Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե այսպես շարունակվի, մենք կունենանք անհայրենիք կրթված երեխաներ». Միհրդատ Մադաթյան

Նոյեմբեր 12,2019 15:53

Հոգեբան Միհրդատ Մադաթյանն անդրադառնալով ուսանողության եւ նրան միացած քաղաքական ուժերի, հասարակական շերտերի տրամադրություններին եւ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջին՝ այսօր լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ ասաց. «Սեւ ու սպիտակի բաժանումը հենց այնպես չի արվել, դա նպատակ ունի: Հիմա Արայիկ Հարությունյանի դեպքում, ասվում է՝ սա հանրությունը չի, սա սեւերն են, հանրությունը սպիտակն է: Բայց այդ հանրությանը մենք ոչ մի տեղ չենք տեսնում: Ես շատ եմ ման եկել, որ կողքը կանգնեմ: Ինչ վերաբերում է ցույցերին, կարծում եմ, դա անում է մեր ամենաակտիվ հանրությունը՝ ուսանողությունը: Վարչապետի խոսքը, թե երբ հանրությունն ուզի, ես կթողնեմ կգնամ, կարծում եմ՝ շատ ակտիվ զարգացումներ է ունենալու:

Հուրախություն ինձ, այստեղ՝ Հայաստանում ապրում են մարդիկ, որոնք ունեն պետության զգացում, ազգի պատասխանատվության զգացում, գիտեն Հայոց Պատմությունը, մոդայիկ չեն, ունեն արժեհամակարգ: Մենք ասում ենք չէ՞՝, ինչ անում ենք, երեխաների համար ենք անում: Երեխաներին կրթության ենք տալիս, բայց արդեն սկսում ենք ամենակարեւոր բանը կորցնել երեխաների համար՝ Հայրենիքը: Եթե այսպես շարունակվի, այդ երեխաները կլինեն անհայրենիք կրթվածներ: Ազգ ասածը բնորոշվում է մի շարք միավորներով ու դրանցից ամենակարեւորը լեզուն է: Եթե լեզուն չկա, ազգն սկսում է վերանալ: Ազգը բնորոշվում է լեզվով, որպես լեզվական միավոր: Իսկ այսօր մեր սուպերնախարարը փորձում է Հայոց Լեզվի կարեւորությունը ստորադասել: Սա առաջին խնդիրն է:

Երկրորդը մշակույթն է: Մենք ունենք ազգային մշակույթ: Ու այն, ինչ պետական ֆինանսավորմամբ արվեց օրերս, ոչ մի կապ չունի մեր նիստուկացի, մշակույթի, պատմության, ոչ էլ ավանգարդիզմի հետ: Եթե դա արվեր մի խումբ մարդկանց կողմից՝ առանց կրթության ու մշակույթի նախարարի, կասեինք՝ ինչ-որ մի փորձ էր, որը հաջող կամ անհաջող էր: Գնահատական կհնչեցվեր ու կանցներ: Այստեղ ցավալին այն է, որ դա ֆինանսավորում է ԿԳՄՍ նախարարությունը, սուպերնախարարը: Կարեւոր չէ, թե ինչքան է եղել ֆինանսավորումը: Ցավալին երեւույթն է: Եվ այսօր մենք ունենք լավ մտածողության տեր ուսանողներ, որոնք իրենց ազգը գերադասում են ու փողոց դուրս գալիս: Եվ սա քմահաճույք չէ, սա հիմնավորված պահանջ է»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930