Ստամբուլյան կոնվենցիան՝ տեղեկատվական մանիպուլյացիայի առիթ
«…Կոնվենցիան նոր դարաշրջանի հայ ժողովրդի հոգևոր Ավարայրի ճակատամարտն է», – սա հատված է «Իրավունք» թերթի հուլիսի 7-ի համարում հասարակական-քաղաքական գործիչ Խաչիկ Ստամբոլցյանի հետ հարցազրույցից։ Թեման «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին կոնվենցիա»-ն է, այլ կերպ ասած՝ Ստամբուլյան կոնվենցիան։ Խաչիկ Ստամբոլցյանը հուսահատված է՝ «Իրավունք չունես խտրականություն անելու գոմիկի և նորմալ մարդու միջև»։
Արդեն 6-րդ ամիսն է՝ Ստամբուլյան կոնվենցիան իշխանությունների դեմ կիրառվող մանիպուլյացիաների գլխավոր գործիքներից է։ Միտումնավոր խեղաթյուրումների ու փաստերի աղավաղման պակաս չկա. օնլայն և տպագիր մամուլը, սոցիալական ցանցերը գուժում են՝ Ստամբուլյան կոնվենցիան դուռ է բացում այլասերված բարքերի, հայ ընտանիքի ու հայոց եկեղեցու քայքայման, միասեռական ամուսնությունների համար, երեխային կտրում է ծնողներից, փչացնում է մեր ավանդույթները և այլն։ Ընդ որում՝ այս թեմայով «մասնագիտացված» որոշ լրատվամիջոցներ բավականին հեշտ են գտնում մարդկանց, որոնք պատրաստ են խեղաթյուրել իրականությունը, կանխակալ մեկնաբանություններ տարածել ու ատելության խոսքեր շռայլել։ Ահա ևս մի քանի մեջբերում, որ առանձնացրել ենք վերջին ամիսներին։
Ս․ թ․ հուլիսի 9-ի «Իրավունք», էջ 3, «Ովքեր են չարաբաստիկ Ստամբուլյան կոնվենցիայի ջատագովները», հարցազրույց «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանի հետ, որը ասում է. «Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը կողմ են (…) այլասերվածներն՝ իրենց իրավունքների պաշտպաններով, օտարերկրյա գործակալները, մանկապիղծները»։
Կարդացեք նաև
Նույն թերթի նոյեմբերի 5-ի համարի 3-րդ էջում «Երկրի կանխամտածված կազմաքանդում է իրականացվում» վերնագրով հրապարակման մեջ ՀԿԿ կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղարի պաշտոնակատար Երջանիկ Ղազարյանն ասում է. «…սրանով սորոսականները Եվրոպայի խորհրդի հետ միասին փորձում են կազմաքանդել հայ ավանդական ընտանիքը, եկեղեցին և մեր բարքերը, որն ունեցել ենք դարեր շարունակ»։ Նա առավել հեռուն է գնում. «Առաջարկում ենք, որ Հայաստանն ընդհանրապես դուրս գա Եվրախորհրդի կազմից»։
Արդյո՞ք Ստամբուլյան կոնվենցիան իսկապես երկրի և հասարակության համար վտանգավոր դրույթներ է պարունակում՝ փորձեցինք պարզել թեմային առնչվող մասնագետների հետ։
«Դատողություններ անողների մեծ մասն ընդհանրապես ծանոթ չէ փաստաթղթին,- այս համոզմանն է «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը,- երբեմն մարդիկ իսկապես հավատացած են, որ այնտեղ վտանգ կա, դա մի 10 տոկոսն է, բայց մնացածը պարզապես ցինիկաբար օգտագործում է հասարակության զգացմունքները»։ Ըստ Արամ Աբրահամյանի՝ մանիպուլյացիան ունի 2 հիմնական ուղղություն. «Նախ շահարկվում է հետևյալ միտքը, որ ցանկացած դեպքում, ինչ սեռի հետ էլ գործ ունենանք, եթե անգամ սեռը չի հստակեցվում, ապա նույնպես բացառվում է բռնությունը։ Եվ ահա մարդիկ առաջ են բերում «երրորդ սեռի» գոյության վարկածը, մինչդեռ, կոնվենցիայում «երրորդ սեռ» հասկացություն չկա»։ Կրքեր է բորբոքում նաև «զուգընկեր» տերմինը։ Արամ Աբրահամյանը «զուգընկեր» բառի մեջ այլ իմաստ է տեսնում. «Դա շատ պարզ է, որովհետև թե սովետական