իր վրա է վերցնելու «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը»:
Կարդացեք նաև
Պարոն Ամբարյանը նաեւ հայտնեց, որ կոմբինատը սուբսիդավորելու է առանձին սոցիալական խմբերին ինքնաթիռի տոմսի արժեքը:
Կապանի օդանավակայանի տնօրեն Կարեն Վարդանյանը հայտնեց, որ օդանավակայանում 20-ից ավել աշխատատեղ կբացվի:
Օդանավակայանը 1 ժամում կարող է սպասարկել մոտ 100 մարդու:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