Լրահոս
Օրվա լրահոսը

Սերգեյ Լավրովն իրականացրեց լաբորատոր աշխատանքները. «Կոմերսանտի» անդրադարձը Լավրովի այցին Հայաստան

Նոյեմբեր 12,2019 16:12

Հայաստանում 2018թ. մայիսին տեղի ունեցած իշխանափոխությունից հետո առաջին անգամ երկուշաբթի պաշտոնական այցով Հայաստանում էր Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Իր գործընկեր Զոհրաբ Մնացականյանի հետ բանակցություններում քննարկվել են հիմնականում «նախահեղափոխական» օրակարգի հարցեր, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի կարգավորման թեման: Լրագրողներին հետաքրքրում էր նաև ռուս փորձագետների մուտքը Հայաստանում բացված բիոլաբորատորիաներ ապահովող հուշագրի ճակատագիրը: Ըստ «Կոմերսանտի»՝ այդ փաստաթղթի ստորագրումը կարող է տեղի ունենալ մինչև տարեվերջ: «Կոմերսանտը» վերլուծել է Լավրովի այցը Հայաստան:

Սերգեյ Լավրովի այցը Երևան առաջին հայացքից նման էր Հայաստանի մայրաքաղաք բոլոր նախորդ այցերին: Երկուշաբթի վաղ առավոտյան նա այցելեց Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, ծաղիկներ դրեց Անմար կրակի մոտ և ջրեց հուշահամալիրի այգում մի քանի տարի առաջ իր տնկած եղևնին, իսկ հետո հանդիպումներ անցկացրեց երկրի նախագահի, վարչապետի և արտգործնախարարի հետ: Բայց արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի համար, որն այդ պաշտոնը զբաղեցնում է անցյալ տարվա մայիսից, այս այցն առանձնահատուկ էր- նա մի քանի անգամ շեշտադրեց այն, որ Երևանում Սերգեյ Լավրովին ընդունում է առաջին անգամ, գրում է թերթը:

«Մեր հարաբերություններն այնքան խորը և բովանդակալից են, որ դժվար է դրանք նկարագրել մեկ բառով»,- բանակցությունների ժամանակ հայտարարեց Հայաստանի արտգործնախարարը: «Ամեն ինչի մասին հնարավոր չէ բանակցել անգամ մեկ ամբողջ օրվա ընթացքում»,- գործընկերոջը պաշտպանեց Սերգեյ Լավրովը: Նա նաև բարձր գնահատեց Հայաստանի հետ հարաբերությունները՝ ընդգծելով, որ 2018թ. մայիսից վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն 4 անգամ հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և առաջիններից մեկն է արձագանքել գալիք տարվա մայիսին Հաղթանակի 75-րդ տոնակատարության հրավերին:

Նախօրեին երկու նախարարները միասին Հանրապետության հրապարակում գտնվող Ազգային պատկերասրահում բացեցին Հաղթանակի հոբելյանին նվիրված ցուցահանդես: Միջոցառման ժամանակ նրանց ելույթներից պարզ դարձավ, որ «պատմությունը վերաշարադրելու» փորձերը, որոնք այդքան վրդովեցնում են Մոսկվային վերջին տարիներին, անհանգստացնում են նաև Երևանին: «Մայիսի 9-ը մեր ընդհանուր տոնն է, ինչպես նաև մեր ընդհանուր պատմությունն այն մասին, որ մենք միասին ենք պայքարել և գնացել դեպի ընդհանուր հաղթանակ: Հայրենական մեծ պատերազմում հաղթանակը նախկին ԽՍՀՄ բոլոր ժողովուրդների և հակահիտլերական կոալիցիայի հաղթանակն է: Հետևաբար, մեզ համար անընդունելի են ցանկացած ջանքեր և փորձեր՝ աղճատելու պատերազմի մասին ճշմարտությունը»,- ասել է Մնացականյանը: «Այդպիսի վերաբերմունքը պատահական չէ. պատերազմի ճակատներում կռվել են Հայաստանից, միութենական հանրապետություններից և սփյուռքից հայ ժողովրդի 600 հազար որդիներ: Նրանց կեսը՝ 314 հազար, պատերազմի ճակատից հետ չեն վերադարձլ»,- հիշեցրել է նա իր ելույթում:

