Լրահոս
Օրվա լրահոսը

Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը դատարանում վատացավ. դատավորը մերժեց պաշտպանների միջնորդությունը

Նոյեմբեր 12,2019 16:46

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների նստավայրում (նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյան) նոյեմբերի 12-ին տեղի ունեցավ ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու՝ պաշտպանական խմբի միջնորդության քննության հերթական նիստը։

Դատական նիստին ներկա է Մանվել Գրիգորյանը: Նրան դատարանում դիմավորեցին ծափերով և «ողջույն զորավարին», «առողջություն զորավարին» վանկարկումներով:

Մանվել Գրիգորյանի պաշտպանները նախագահող դատավորին ներկայացրին ինքնաբացարկի միջնորդություն:

Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը դատարանի դահլիճում հայտարարեց. «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 303-րդ հոդվածի ուժով, որը իմպերատիվ պահանջ է, ամբաստանյալի չներկայանալու դեպքում գործի քննությունը հետաձգվում է: Նախագահող դատավորը ամբաստանյալի բացակայությամբ նաև միջանկյալ դատական ակտեր է հրապարակել, որոնք ուղղակիորեն առնչվել են Մանվել Գրիգորյանի իրավունք-պարտականություններին»:

Լևոն Բաղդասարյանը պնդեց, որ նախագահող դատավորը կանխակալ վերաբերմունք է ցուցաբերել Մանվել Գրիգորյանի նկատմամբ: Պաշտպանը հիշեցրեց, որ միջգերատեսչական հանձնաժողովի հետազոտություն նշանակելու հարցը Մանվել Գրիգորյանի բացակայությամբ է որոշվել, առանց դատարանում լսելի դարձնելու է որոշվել, և առանց Մանվել Գրիգորյանի համաձայնությունը ստանալու դատարանը որոշել է բավարարել և պարտավորեցնել Մանվել Գրիգորյանին անցնել միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հետազոտություններ»:

Պնդելով, որ դատարանը, ըստ էության կիրառել է բժշկական հարկադրական միջոցներ՝ Լևոն Բաղդասարյանը եզրափակեց. «Արդյոք Գրիգորյանի նկատմամբ՝ նախագահող դատավորի նման կանխակալ վերաբերմունքը թույլ կտա՞ պաշտպանական կողմին մտածել, որ տեղի է ունենալու արդարադատություն, արդյոք իրավական ակտերի առերևույթ խախտումներով արդարադատության իրականացումը ողջամիտ կասկած չի՞ հարուցի նախագահող դատավորի անկողմնակալության հարցում: Միջնորդում եմ հարգելի նախագահողի ինքաբացարկ»:

Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը միջնորդեց, որ խնամակալը որպես կողմնակի օժանդակող անձ, որի մասին նշված էր նաև միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացության մեջ, ներկա գտնվի նիստերին և օժանդակի Մանվել Գրիգորյանին:

Մեղադրող դատախազ Վահե Դոլմազյանը, այս առիթով հղում կատարելով միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությանը, ասաց, որ այդ փաստաթղթում նշված է, որ օժանդակող անձի անհրաժեշտությունը վերաբերում է տեղափոխմանը, ուստի նիստերի դահլիճում օժանդակող անձի ներկա գտնվելու վերաբերյալ՝ պաշտպանների միջնորդությունն արհեստական է: Դատախազն ասաց, որ դրա համար նիստերի դահլիճում ներկա է բժիշկը:

Այս ընթացքում Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը վատացավ: Երբ նրա կինը՝ Նազիկ Ամիրյանը, մոտեցավ նրան, դատավորն ասաց, որ նա բժշկի հսկողության տակ է և Նազիկ Ամիրյանն իրավունք չունի նախագահողի խոսելու ընթացքում խոսել Մանվել Գրիգորյանի հետ: Դատարանը որոշեց կես ժամ տրամադրել, որ Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը կարգավորվի և հեռացավ խորհրդակցական սենյակ:

Վերադառնալով դատարանը մերժեց Մանվել Գրիգորյանի պաշտպանների՝ ինքնաբացարկի միջնորդությունը: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 19-ին:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Անահիտ says:

    Մեր երկիրը քաոսի է վերածվել, լավ չի կառավարվում: Նման դատավարությունները երկար ձգձգել պետք չէ: Գուցե ծայրահեղ մոտեցում է, բայց որ ԱՄՆ-ում որոշ դեպքերում մահապատիժ են կիրառում, պետության ամբողջականությունն ու կայունությունը նաեւ այդ կերպ է պահպանվում: Բանակ թալանելն ու անպատիժ մնալը նույնն է, ինչ օրինակ ծառայել մյուսների համար:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930