Լրահոս
Օրվա լրահոսը

«Ճանաչում եմ նրա տեսակը». Սիսակ Գաբրիելյանը՝ Արսեն Բաբայանին ազատ արձակելու իր երաշխավորագրի մասին

Նոյեմբեր 12,2019 14:23

Ինչպես հայտնի է, դատախազությունը փոխել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի խափանման միջոցը եւ նա ազատ է արձակվել: Նրա համար անձնական երաշխավորություն են ներկայացրել ինչպես իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը, այնպես էլ «Իմ քայլի» պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը:

Վերջինս լրագրողների հետ զրույցում ասաց, որ Արսեն Բաբայանին ճանաչում է դեռեւս լրագրողական տարիներից. «Ճանաչում եմ նրա տեսակը եւ նաեւ սա մեր քաղաքական թիմի դիրքորոշումն է, որ կալանքը որպես խափանման միջոց պետք է կիրառվի բացառիկ դեպքերում: Ես դիմել եմ անձնական երաշխավորություն տալով, որ Արսեն Բաբայանը չի խուսափի նախաքննությունից ու իրավապահ մարմնի պահանջով կներկայանա: Վճարել եմ համապատասխան գումարը՝ կես մլն դրամ: Քիչ առաջ տեղեկացա, որ դատախազը բավարարել է միջնորդությունը»:

Հարցին՝ ձեր նախաձեռնությա՞մբ եք որոշել նման քայլի դիմել՝ Սիսակ Գաբրիելյանը պատասխանեց. «Քննարկումներ եմ ունեցել իրավաբանների հետ, բնականաբար միանձնյա չեմ ընդունել այս որոշումը, քննարկել եմ քաղաքական թիմիս հետ եւ ըստ էության իրենց դիրքորոշումը համապատասխանում է իմ ներկայացրած միջնորդությանը հետ: Այստեղ որեւէ խնդիր չկա, իմ խորին համոզմամբ նա այս փուլում չի կարող խոչընդոտել գործին»:

Հարցին՝ ի՞նչն է պատճառը, որ կալանքի տակ գտնվող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեպքում անձնական երաշխավորությունը չի կիրառվում, իսկ Արսեն Բաբայանի դեպքում կիրառվեց, Սիսակ Գաբրիելյանը պատասխանեց, որ եղել է նախադեպ, երբ Ռոբերտ Քոչարյանն ազատ է արձակվել Արցախի ներկա եւ նախկին նախագահների անձնական երաշխավորությամբ:

«Ես անձամբ չեմ պատրաստվում անձնական երաշխավորություն տալ Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման համար, քանի որ բարեբախտաբար առիթ չեմ ունեցել իր հետ շփվելու, իսկ Արսեն Բաբայանին ճանաչում եմ եւ սա նաեւ իմ անձնական դիրքորոշումն է»:

Հարցին՝ եթե ճանաչում եք Արսեն Բաբայանին, ի՞նչ եք կարծում՝ նա կարո՞ղ էր փաստաթղթեր կեղծել, Սիսակ Գաբրիելյանը պատասխանեց. «Այո, ես ճանաչում եմ նրան, այդ պատճառով էլ այդ հարցին չեմ պատասխանի»: Նա ասաց, որ Արսեն Բաբայանին քաղբանտարկյալ չի համարում:

Սիսակ Գաբրիելյանը վստահեցրեց, որ մինչեւ երաշխավորագիր ներկայացնելը Արսեն Բաբայանի հետ չի խոսել այդ թեմայով: Հարցին՝ բա եթե չեք խոսել, իրենից երաշխիք չունեք, որ կներկայանա, ի՞նչ վստահությամբ եք այդ քայլին գնացել՝ Գաբրիելյանը պատասխանեց. «Այդ վստահությունը գալիս է նախկինում իրեն ճանաչելուց: Ես հասկացա, որ  հետագայում եթե չլինի դա, ես եմ ընկնում քրեական պատասխանատվության տակ: Կարծում եմ, բանը դրան չի հասնի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930