Լրահոս
Օրվա լրահոսը

2019 թ-ի սեպտեմբերին գրանցվել է 0.2% գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 0.3%-ի դիմաց, ինչի արդյունքում 12-ամսյա գնաճը մնացել է գրեթե անփոփոխ. ԿԲ

Նոյեմբեր 12,2019 16:52

2019 թ. հոկտեմբերի 29-ի ՀՀ ԿԲ խորհրդի նիստին մասնակցում էին` ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, ՀՀ ԿԲ նախագահի տեղակալներ Ներսես Երիցյանը,      Վախթանգ Աբրահամյանը, խորհրդի անդամներ Հասմիկ Ղահրամանյանը, Արթուր Ստեփանյանը, Արմենակ Դարբինյանը, Մարտին Գալստյանը, Օլեգ Աղասյանը:

Խորհրդի նիստը սկսվեց հոկտեմբերի 29-ի դրությամբ Իրավիճակային հաշվետվության ներկայացմամբ: Քննարկվեցին գնաճի, արտաքին միջավայրի, իրական, հարկաբյուջետային և դրամավարկային հատվածների զարգացումները:

Արձանագրվեց, որ 2019 թ-ի սեպտեմբերին գրանցվել է 0.2% գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 0.3%-ի դիմաց, ինչի արդյունքում 12-ամսյա գնաճը մնացել է գրեթե անփոփոխ՝ ամսվա վերջին կազմելով 0.5%: Ինչպես և նախորդ ամիսներին, սեպտեմբերին ևս ցածր գնաճին շարունակել են մեծ նպաստում ունենալ սեզոնային գյուղմթերքների գների ձևավորված ցածր մակարդակները: Մասնավորապես, «Բանջարեղեն» և «Միրգ» ապրանքախմբերի գները նվազել են՝ համապատասխանաբար 4.0% և 1.9%-ով (ընդհանուր նպաստումը գնաճին՝ -0.3 տոկոսային կետ), ինչն ուղեկցվել է նաև «Յուղեր և ճարպեր», «Կաթնամթերք», «Շաքար» և «Միս» ապրանքախմբերի գների նվազմամբ՝ համապատասխանաբար 5.8%, 1.8%, 1.7% և 1.2%-ով (ընդհանուր նպաստումը գնաճին՝ -0.37 տոկոսային կետ), ինչն հիմնականում կրել է պարենային ապրանքների միջազգային շուկայում այդ ապրանքների գների նվազման ազդեցությունը: Ամսվա ընթացքում 12-ամսյա բնականոն գնաճը փոքր-ինչ նվազել է, այդուհանդերձ այն պահպանվել է ընդհանուր գնաճի համեմատ բարձր՝ 1.1% մակարդակում:

Խորհուրդն անդրադարձավ ձևավորված տնտեսական միջավայրին և փաստեց, որ, ինչպես և սպասվում էր, 2019 թ-ի երրորդ եռամսյակում պահպանվել է բարձր տնտեսական ակտիվություն՝ պայմանավորված հիմնականում արտադրողականության աճով: Այսպես, հունվար-սեպտեմբերին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ գրանցվել է տնտեսական ակտիվության ցուցանիշի 7.1% մակարդակ, որին մեծ նպաստում են ունեցել ծառայությունների և արդյունաբերության ճյուղի բարձր աճերը: Շարունակում է բարձր մնալ նաև ներքին պահանջարկը՝ պայմանավորված մասնավոր սպառման աճով, ինչին նպաստել են վերջին տարիներին իրականացված խթանող դրամավարկային քաղաքականությունը և մասամբ՝ նաև ընթացիկ տարում մակրոպրուդենցիալ այլ գործիքներով մեծ ծավալի դրամային իրացվելիության ներարկումը: Մասնավորապես, տարվա անցած ժամանակահատվածում ԿԲ-ն փոփոխություն է մտցրել պարտադիր պահուստավորման մեխանիզմում՝ փուլային անցում կատարելով ներգրավված արտարժութային միջոցների դիմաց դրամի փոխարեն արտարժույթով պահուստավորմանը (այս տարի 3 անգամ 2-ական տոկոս փոխելով), որի արդյունքում բանկային համակարգում ազատվել է շուրջ 120.0 մլրդ դրամի իրացվելիություն: Մյուս կողմից, արտարժույթի մեծածավալ առաջարկի պարագայում, շուկայից գնվել է շուրջ 240.0 մլրդ դրամին համարժեք արտարժույթ: Արձանագրվեց նաև, որ պահպանվում է բանկային համակարգի կողմից տնտեսության վարկավորման բարձր աճը, որը հատկապես դրսևորվել է սպառողական և հիփոթեքային վարկերի մասով: Նշված ժամանակահատվածում ներքին պահանջարկի վրա ազդեցության տեսանկյունից իրականացված հարկաբյուջետային քաղաքականությունը շարունակում է մնալ զսպող՝ չնայած երրորդ եռամսյակում պետբյուջեի թույլ տված որոշակի պակասուրդին:

