«Ադեկվատ» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Լիկա Թումանյանը, խոսելով արդեն մի քանի օր ուսանողության եւ հասարակության այլ հատվածների՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջի պատճառների մասին, ասաց. «Ադեկվատ» միաբանությունը տարատեսակ հարցազրույցներում հայտարարել է, որ մենք սատարում ենք բոլոր ուսանողներին ու այն գործիչներին, որոնք համազգային պայքարի են դուրս եկել հակաազգային երեւույթների եւ դրսեւորումների դեմ, որովհետեւ այն ամենը, ինչ այսօր ներկայացվում է որպես կառավարության ծրագիր, իրականում հակաազգային եւ հակապետական դրսեւորումներ եւ ռազմավարություն է:
Քանի որ Արայիկ Հարությունյանի պնդմամբ բոլոր այն մարդիկ, ովքեր դեմ են իրենց նախագծերին, հետադիմական հայացքների կրողներ են, ես ուզում եմ ընդամենը հարցնել. պարոն նախարար, ձեր համար ի՞նչ է նշանակում առաջադիմական, ո՞ւմ համար առաջադեմ, ո՞ւմ դիտանկյունից առաջադեմ, ո՞ր ազգային արժեքները կրող ազգերի եւ պետությունների կողմից եք դուք ուզում լինել առաջադեմ: Այնպիսի տպավորություն է, որ ներկայիս կառավարությունը, մասնավորապես, ԿԳՄՍ նախարարը թելադրություն է գրում արեւմտյան առաջնորդների թելադրանքով եւ փորձում է լավ գնահատական ստանալ, փորձում է լինել լավ աշակերտ: Որովհետեւ մենք այստեղ չենք տեսնում որեւէ պետական եւ ազգային ռազմավարության մշակում, ծրագիր, նախագիծ: Մենք այստեղ տեսնում ենք ցուցումների լիարժեք կատարում՝ առանց մտածելու հետեւանքների մասին»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