շրջանում, թե այսօր կան բազմաթիվ զույգեր՝ տղամարդ և կին, ունեն երեխաներ, որոնք ապրում են միասին, սակայն զագսով ամուսնացած չեն, և հենց նրանց մասին է ասվում զուգընկեր»։ Այս առիթով ևս մի մեջբերում անենք. «Հրապարակ», 15 հոկտեմբերի, էջ 3, Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն ասում է. «Կոնվենցիան ընտանեկան բռնություն է համարում նաեւ նույնասեռական զույգի միջեւ տեղի ունեցած բռնությունը։ Սա նշանակում է, որ կոնվենցիան ԼԳԲՏ անձանց անբնական զուգընկերությունը հավասարեցնում է ընտանեկան կարգավիճակին»։
Մինչդեռ՝ փաստաթղթում այդպիսի հավասարեցում գոյություն չունի, և մեջբերված միտքը կառուցված է ակնհայտ խեղաթյուրման և անհիմն ենթադրությունների վրա։ «Իրավունքի Եվրոպա» իրավապաշտպան միավորման նախագահ, փաստաբան Լուսինե Հակոբյանին անհանգստացնում են Արա Զոհրաբյանի դատողությունները. «Նա դրանով ի ցույց է դնում անհամատեղելիությունն իր զբաղեցրած պաշտոնի հետ։ Նրա պնդումները հիմնված են միայն այն տրամաբանության վրա, որ քանի որ միասեռական զուգընկերներին բռնությունից պաշտպանելու համար Կոնվենցիան նախատեսում է ընտանիքի անդամներին բռնությունից պաշտպանելու նույն կառուցակարգերը, ապա Կոնվենցիան նույնականացնում է միասեռական զույգերին ընտանիք հասկացության հետ: Սա առողջ տրամաբանության հետ աղերս չունեցող մեկնաբանություն է»:
Ինչպե՞ս բացատրել այս աղմուկն ի վերջո։ Ըստ Արամ Աբրահամյանի՝ այդ շահարկումները ոչ միայն հեքիաթներ են այն մասին, թե իբր միասեռական ամուսնությունները կթույլատրվեն, այլև՝ դժգոհության արտահայտումը հայ տղամարդկանց այն մասի, որն իսկապես կարծում է, որ իրավունք ունի ձեռք բարձրացնել իր ընտանիքի անդամների վրա։
Լուսինե Հակոբյանն էլ կարծում է, որ Ստամբուլյան կոնվենցիայի քննադատները նախևառաջ նախկին ռեժիմի ներկայացուցիչներն ու նրանց սատարողներն են. «Նրանք ներկայիս իշխանության ցանկացած ձեռնարկ հռչակելով ազգադավ ու ազգակործան դավադրություն` աջուձախ կեղծ տեղեկատվություն են տարածում, այդ թվում` Կոնվենցիայի բովանդակության և դրա ընդունման գործընթացի վերաբերյալ»: Փաստաբանը կարևորում է համապատասխան պետական մարմինների ու պաշտոնատար անձանց, այդ թվում` Մարդու իրավունքների պաշտպանի հանրային իրազեկման գործառույթի արդյունավետ կատարումը, որը կօգնի հասարակությանը ճիշտ տեղեկատվություն ստանալու և ըստ այդմ ձևավորելու օբյեկտիվ կարծիք Կոնվենցիայի մասին:
Իրավիճակի իր բնութագրումն ունի տեղեկատվության անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը. «Ընդհանրապես մի քանի թեմա կա, որ բացի իրենց բուն իմաստից, նաև օգտագործվել են քաղաքական շահարկումների համար։ Մեկը Արցախի հարցն է, որը միշտ քննարկման թեմա է, բայց նաև՝ մանիպուլյացիաների, մյուսը բոլոր այն թեմաներն են, որոնք ինչ-որ ձևով կապվում են սեռականության հետ Հայաստանում։ Այնպես որ, Ստամբուլյան կոնվենցիայի դեպքում զուտ բովանդակային քննարկում շատ քիչ կա, մարդիկ հիմնականում երրորդական–չորրորդական բնույթի նյութեր են վերցնում, որոնք ընդհանրապես կապ չունեն բուն թեմայի հետ և պարզապես առաջ են տանում զուտ քարոզչական թեզեր»։
Հիշեցնենք, Կոնվենցիան ԱԺ օրակարգ կարող է մտնել միայն Սահմանադրական դատարանի ու Կառավարության հավանությունից հետո։
Հասմիկ ԲՈՒԴԱՂՅԱՆ
ԽԱՊԿ փորձագետ