Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության նորանշանակ դեսպան Մարիա Կրիստինա վան Կոլդամը (նստավայրը` Թբիլիսի):
Շնորհավորելով դեսպանին՝ նախագահ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ նա առավելագույնը կանի հայ-նիդերլանդական բարձր մակարդակի հարաբերություններն ավելի խորացնելու և ընդլայնելու ուղղությամբ: Նախագահն իր լավագույն բարեմաղթանքներն է փոխանցել Նորին Մեծություն Նիդերլանդների թագավորին ու Նիդերլանդների ժողովրդին:
Դեսպան Մարիա Կրիստինա վան Կոլդամը նշել է, որ Նիդերլանդները շահագրգռված է Հայաստանի հետ փոխգործակցության զարգացմամբ, և, որպես դեսպան, ինքն ամեն ինչ կանի՝ առաջիկայում ևս ամրապնդելու այդ հարաբերությունները: Նա ասել է, որ Հայաստանում եղել է 15 տարի առաջ, իսկ այժմ կփորձի հնարավորինս շատ լինել այստեղ:
Նշելով, որ Հայաստանը դեռ անցյալ դարի 90-ականներից դեսպանություն է ունեցել Նիդերլանդներում՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ եղել է Հայաստանի առաջին դեսպանը և պատիվ է ունեցել հավատարմագրերը հանձնել Նորին Գերազանցությանը: «Նրա հետ մեր բոլոր հանդիպումներից հիանալի հիշողություններ են մնացել»,- նշել է Արմեն Սարգսյանը:
Կարդացեք նաև
Հանրապետության նախագահն ասել է, որ երկու երկրներն ունեն հարաբերությունները զարգացնելու բավականին մեծ հնարավորություն: «Մենք շատ ընդհանրություններ ունենք և շատ բան կարող ենք սովորել միմյանցից,-նշել է նա: -Հայաստանը սերտորեն համագործակցում է ինչպես ԵԱՏՄ-ի, այնպես էլ Եվրամիության հետ՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում: Դա մեր երկրի առավելությունն է: Ինչ-որ առումով մենք հանդես ենք գալիս նաև որպես համագործակցության խաչմերուկ, և այստեղ փոխգործակցության հնարավորությունները մեծ են»:
Զրուցակիցները համակարծիք են եղել, որ երկու երկրները կարող են հաջողությամբ համագործակցել նորագույն տեխնոլոգիաների, ֆինանսական, բանկային սեկտորներում, կարևորվել են մշակութային փոխանակումները: Նախագահ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ Նիդերլանդները նաև իր խորհրդարանական ժողովրդավարության հարուստ փորձով կարող է օգտակար լինել Հայաստանին:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