Խորհրդի նիստում ներկայացվեցին արտաքին հատվածի զարգացումները և նշվեց, որ այդ հատվածում առկա անորոշություններն ու դրանցից ածանցվող՝ համաշխարհային տնտեսության աճի դանդաղման միտումները պահպանվում են, ինչն արտահայտվում է նաև ապրանքահումքային միջազգային շուկաներում շարունակաբար թուլացող գնաճային միջավայրով: Այս իրավիճակում ՀՀ հիմնական գործընկեր երկրների ԿԲ-ներն առաջիկայում ևս, գնաճի թիրախին հասնելու նպատակով, կշարունակեն վարել խթանող դրամավարկային քաղաքականություն։

Խորհրդի նիստում քննարկվեցին ՀՀ ֆինանսական շուկայի զարգացումները և արձանագրվեց, որ սեպտեմբեր-հոկտեմբերին ֆինանսական շուկայի կարճաժամկետ տոկոսադրույքները, սեպտեմբերին քաղաքականության տոկոսադրույքի իջեցմանը համահունչ, նվազել են՝ պահպանվելով քաղաքականության տոկոսադրույքի շրջակայքում: Միաժամանակ, տոկոսադրույքի իջեցմանը համապատասխանաբար արձագանքել է ՊՊ շուկան, որտեղ դիտվել է տոկոսադրույքի նվազում եկամտաբերության կորի ողջ երկայնքով:

Իրավիճակային հաշվետվության և արտաքին ու ներքին մակրոտնտեսական զարգացումների վերաբերյալ քննարկումից հետո Խորհուրդն անցավ դրամավարկային քաղաքականության ուղղությունների քննարկմանն ու քաղաքականության տոկոսադրույքի որոշման կայացմանը: Քննարկվեցին վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ թողնելու կամ իջեցնելու տարբերակները: Հաշվի առնելով առաջիկայում արտաքին հատվածի զարգացումներն ու հարկաբյուջետային քաղաքականության խթանող ընթացքը, և նախապատվությունը տալով գնաճի աստիճանական վերականգնմանը՝ ԿԲ Խորհուրդը նպատակահարմար գտավ պահպանել դրամավարկային խթանման չափը՝ անփոփոխ թողնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Խորհուրդը նաև գնահատում է, որ կանխատեսվող մակրոտնտեսական զարգացումների պարագայում, ԿԲ-ն խթանող պայմանները կպահպանի նաև միջնաժամկետում՝ գնաճի նպատակի իրագործման համար։ Արդյունքում ակնկալվում է, որ գնաճն առաջիկա ամիսներին կպահպանվի նպատակային ցուցանիշից ցածր մակարդակում՝ հետագայում կայունանալով դրա շուրջ:

Խորհուրդը քննարկեց նաև առկա գնաճային ռիսկերը, որոնք այսօր դեռևս գնաճի՝ դեպի ներքև շեղման ուղղությամբ են՝ պայմանավորված հիմնականում արտաքին աշխարհի զարգացումներով և հարկաբյուջետային քաղաքականության ընթացքով, որոնց դրսևորման պարագայում Կենտրոնական բանկը պատրաստ է համապատասխանորեն արձագանքել՝ ապահովելով գների կայունությունը միջնաժամկետ հատվածում։

ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930