Երկուշաբթի Հայաստանի ԱԳՆ-ում բանակցություններին հաջորդած մամուլի ասուլիսն ուղեկցվում էր փակ դռների ետևում լսվող խուլ գվվոցով. կառավարական համալիրների աստիճանների վրա պիկետի մասնակիցները թմբուկ էին խփում և վուվուզել փչում: Չնայած, բողոքի հասցեատերը ոչ թե Զոհրաբ Մնացականյանն էր, այլ նրա գործընկերը՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, նկատում է թերթը: Երկու նախարարությունները տեղակայված են մեկ կառավարական համալիրում, իսկ ցույցի մասնակիցները բողոքում էին նախարարի վերջերս արված առաջարկի դեմ, որով , օրինակ, ոչ հումանիտար բուհերից պետք է հեռացնել հայոց լեզվի և գրականության, իսկ դպրոցական ծրագրից՝ Հայ եկեղեցու պատմության առարկաները, բացատրում է թերթը:

Բանակցությունների ավարտին Սերգեյ Լավրովը և նրա գործընկերը ստորագրեցին 2020-2021թթ. միջարտգործնախարարական խորհրդակցությունների ծրագիր: Սակայն մամուլի ասուլիսին Հայաստանից և Ռուսաստանից մասնակցող լրագրողներին այդ փաստաթուղթը չէ, որ հետաքրքրում էր: Ավելի վաղ «Կոմերսանտը» հայտնել էր, որ Ռուսաստանի ԱԳՆ-ն նախատեսում է ստորագրել հուշագիր, որով կապահովվեր ռուս մասնագետների, այդ թվում զինվորականների մուտքը Պենտագոնի ֆինանսավորմամբ բացված կենսաբանական լաբորատորիաներ: Սակայն հուշագրի ստորագրման արարողություն Երևանում չեղավ: Ըստ թերթի աղբյուրների, այն կարող է ստորագրվել մինչև տարեվերջ:

«Ընդհանուր առմամբ հուշագրի տեքստի շուրջ բանակցություններն ավարտվել են, փաստաթուղթը գտնվում է միջգերատեսչական համաձայնեցման փուլում,- ասել է Լավրովը:- Ակնկալում ենք, որ առաջիկայում այն կստորագրվի, դա լրացուցիչ հնարավորություն կընձեռի կենսաբանական անվտանգության ոլորտում մեր գործակցության համար»: Ըստ Լավրովի՝ Ռուսաստանը «երկար տարիներ» փորձում է ստեղծել ստուգիչ մեխանիզմ կենսաբանական և թունավոր նյութեր պարունակող զենքի մասին կոնվենցիայի շրջանակում, «բայց ամերիկացի գործընկերները նախընտրում են խուսափել նման պայմանավորվածությունից և գործը տանում են նրան, որ ամբողջ աշխարհում երկկողմ հիմքով ստեղծեն իրենց ենթակա լաբորատորիաներ»: «Բնականաբար մենք շահագրգռված ենք, որ այդ ոլորտում մենք մեր դաշնակից Հայաստանի, ինչպես նաև այլ գործընկերների հետ ունենանք լիարժեք և փոխադարձ թափանցիկություն»,- ասել է նա: Մնացականյանն էլ հաստատել է, որ խոսքը «Հայաստանի կենսաբանական անվտանգության» և «ավելի լայն համատեքստում անվտանգության» մասին է:

Բանակցությունների ընթացքում կողմերը քննարկեցին նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր, մասնավորապես, ապրանքաշրջանառությունը մինչև ռեկորդային 2 մլրդ դոլար հասցնելու հարցը: Բացի այդ, նրանք շոշափեցին Եվրասիական տնտեսական միության, ՀԱՊԿ և ԱՊՀ շրջանակում արտաքին քաղաքական գործակցության հարցեր, ինչպես նաև հստակեցրին դիրքորոշումներն այնպիսի թեմաներով, որոնք քննարկվում են ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի և Եվրախորհրդի շրջանակներում:

Անխուսափելի և դեռևս անլուծելի թեմա էր, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղը: Զոհրաբ Մնացականյանը հավաստիացրեց, որ Երևանը բարձր է գնահատում Ռուսաստանի միջնորդական ջանքերը Ղարաբաղի հարցում: Սերգեյ Լավրովն իր հերթին ընդգծեց. «Տարածքային ամբողջականպւթյան, ինքնորոշման և վեճերի բացառապես խաղաղ կարգավորման սկզբունքներն ամրագրված են բոլոր փաստաթղթերում, որոնք կողմերը քննարկում են: Եվ վերջնական լուծման մեջ պետք է հաշվի առնել այդ բոլոր սկզբունքները: Սրա հետ չեն վիճում ո՛չ Երևանը, ո՛չ Բաքուն»: «Իսկ մնացածը… Դիվանագիտական արվեստը փոխզիջումների գնալու պատրաստակամությունն է»,- ակնարկել է Լավրովը:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930