Հայաստանի Հանրապետությունում դատարաններն ամենօրյա հրետանու տակ են. ուղիղ նշանառությամբ կրակում են դատավորների վրա տեղին կամ անտեղին, պատեհ կամ ոչ պատեհ, արժան կամ անարժան մարդիկ։
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը։
– Պարոն Վարդազարյան, այսօր շատ է խոսվում դատավորների նկատմամբ ճնշումների մասին, մասնավորապես Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործի շրջանակում։ Ձեր գնահատմամբ՝ այդպիսիք կա՞ն, թե՞ ոչ։
– Երբ անցյալ տարի ամռանը դատարանը որոշեց կալանավորել Ռոբերտ Քոչարյանին, հնչեց տեսակետ, թե դատարաններին իշխանությունները ճնշել են, թե ոչինչ չի փոխվել, թե հեռախոսային արդարադատություն է իրականացվում եւ այլն, եւ այլն։ Անցավ երկու ամիս, եւ դատավոր Ազարյանը անձեռնմխելիության հիմքով Քոչարյանին ազատ արձակեց։ Եվ ահա, հակառակ կողմը սկսեց ասել, թե նախկինները դատարանների վրա ճնշում են գործադրում, թե դատավորները նախկին իշխանության տակ են աշխատում։ Անցավ որոշ ժամանակ, եւ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը ապօրինի որակեց Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի՝ Քոչարյանին ազատ արձակելու որոշումը, եւ որոշեց նրան նորից կալանավորել։ Էլի սկսեցին քննադատությունները, թե ՀՀ-ում դատական համակարգ գոյություն չունի, թե իշխանությունները ճնշում են, եւ այդպես շարունակ։ Իսկ հնարավոր չէ՞ մի պահ պատկերացնել, որ ոչ այն
Կարդացեք նաև
կողմն է ճնշում, ոչ՝ այս։ Ամեն դատավոր օրենքի շրջանակներում անում է այն, ինչը պատկերացնում է իր իրավագիտակցությամբ։
– Այսինքն՝ որեւէ դատավորի կողմից որեւէ ճնշման ահազանգ երբեւէ չե՞ք ստացել։
– Ստացել ենք, օրինակ, դատավոր Դավիթ Գրիգորյանից, երբ նա դիմեց մեզ՝ ասելով, որ իր նկատմամբ քրեական գործ հարուցելը դիտում է որպես ճնշում։ Այդ ժամանակ ԲԴԽ-ն ուսումնասիրեց նրա դիմումը եւ իր դիրքորոշումը հայտնեց Հատուկ քննչական ծառայությանը այն մասին, որ վերջինս արել է որոշակի գործողություններ, որոնք չէին բխում օրենքից։ Կհիշեք՝ վերջերս դատավոր Դանիբեկյանին էին գիշերով երկու երիտասարդ այնքան մոտեցել, որ դատավորի անձեռնմխելիությունը փոքր-ինչ խախտվել էր։ Ես ինքս գնացել եմ Շենգավիթի դատարան, խոսել եմ իրավապահ մարմինների հետ, եւ առաջին իսկ պահից նրան տրամադրվել է թիկնապահ, որ որեւէ մեկը չկարողանա դատավորին ֆիզիկապես մոտենալ այնքան, որ դա դատավորի նկատմամբ վտանգ ներկայացնի։ Չկա ՀՀ-ում մի դատավոր, որի նկատմամբ ճնշում գործադրվի, եւ ԲԴԽ-ն դրան չարձագանքի։
– Պարո՛ն Վարդազարյան, դատավոր Դավիթ Բալայանի դեպքում այդ ֆիզիկական միջամտությունը չկա՞ր։
– Չգիտեմ՝ դուք նայել եք տեսանյութը թե ոչ, համենայն դեպս, իհարկե, Դավիթ Բալայանին փորձեցին պատուհանից ներս չթողնել, բայց անձրեւ էր, եւ Դավիթ Բալայանի ոտքը սայթաքեց։ Թեեւ միեւնույն է, եթե մի պահ ընդունենք, որ Դավիթ Բալայանը միշտ է պատուհանից մուտք գործում, ոչ ոք իրավունք չունի նրան խանգարել. ֆիզիկական միջամտություն չպիտի լինի: Այնքան իրավունք չունեն դատարանին մոտենալ, որ դատարանը վտանգ չզգա, ուր մնաց՝ ֆիզիկական միջամտություն լինի:
Միլենա ԽԱՉԻԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում